Առանց թշնամության

01/05/2012

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել Ավան վարչական շրջանի բնակիչների հետ, որտեղ կոչ է արել ներկաներին` քվեարկել մեծամասնական ընտրակարգով առաջադրված ՀՀԿ-ական թեկնածու Ռուբեն Հայրապետյանի օգտին:

«Ես կոչ եմ անում ձեզ ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, ինչպես նաեւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանին»,- ասել է Ս. Սարգսյանը: Նաեւ կոչ է արել ընտրությունների օրը լինել ակտիվ, սակայն թշնամություն չանել, քանի որ մայիսի 6-ը «աշխարհի վերջին օրը չէ»: «Ես ձեզ կոչ եմ անում մայիսի 6-ը չհամարել մի շատ կարեւոր օր, չհամարել կենաց ու մահվան կռվի ավարտ կամ սկիզբ, չավելացնել թշնամությունը, այլ ուղղակի ակտիվորեն մասնակցել մեր երկրի խորհրդարանի ձեւավորմանը: Այդ ընտրությունները մեզ համար պետք է լինեն համերաշխության ընտրություններ եւ ոչ թե թշնամանքի ավելացման ընտրություններ: Մենք պետք է գիտակցենք, որ այդ ընտրությունները, իրոք, մեր երկրի համար կարող են ունենալ որոշիչ նշանակություն, բայց ամենից կարեւորը մեր միասնությունն է: Այո, այդ օրը որոշվելու է, թե որ քաղաքական ուժն է Հայաստանում կառավարելու, որ քաղաքական ուժն է ձեւավորելու կառավարություն, բայց, նորից եմ կրկնում, այդ օրն աշխարհի վերջը չի լինելու: Գալու է մայիսի 7,8,9-ը, կյանքը շարունակվելու է, եւ շատ լավ կլինի, որ մեր կյանքը շարունակվի ավելի հանդարտ, հանգիստ պայմաններում։ Մայիսի 6-ին հաջորդելու են մյուս օրերը, եւ չպետք է թշնամություն մտնի մեր հասարակության մեջ: Ես արդեն շատ տեղեր եմ եղել, եւ բնակիչների հետ ենք հանդիպել: Խնդիրները շատ-շատ են, եւ դրանք արդեն իսկ լուծման ճանապարհին են: Մենք ասում ենք` ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրիս համար, եւ գալու է այդ օրը: Նախորդ հինգ տարիներին մենք չենք ծուլացել եւ աշխատել ենք, մենք շարունակելու ենք աշխատել` հանուն մեր բնակչության»,- ասել է Ս. Սարգսյանը: