«Վերջապես մենք պետք է կարողանանք ձեւավորել իշխանություններ, որոնց նկատմամբ վստահության պակաս չկա: Իսկ ազնիվ, արդար, լավ ընտրություններով ընտրված իշխանությունները շատ ավելի մեծ գործ կարող են կատարել»,- երեկ Կոտայքի մարզում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Ուշագրավ է, որ հատկապես Կոտայքի մարզի բնակիչներին Ս. Սարգսյանը խորհուրդ է տվել լավ մտածել, թե ում օգտին են քվեարկում: «Ամսի 5-ը լռության օր է: Ամսի 5-ին բոլորիդ կոչ եմ անում հանգիստ, հանդարտ մտածել, տեսնել` ով ձեզ ինչ խոստացավ եւ ընդհանրապես խոստացողն ով է: Եվ եթե տեսնեք, որ խոստացողը մարդ է, որն ունի լավ ճանապարհ անցած, կամ էլ մեկը, որ չգիտի, թե ինչ է իշխանություն, իրեն թվում է, թե իշխանությունը վայելք է, իրեն թվում է, թե եթե ինքը երկրի նախագահ է, ապա թագավոր է, թագավորի պես պետք է ապրի, ապա խնդրում եմ մեկ անգամ եւս մտածել»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը: