Թեժ պայքար` Մաշտոցի պուրակում

01/05/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Երեւանի Մաշտոցի պուրակի տաղավարների տեղադրման դեմ պայքարն օրեցօր ավելի է թեժանում: Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ՀՀ ոստիկանությունը բռնություն է գործադրել պուրակի համար պայքարող ակտիվիստների նկատմամբ:

Հիշեցնենք նաեւ, որ նշյալ օրը «բուտիկներն» ապամոնտաժող բրիգադը պատրաստվում էր ապամոնտաժել կրպակները, երբ ՀՀ փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հորդորել էր նրանց «ապօրինի» գործողություններից զերծ մնալ եւ բախումների տեղիք չտալ: Չնայած այդ «բարեկիրթ» կոչերին, ըստ ակտիվիստների, ոստիկանները հարձակվել էին նրանց վրա` ակտիվիստներից ոմանց պատճառելով ֆիզիկական վնաս: Նույն օրը Ոստիկանությունը ձերբակալել էր 7 ակտիվիստների, որոնց ժամեր անց ազատ էր արձակել: Պուրակի համար պայքարող ակտիվիստներից Եղիա Ներսիսյանի խոսքով, ով նաեւ նշյալ ձերբակալվածների թվում էր` իրենց ձերբակալությունն ապօրինի էր: «Դա անօրինական էր, ինչը նաեւ ասացին մեր իրավաբանները: Մեզ ասացին, որ մենք ոստիկանների նկատմամբ բռնի ուժ ենք գործածել: Իրենք բացարձակ ոչ մի հիմք չունեին մեզ ձերբակալելու»,- ասաց Ե. Ներսեսյանը: Վերջինս ոստիկանների բախման հետեւանքով վնասվածք էր ստացել, ինչը մինչ օրս դեռ անհանգստացնում է ակտիվիստին: «Ինձ տարել-բերել քացով տվել էին: Ես գետնին էի, ինքը ոտքով հարվածեց ինձ` լյարդիս կողմը հարվածեց: Շտապօգնությունն իրենք կանչեցին, ես վատ էի ոստիկանական բաժանմունքում: Հետո բժշկուհու վրա գոռացին, ասացին` սուս մնացեք: Բժշկուհին ասաց, որ ինձ պետք է տանեին հիվանդանոց: 3 ժամից ավելի մեզ պահեցին, հետո շտապօգնության մեքենայով մեզ տարան հիվանդանոց: Փառք Աստծո, ինձ մոտ ներքին արյունահոսություն չկար»,- նշեց բնապահպան-ակտիվիստը: Հարցին, թե ոստիկանների, մեղմ ասած, վայրագ գործողությունների պատճառը ո՞րն էր, նա պատասխանեց. «Իրենք չեն թողնում մենք վրան խփենք: Չեն թողնում, եւ վերջ: Իրենք ոչ մի օրինական փաստաթուղթ ցույց չեն տալիս: Եթե հիշում եք, երբ Մարդու իրավունքների պաշտպանը եկել էր այգի, ասաց, որ խաղաղ ցուցարարը կարող է մեկ վրան դնել: Մենք այդ մեկ վրանը դրել էինք, եւ իրենք եկան, առանց զգուշացնելու հարձակում իրականացրեցին մեզ վրա` քաշքշոց, տփոցի: Ոչ միայն 7 հոգուն են վնասել, որոնց ձերբակալել էին, այլեւ շատերին: Ահագին մարդ ձեռքից-ոտքից վնասվածք է ստացել»: Եղիայի ասելով` Ոստիկանության նման գործողություններն անսպասելի չէին իրենց համար: Բնապահպան-ակտիվիստներից Գեւորգ Սաֆարյանն էլ նկատեց, որ իրենց ոստիկանական բաժանմունք էին տարել իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժ կիրառելու կասկածանքով: «Իրականում բոլոր վիդեոներում երեւում է, որ Ոստիկանության հատուկ նշանակության ջոկատը կազմակերպված կերպով հարձակվեց խաղաղ ակտիվիստների վրա, եւ մի շարք ակտիվիստների բավական լուրջ վնասվածքներ պատճառեցին, ընդհուպ` վնասվել է մեկի ծնոտը, եւ բժշկի ասելով` ծնոտը կոտրվել է,- նշեց Գեւորգը` շարունակելով,- Ինձ եւս Ոստիկանությունը բերման էր ենթարկել` կասկածանքով, որ ուժ եմ կիրառել: Իրականում դա աբսուրդ էր, որովհետեւ հենց բերման պահին ես ձեռքերս բարձրացրած, ափերս վերեւ, ակնհայտ ցույց էի տալիս, որ ես ուղղակի կանգնած եմ տեղում: Ոստիկանն ուղղակի ինձ ասաց` սրան եւս տարեք, ու ինձ մտցրեցին մեքենա եւ տարան»: Գեւորգը եւս անսպասելի չհամարեց Ոստիկանության նման կեցվածքի դրսեւորումը: «Ոստիկանությունից սպասում ենք նաեւ ամենաանմարդկային, անօրինական գործողությունների: Մեր Ոստիկանությունը բազմիցս ապացուցել է, որ ի վիճակի է անգամ սպանել ՀՀ քաղաքացիներին: Բայց մի քանիսի մոտ հույսեր կային, որ Ոստիկանությունը փոխվել է: Երեկ Ոստիկանությունն ապացուցեց, որ ոչինչ չի փոխվել Ոստիկանությունում, Ոստիկանությունը միշտ պատրաստ է անել ամեն ինչ, ինչպես Մարտի 1-ին: Ոստիկանությունը միշտ պատրաստ է ՀՀ քաղաքացիներին զոհ դնելու մի քանի օլիգարխի շահերին, եւ ոստիկաններից մենք այլեւս սպասում ենք ամեն անօրինականություն»,- ասաց Գեւորգը, ում կարծիքով` պայքարն ավելի կթեժանա: Նա նաեւ համոզված է, որ հասարակությունը` տեսնելով հիշյալ դեպքերը, այլեւս վստահ է, որ մեր երկրում ոչինչ դեռեւս չի փոխվել: Վերջինիս փոխանցմամբ` Ոստիկանության գործողությունները ղեկավարում էին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը եւ փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը: Իսկ Սիրանուշ Բաղդասարյանն էլ ընդգծեց, որ իրենք խաղաղ հավաք էին կազմակերպել, եւ քաղաքացիական իրավունքի համաձայն` վրան էին բացել եւ խաղաղ ցույց էին կազմակերպել:

Ի դեպ, նշենք նաեւ, որ ապրիլի 29-ին բնապահպան-ակտիվիստները բաց նամակ էին ուղղել միջազգային կազմակերպություններին, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Մինչ օրս Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը եւ Եվրոպայի խորհուրդը որեւէ կերպ չեն արձագանքել մեր բաց նամակին եւ անտարբերություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակում Ոստիկանության կողմից կատարված բռնությունների նկատմամբ: ԵԱՀԿ գրասենյակի նախաձեռնությամբ սույն թվականի ապրիլի 18-ին տեղի ունեցավ հանդիպում Մաշտոցի պուրակի նախաձեռնությունների անդամների եւ ԵԱՀԿ ներկայացուցիչների միջեւ: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները նշեցին, որ չնայած իրենց կարծիքով` Ոստիկանության վարքագծի եւ վարվելակերպի միջեւ կան փոփոխություններ, սակայն նրանք եւս գտնում են, որ ոստիկանների ներկայությունը Մաշտոցի պուրակում գտնվող ակտիվիստների համեմատ անհամաչափ է: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները նշեցին նաեւ, որ վրանի հեռացնելը Ոստիկանության կողմից համապատասխան արձագանք չէր, եւ դրա անհրաժեշտությունը պարզապես չկար: ԵԱՀԿ-ի ներկայացուցիչների հետ Ոստիկանության Հասարակական կարգի պահպանման վարչության ունեցած հանդիպման ընթացքում Ոստիկանության աշխատակիցները եւս ընդունել են, որ վրանի հեռացման անհրաժեշտություն չկար»: Ակտիվիստները նաեւ կոչ են արել միջազգային կազմակերպություններին` ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին եւ այլոց, անմիջապես կասեցնել Ոստիկանության հետ իրականացվող բոլոր ծրագրերը, քանի դեռ կատարված բռնությունների եւ անօրինականությունների համար պատասխանատվության չեն ենթարկվել բոլոր մեղավորները, այդ թվում` բարձրաստիճան հրամանատարական կազմը: