Մեկն էլ լինի՝ փրկարարներին փրկի

03/12/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Այս կոսմետիկ փոփոխությունները դժվար թե սույն ծառայությանը որեւէ օգուտ տան, բայց որ ղեկավարները որոշել են այս ոլորտը տեխնիկական, իրավական, կադրային առումով զինել, մեզ ոչ միայն տեղեկացնում, այլ հավատացնում է ԱԻՎ պետի տեղակալ Վրեժ Գաբրիելյանը: Իսկ այն, որ մեր փրկարարները, մասնավորապես՝ հրշեջ-ծառայողները ուշ են դեպքի վայր հասնում, կամ դեպքի վայր հասնելուց հետո պարզում են, որ մեքենան անսարք է, ջուր չունեն, բենզին չունեն, պարոն Գաբրիելյանը բացատրում է բավարար միջոցների բացակայությամբ: 2005թ. ԱԻՎ 3467 աշխատողների վարձատրության եւ ոլորտի սպասարկման աշխատանքների համար բյուջեն հատկացրել է 1մլրդ 683 մլն դրամ, որը բավարարել է միայն գոյատեւելու համար: Վերջերս մոտ 13.000 դրամ աշխատավարձ ստանալու համար մի փոքր ըմբոստացել էին հրշեջ-ծառայողները, որից հետո նրանց վարձատրության չափը հասավ ընդամենը 20-25.000 դրամի: Պարոն Գաբրիելյանն ասում է, որ վերջին մեքենան ստացել են 1989թ., եւ միայն այս տարի են կարողացել Ֆրանսիայից 10 օգտագործված հրշեջ-մեքենաներ ներկրել՝ վճարելով դրանց միայն տեղափոխման համար: Իսկ եղած 150 մեքենաների վիճակն անմխիթար է: Ճիշտ է, պարոն Գաբրիելյանն ասում է՝ հնարավոր չէ ամեն մի խոտի դեզի կողքին մի հրշեջ-ծառայող կանգնեցնել, բայց ինչպե՞ս դա բացատրել, օրինակ, Լոռու մարզի Լեռնահովիտ գյուղի բնակիչ Գ. Հայրապետյանին, երբ նոյեմբերի 22-ին, ժամը 02.30-ի սահմաններում այրվել է նրա 16 տոննա խոտը: Կամ ինչպե՞ս դա բացատրել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչ Օ. Հարումյանին, երբ հոկտեմբերի 29-ին, ժամը 05.20-ի սահմաններում բռնկված հրդեհից այրվել է նրա 200 քմ տունը, իսկ հրշեջ մեքենաներին հաջողվել է արդեն այրված տունը հանգցնել միայն առավոտյան ժամը 10-ին: Այ, որ նոր տեխնիկա գնեն եւ նոր կադրեր պատրաստեն, վիճակը մի քիչ կլավանա՝ հավատացնում է պարոն Գաբրիելյանը:

2006թ. բյուջեում ՀՓԾ-ին հատկացվելիք գումարն ավելացել է՝ 2 մլրդ 900 մլն 783 հազար դրամ, այսինքն՝ անցած տարվա համեմատ գրեթե կրկնակի: Կարելի է մտածել, որ որոշ չափով տեխնիկա էլ կգնեն, կադրեր էլ կպատրաստեն: Բայց արի ու տես, որ այդ գումարից մոտ 1,6 մլրդ-ը (նախորդ տարվա իրենց բյուջեի գրեթե ամբողջ չափով) նախատեսվում է որպես աշխատավարձ: Տեխնիկա կամ մեքենաներ գնելու մասին ընդհանրապես խոսք չկա: Միայն 60 մլն դրամ նախատեսված է ինչ-որ գույք եւ սարքավորումներ գնելու համար, իսկ մնացածը՝ փափուկ կահույքի, դեղորայքի, հագուստի, կոմունալ վճարների ու էլի մանր-մունր ծախսերի համար: Իրոք, որ վերափոխումը կամ բարեփոխումը կոսմետիկ է: Միգուցե ՀՓԾ ղեկավարությունը որոշել է նախ բարձր աշխատավարձերո՞վ բարձրացնել հրշեջ ծառայողների «մարտական ոգին», հետո նոր անցնել տեխնիկական զինվածությանը: Հնարավոր է: Մանավանդ գաղտնիք չէ, որ հրշեջ ծառայողը հաճախ դեպքի վայր հասնելուց անմիջապես հետո այրվող տան տիրոջից գումար է պահանջում, հետո նոր անցնում գործի: Որքան էլ ոլորտի պատասխանատուները հավաստիացնեն, որ իրենց ծառայությունն անվճար է, միեւնույն է` այս երեւույթը կա: Ընդ որում, հրշեջ ծառայողին էլ բարոյապես հնարավոր չէ դրանում մեղադրել: «Քուր ջան, ես ընտանիք ունեմ եւ ստանում եմ ասենք՝ 25.000 դրամ,- ասում է մի երիտասարդ հրշեջ, որի անունը չենք նշում: -Կարո՞ղ ես ասել՝ իմ ընտանիքը քանի՞ օր կապրի այդ գումարով: Ես հասկանում եմ, որ արդեն տուժած մարդուց գումար վերցնելն անբարոյականություն է, բայց ես պիտի ապրեմ, որ նրա հարեւանի տունն էլ փրկեմ: Բա ո՞նց անեմ»:

Այս տեսակետից, թերեւս, արդարացված է աշխատավարձի ֆոնդի ավելացումը: Իսկ ո՞ւր մնաց մեքենաների ու տեխնիկայի հարցը: Միգուցե կառավարությունն իր «այլ կարգի ծախսերի՞ց» միջոցներ կհատկացնի եւ ֆրանսիաներից նորից օգտագործված մի քանի մեքենաներ կներկրեն:

ՀՓԾ կոսմետիկ փոփոխություններից մեկն էլ Հրշեջ տեսչության կանխարգելող եւ հրդեհամարող ծառայությունների տարանջատումն է: Պարոն Գաբրիելյանն ասում է, որ արդյունավետ աշխատելու համար սա հարմար տարբերակ է: «Եթե հրդեհ բռնկվի եւ հետաքննությունից հետո պարզվի, որ պատճառը անվտանգության նորմերի խախտումն է, կպատժվի խախտողը, որը կարող է մեր կանխարգելող ծառայությունը լինի, կամ էլ՝ տվյալ վայրի իրացնողն ու օգտագործողը,- բացատրում է պարոն Գաբրիելյանը: -Ցածր է նաեւ խախտման դեպքում գանձվող տուգանքների չափը: Խախտողը պիտի գիտակցի, որ իր թույլ տված սխալի դեպքում ուրիշին վնաս պատճառելուց բացի, մեծ գումարով կտուգանվի նաեւ ինքը: Այս դեպքում նա հաստատ զգույշ կլինի»:

Հակահրդեհային տեսչության կանխարգելող ծառայությունը բավական հետաքրքիր կառույց է. առանց այս կառույցի համապատասխան եզրակացության` ցանկացած տիպի շինարարություն հնարավոր չէ իրականացնել: Բնականաբար, արտակարգ իրավիճակներից խուսափելու համար շինարարն անպայման պետք է պահպանի հակահրդեհային բոլոր նորմերը: Կանխարգելող ծառայության տեսուչը իրավունք պետք է ունենա ժամանակ առ ժամանակ մտնել ցանկացած տուն, օբյեկտ եւ ստուգել՝ ասենք դուռը դեպի նե՞րս է բացվում, թե՞ դուրս, աստիճանների լայնությունը համապատասխանո՞ւմ է պահանջվող նորմերին, թե՞ ոչ, եւ այլն, եւ այլն: Այսպես է թելադրում միջազգային փորձը: Իսկ մեր ծառայությունը չի՞ դառնա արդյոք «փող պլոկող» մի կառույց, որն այցելելով բնակարաններ, նորակառույց շենքեր ու օբյեկտներ՝ կսկսի ստուգումներ անցկացնել:

«Ոչ,- ասում է պարոն Գաբրիելյանը: -Մեր ծառայություններն անվճար են, եւ այդ ծառայողը մեկ` շինարարության սկզբին, մեկ էլ` ավարտին պետք է ստուգի օբյեկտը: Հետո այցելությունների համար պետք է ինչ-որ ժամանակացույց սահմանվի, ասենք՝ տարին երկու անգամ»:

Այս եւ նման կառույցների համար իր կարծիքն ունի նաեւ խախտումների սովոր հայ շինարարը: «Գիտեք, դրանք սաղ էլ պլոկող ծառայություններ են, այդ կառույցները գալիս-զահլա են տանում,- ասում է Հյուսիսային պողոտայում կառուցվող բնակելի շենքերից մեկի շինարարության խախտումների հարցերով պատասխանատուն: -Ես հավես չունեմ շաբաթներով նրանց հետ ստուգումներ անել: Մարդ են, ինչ-որ սպասելիքներ ունենում են, կգան-կստանան-կստորագրեն-կգնան, մենք էլ մեր գործը կշարունակենք»:

Այն, որ մեր իրականության մեջ պետական կառույցների հետ համապատասխան վերաբերմունքի դեպքում հեշտ է «լեզու գտնել», զարմանալի չէ: Արդեն զարմանալի չէ նաեւ, որ մեր պետական համակարգում որեւէ բարեփոխում կամ նոր կառույցի ստեղծում ընկալվում է որպես «փող պլոկելու» մի նոր ձեւ:

Այս ամենից անկախ` մեր փրկարար ծառայությանն արդեն փրկել է պետք: