Մահացածները` թիվ 4 ընտրատարածքի ընտրացուցակներում

01/05/2012

ՀԱԿ անդամ, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել է նաեւ Երեւանի թիվ 4 ընտրատարածքում, երեկվա ասուլիսում հայտարարել է, թե իր նախընտրական շտաբը Արաբկիր համայնքի ընտրացուցակների ուսումնասիրության արդյունքում պարզել է, որ ցուցակներում ընդգրկվածների առնվազն 15 տոկոսը մշտապես բացակայում է Հայաստանից: Ըստ նրա` որպես բացակայող, չեն հաշվել այն բնակարաններում գրանցվածներին, որոնց դռները փակ են գտել, եւ վերջերս արտագնա աշխատանքի մեկնածներին, ովքեր հնարավոր է` վերադառնան: «Արաբկիրի բնակչության (որը, երաշխավորում եմ ձեզ` ամենաքիչ արտագաղթած համայնքներից է) բացակաների թիվը կազմում է մինչեւ 20 տոկոս»,- ասել է նա: Նաեւ հավելել է, թե` «Օպերատիվ վիճակը թույլ է տալիս ցանկացած մարդու տվյալները 5 րոպեում ճշտել` Հայաստանում է, թե Հայաստանում չէ»: Ի դեպ, երեկ Ա. Մանուկյանը հայտարարել է նաեւ, թե իր շտաբը դիմել է ՀՀ ոստիկանություն` մահացածների անունները ցուցակներից հանելու համար. դրանցում 150 մահացածներ են հայտնաբերվել Արաբկիրի ընտրողների ցուցակներում:

Երեկ, սակայն, ավելի ուշ այս առնչությամբ հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, որով տեղեկացնում է. «Ապրիլի 29-ին Անձնագրային եւ վիզաների վարչություն ներկայացվել է ոչ թե 150, այլ 105 մահացած անձանց վերաբերյալ տվյալ: Ցուցակը առձեռն ստորագրությամբ թիվ 4 ընտրատարածքի պատգամավորի թեկնածու Արամ Մանուկյանի լիազոր ներկայացուցչից ստացել է Անձնագրային եւ վիզաների վարչության իրավաբանական բաժնի պետը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ընտրացուցակները հրապարակելուց հետո ցուցակում նշված 36 անձանց անհատական տվյալներն արդեն իսկ հանված են եղել բնակչության պետական ռեգիստրից: Մյուս անձանց տվյալները նույն օրը փոխանցվել են Արաբկիրի անձնագրային ծառայությանը` տեղամասային տեսուչների միջոցով ստուգումներ իրականացնելու համար: Դիմումատուին կպատասխանվի ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում»: