ՀՅԴ-ն աջակցելու է Սաթիկ Սեյրանյանին

01/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Այստեղ վերջին մի ճակատամարտի դուրս չենք եկել: Բոլորս մեր երկրի քաղաքացիներն ենք, եւ պետք է կարողանանք քաղաքակիրթ մրցակցության կանոնները պահպանել, որովհետեւ ընտրություններն ավարտվելու են, եւ մենք նորից ապրելու ենք կողք կողքի»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ բյուրոյի անդամ, կուսակցության նախընտրական քարոզարշավի համակարգող Աղվան Վարդանյանը: Վերջինիս խոսքով` ՀՅԴ-ն այլ քաղաքական ուժերի հետ բանավեճերի հնարավորություն չունեցավ, քանի որ շատերը հրաժարվեցին բանավիճելուց: Բանախոսն անդրադարձավ նաեւ կուսակցության` հասարակության բոլոր շերտերին ուղղված հիմնարար ծրագրին` նկատելով, որ որեւէ քաղաքական ուժ չփորձեց բանավեճի միջոցով ներկայացնել իր ծրագիրը: Ա. Վարդանյանի հաջորդ դիտարկումը վերաբերում էր ԶԼՄ-ներին, որոնց բացարձակ մեծ մասն, ըստ նրա, ուղղորդվում է մի կենտրոնից: Իսկ այդ կենտրոնը, Աղվան Վարդանյանի համոզմամբ, ՀՀ նախագահի նստավայրն է: «Ցավում եմ նաեւ այն ուղղորդված սոցհարցումների համար, որոնք փորձում են որոշակի հոգեբանական ֆոն, մթնոլորտ ստեղծել: Նախորդ ընտրությունների ժամանակ էլ` 2007թ.-ին, ընտրություններից 1 շաբաթ առաջ, սոցհարցումներ էին անում, եւ էլի ասում էին, որ Դաշնակցությունը 5-5,5% քվե ունի»,- ասաց Ա. Վարդանյանը, ում փոխանցմամբ` չնայած նշյալ սոցհարցումներին, 2007թ. ՀՅԴ-ն ստացավ քվեների 13,5%-ը: Ըստ վերջինիս` սոցհարցումներով ուղղորդումները որեւէ բան չեն կարող փոխել իրականության մեջ, բացի այն հանգամանքից, որ մարդկանց որոշակի խումբ հաճույք է ստանում նման քայլերից: «Իրենք իրականում մեծ հաշվով այս երկրի հոգսերով չեն ապրում, այս երկրի ապագայով չեն ապրում, իրենք ուրիշ խնդիր են լուծում: Մեղքն իրենց վիզը»,- նշեց Ա. Վարդանյանը` անդրադառնալով իրենց կուսակցության հասցեին արվող շահարկումներին, որոնք, նրա ասելով, եղել են բոլոր տարիներին: Չնայած դրան, Ա. Վարդանյանը համոզված է, որ նման շահարկումներն անտեղի են, քանի որ ՀՅԴ-ն ապացուցել է անհատականությունների եւ կազմակերպված կառույցի` թիմ լինելու հանգամանքը: Նրա փոխանցմամբ` այսօր Հայաստանում կան առավելագույնը 6000- 6500 դաշնակցականներ, իսկ 2007թ. խորհրդարանական ընտրություններին նշյալ կուսակցությունը ստացել է 178.000 քվե: «Այն կուսակցությունները, որոնք հայտարարում են իրենց հարյուր հազարավոր անդամների մասին, իրենց խնդիրն է, իրենց իրավունքն է, բայց փորձել Դաշնակցության մեջ պառակտում մտցնել, չի հաջողվել ոչ մեր արտաքին թշնամիներին, ոչ մեր ներքին մրցակիցներին»,- ասաց Ա. Վարդանյանը` ավելացնելով, թե ՀՅԴ-ն «ամենակարգին ընդդիմությունն է»: «Փորձում են այնպիսի տպավորություն ստեղծել, թե ընդդիմությունը միայն նա է, ով գիշեր-ցերեկ հայհոյում է, փողոցներից դուրս չի գալիս, ամեն ինչ անում է, որ միայն ինքը գա իշխանության, երկիրը տանում է ցնցումների, դժվար վիճակների մեջ է կանգնեցնում: Դա իրական ընդդիմությունը չէ, դա ուրիշ բան է: Այսօր Հայաստանում Դաշնակցությունն ամենաիսկական, ամենակարգին ընդդիմությունն է, եւ սա, կարծում եմ` մեր հասարակությունը հրաշալի հասկանում է»,- ասաց Վարդանյանը` իր հաջորդ հայտարարությունը ներկայացնելով որպես ուրախալի լուր: «Մենք քննարկել ենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ ընտրատարածքներ: Մենք, բնականաբար, ամեն ինչ անելու ենք, որ մեր մեծամասնական թեկնածուները, որտեղ որ հնարավոր է, հաջողեն, բայց Արաբկիրի թիվ 4 ընտրատարածքում Դաշնակցությունն աջակցելու է ձեր գործընկեր, «168 Ժամ» թերթի խմբագիր Սաթիկ Սեյրանյանին: Շատ պարզ պատճառով: Դրա համար ասում եմ` ձեր աչքը լույս, որովհետեւ լրագրող է, որովհետեւ այնտեղ ունենք մի քանի թեկնածուներ: Թեկնածուներից մեկը Հանրապետական կուսակցության պաշտպանյալ Արտակ Սարգսյանն է, որին բոլորդ գիտեք այլ անունով, որն ամբողջ հանրապետությունում հայտնի է իբրեւ «ՍԱՍ»-ի Արտակ: Բնականաբար, մեր վերաբերմունքը պարզ է այդպիսիների նկատմամբ: Մենք դեռ ունենք երկու այլ թեկնածուներ, մեկը` ՀՀՇ-ի այսօրվա նախագահ, ՀԱԿ-ի համամասնական ցուցակի 4-րդ համարը` Արամ Մանուկյանը, որը թող պատգամավոր դառնա, խնդիր չենք տեսնում: Այնտեղ ունենք «Ժառանգությունից» շատ ակտիվ հասարակական գործիչ Զարուհի Փոստանջյանը, որը «Ժառանգության» համամասնական ցուցակի 3-րդ համարն է, եւ հաջողություն ենք մաղթում նրան, թող պատգամավոր դառնա: Սաթիկ Սեյրանյանն անկուսակցական թեկնածու է, ինքն է առաջադրվել, անկախ մարդ է, եւ կարծում եմ` իր պես պրոֆեսիոնալ լրագրողի ներկայությունը Ազգային ժողովում միայն դրական կարող է լինել, ահա թե ինչու ՀՅԴ-ն այս ընտրատարածքում սիրով աջակցելու է Սաթիկ Սեյրանյանին»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը, ում համոզմամբ` Ս. Սեյրանյանը հաղթելու է նշյալ ընտրատարածքում: «Այն, ինչ տեսնում եմ Արաբկիրում, կարծում եմ` Սաթիկ Սեյրանյանի շանսերը բավական բարձր են բազմաթիվ գործոններով պայմանավորված: Կարծում եմ` եթե Սաթիկն այս ընթացքում ավելի ինտենսիվ աշխատի, բոլոր հնարավորություններն ունի հաղթելու պարոն Արտակ Սարգսյանին եւ մյուսներին»,- ավելացրեց Ա. Վարդանյանը: Վերջինս անդրադարձավ նաեւ հետընտրական հնարավոր զարգացումներին` եւս մեկ անգամ շեշտելով ընտրությունների ազատ, թափանցիկ անցկացման անհրաժեշտությունը: «Աստված չանի, եւ ես հորդորում եմ բոլոր, հատկապես, հիմնական դերակատար ուժերին, չլինի այնպիսի բան, որ մեր երկիրը նորից հայտնվի ցնցումների մեջ, նորից վերադառնանք 4 տարի առաջվա վիճակին, որ մեր երկիրն ընկնի միջազգային արտաքին ճնշման տակ, տարիներ շարունակ մեր երկիրը թուլանա, եւ մենք չկարողանանք զբաղվել մեր տունը կարգավորելով»,- նկատեց Ա. Վարդանյանը: