ՀՀԿ-ին աջակցելու եւ առաջիկա խորհրդարանական ընտրություններում սատարելու մասին հայտարարությամբ են հանդես եկել 361 հասարակական կազմակերպություններ, որոնք տարբեր ժամանակահատվածներում պարբերաբար համագործակցել են ՀՀԿ-ի հետ: Այս մասին երեկ տեղեկացրել է ՀՀԿ գրասենյակը: Ըստ ՀՀԿ տարածած հաղորդագրության, այդ հ/կ-ները ներկայացնում են հաշմանդամների, կրթամշակութային, սպորտի, սոցիալական, ազգային փոքրամասնությունների, գյուղատնտեսական, ռազմահայրենասիրական, փախստականների եւ այլ ոլորտների բազմահազար շահառուների հետաքրքրություններն ու նրանց կողմից բարձրացված հիմնախնդիրները: «ՀՀԿ-ին իրենց վստահությունը հայտնելու նպատակով հրավիրված համաժողովում` գրանցված հասարակական կազմակերպությունները նախ ներկայացրել են իրենց գործունեության նպատակները, անցած ուղին ու ծրագրերը, որոնցում վերհանված խնդիրների լուծումը տեսնում են ինչպես ՀՀԿ-ի 20-ամյա գործունեությունում, այնպես էլ նախընտրական ծրագրում: ՀՀԿ-ին աջակցություն հայտնող եւ տարբեր ոլորտներում խնդիրների լուծումներ առաջադրող հասարակական կազմակերպությունների ղեկավարները ընդգծել են ներկայացված ոլորտներում վերջին տարիների աստիճանական ակնհայտ աճը եւ շեշտել, որ շարունակական զարգացման համար գնահատում են Հանրապետականների գործունեության կայունությունն ու հաստատուն ընթացքը»,- ասված է հաղորդագրության մեջ: Համաժողովի մասնակից 361 հասարակական կազմակերպությունները կոչ են արել ընտրություններին մասնակից բոլոր քաղաքական եւ հասարակական ուժերին` միավորել ջանքերը երկրում արդար եւ ժողովրդավարության միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրությունների անցկացման գործում: «Միաժամանակ հայտարարության մեջ կոչ է արվել նաեւ ՀՀԿ-ին առաջիկայում էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել քաղաքացիական հասարակության զարգացման խնդիրներին` բարձրացնելով հասարակական կազմակերպությունների դերն ու նշանակությունը մեր երկրի զարգացման համար»,- ասված է ՀՀԿ Մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: