Մինչեւ մայիսի 5-ը

01/05/2012

Ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական շտաբի եւ ՀՀ քաղաքագետների միության աշխատակազմը երեկ տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել միասնական շտաբին անդամակցող ԲՀԿ եւ ՀՅԴ պատգամավորների հայցադիմումը: Հայցադիմումը, որով Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիման վրա պահանջվում է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, ՍԴ-ն կքննարկի մինչեւ խորհրդարանական ընտրությունները` մայիսի 5-ին, առավոտյան ժամը 10-ին: Հավելենք, որ հայցադիմումի բավարարման դեպքում մայիսի 6-ին կայանալիք քվեարկությունից հետո բոլոր ընտրատեղամասերում կհրապարակվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների անվանացուցակները, ինչը մեծապես կնպաստի ընտրական գործընթացի մասնակիցների ճշգրիտ թվաքանակի բացահայտմանը, ընտրությունների արդյունքների հանրային արժանահավատությանը: