Ապրիլի 30-ին ՀՀ Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի մերձակայքում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի դիտարկումը: Ըստ ՊՆ-ի` հայկական կողմից դիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն: Մինչ դիտարկումը ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել է հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե Աբերլեն եղել են նաեւ ՀՀ Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում, լուսանկարահանման եւ տեսագրման միջոցով արձանագրել են ապրիլի 25-ին ադրբեջանական կողմից գյուղի գնդակոծման հետքերը: Նախքան Դովեղ գյուղ այցելելը ԵԱՀԿ գործող նախագահի ներկայացուցչի դաշտային օգնականները ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչների ուղեկցությամբ եղել են ապրիլի 26-ին պայմանագրային երեք զինծառայողների զոհվելու վայրում` Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում, Բերդի ռազմական ոստիկանությունում մանրակրկիտ զննել են հարձակման ենթարկված մեքենան եւ նկարահանել են այն: