Գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ առավել ծանր է աղքատության ճիրաններում հայտնված ընտանիքներում մանկահասակ երեխաների վիճակը: Իսկ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից կատարված հետազոտությունների արդյունքներով` մանկական աղքատության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Շիրակի մարզում, որտեղ երեխաների առավել քան 50 տոկոսն աղքատ է… «Շիրակ կենտրոնը» հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Գյումրիում անապահով ընտանիքները վարձով են ապրում նույնիսկ տնակներում:
Ըստ կենտրոնի` խոսքը, մասնավորապես, երեք մանկահասակ երեխաների հետ Գյումրիի կենտրոնական մասում տեղակայված տնակային ավաններից մեկի խոնավ եւ խարխուլ տնակում վարձով բնակվող միայնակ մայր Գոհար Հովհաննիսյանի մասին է: Գոհար Հովհաննիսյանի հետ զրույցում «Շիրակ կենտրոնը» պարզել է, որ ընտանիքը նախկինում բնակվել է վթարային շենքում, որը օր օրի առավել վտանգավոր է դարձել բնակության համար, եւ որոշել են դուրս գալ այդ կիսափլված բնակարանից ու վարձակալել են տնակ: Քանի որ նրանց բնակարանը երկրաշարժի հետեւանքով ամբողջովին չի փլվել, հետեւաբար, նրանք բնակարանային փոխհատուցման ենթակա անօթեւանների հերթացուցակում հաշվառված չեն: Կենտրոնը նաեւ հիշեցնում է, որ ներկայում Գյումրիում 88 վթարային բազմաբնակարանային շենքեր եւ տասնյակ տներ կան: Ընդ որում, այդ բնակելիներից շատերն ունեն 4-րդ աստիճանի վթարայնություն եւ բնակության համար պիտանի չեն կամ խիստ վտանգավոր են: Այդ շենքերի մոտ 7500 բնակիչների բնակարաններով ապահովելու խնդիրը եւս մնում է չլուծված, եւ այդ ընտանիքներին պետության կողմից բնակարանով ապահովելու որեւէ ծրագիր դեռեւս չկա:
«Շիրակ կենտրոն»