Ընտրեք այն ուժին, որը ձեր մատից փուշ է հանելու»

01/05/2012

«Օրինաց Երկիր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում` նախօրեին եղել է Շենգավիթ համայնքում: ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանը հավաքվածներին ներկայացրել է կուսակցության մոտեցումներն եւ ծրագրերը, որոնցով պատրաստվում են մուտք գործել խորհրդարան:

Ելույթ է ունեցել նաեւ ՕԵԿ կուսակցության փոխնախագահ, ԱԺ-ում «Օրինաց Երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը, ով նաեւ կուսակցության կողմից Շենգավիթ համայնքում առաջադրվել է մեծամասնական ընտրակարգով: Նրա խոսքով` որպես այդ համայնքում «ծնված ու մեծացած մարդ», ծանոթ է շենգավիթցու բոլոր խնդիրներին եւ հոգսերին։ «Ես ձեր կողքին եմ, որպես ձեր զավակ, որպես շենգավիթցի, ուզում եմ ասել` աջակցեք եւ սատարեք ինձ, ես պատրաստ եմ պայքարել հանուն ձեր խնդիրների լուծման, քանի որ իմ թիկունքին ունեմ հզոր քաղաքական ուժ, հզոր քաղաքական ուժի հզոր ղեկավար»,- ասել է նա:

Իսկ Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, թե ՕԵԿ-ը հետեւողական է շարունակելու կիսատ մնացած գործերը` ընդգծելով մահացած մարդկանց ավանդներն իրենց ժառանգներին օրենքի ուժով վերադարձնելու ուղղությամբ կուսակցության ջանքերը: Ըստ Արթուր Բաղդասարյանի` ՕԵԿ-ն առաջարկում է նաեւ նոր գաղափարներ եւ ծրագրեր տարբեր ոլորտներում: Որպես կարեւորագույն խնդիր` նա առանձնացրեց զբաղվածության` աշխատատեղերի ստեղծման խնդիրը. «Մենք առաջարկում ենք ստեղծել հատուկ պետական հանձնաժողով աշխատատեղերի ստեղծման ռազմավարություն մշակելու եւ հատուկ գործիքներ կիրառելու համար, որպեսզի Հայաստանում աշխատատեղերի ստեղծման գործընթացը տեղի ունենա կազմակերպված ձեւով` ըստ տնտեսության ճյուղերի, ըստ ոլորտների, որպեսզի հստակ կարողանանք ամրագրել, թե յուրաքանչյուր տարի ինչքան աշխատատեղ է ստեղծվելու»,- հայտարարել է Ա. Բաղդասարյանը: Նրա խոսքով` վերջին տարիներին Հայաստանի արդյունաբերական ձեռնարկությունների շատ սեփականատերեր տարիներով ոչ մի ներդրում չեն կատարել եւ ոչ մի աշխատատեղ չեն ստեղծել` ասելով. «Մենք առաջարկում ենք պետության մասնակցությամբ ուսումնասիրել յուրաքանչյուր ձեռնարկություն, անհրաժեշտության դեպքում ցուցաբերել կոնկրետ պետական աջակցություն` ծնկի եկած ձեռնարկությունները ոտքի հանելու համար»:

Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է նաեւ մի շարք այլ ծրագրերի` եվրոպական քաղաքների օրինակով օրենքի ուժով խոշոր սուպերմարկետների թվի սահմանափակում` ըստ բնակչության թվի, հարազատների կողմից դատապարտյալներին տեսակցելու սահմանափակումների վերացում, թեթեւ հանցագործությունների դեպքում այլընտրանքային պատիժների կիրառում եւ մի շարք այլ մոտեցումների: «Ակտիվորեն մասնակցեք ընտրություններին, ընտրեք այն մարդուն, ով ձեր մատից փուշ է հանելու, զբաղվելու է ձեր խնդիրներով, մարդկանց հոգսերը դարձնելու է առաջնահերթ պայքարի առարկա: Միացեք մեզ, աջակցեք մեր պայքարին, որպեսզի մեր երկիրը տանենք առաջ»,- հանդիպման վերջում կոչ է արել Արթուր Բաղդասարյանը: