«Ժամանակացույցը միացված է»

01/05/2012

– Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ արտաքին ինտեգրացիոն քաղաքականությունը:

– Հայաստանի ինտեգրացիոն կուրսը հասկանալու համար պետք է հետեւել այն քայլերին, որոնք իրականացնում են հայրենի իշխանությունները. Հայաստանը վարում է իրավիճակային, պարտքաբեր արտաքին քաղաքականություն: Այնպիսի տպավորություն է, կարծես, վարկեր բերելուց բացի, այլ նպատակ չունեն, որ երկիր գնում` փող ենք ուզում: Ահա այս «սկզբունքով» էլ իրականացվում է ինտեգրացիոն քաղաքականությունը: Բոլորին ասում են, թե բաց են համագործակցության համար` առանց նախապատվություն տալու որեւէ երկրի կամ միության: Եթե մի քանի տարի առաջ Հայաստանն ի վիճակի էր վարելու փոխլրացման քաղաքականություն, ապա այժմ այդ հնարավորությունը սպառվել է: Տեսեք, եթե ժամանակին Եվրասիական ընտանիքի կազմավորման մասին ընդամենը խոսում էին վերլուծական շրջանակներում, ապա այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում Եվրասիական միության կազմավորման ուղղությամբ` 2015թ. հունվարին իրողություն դարձնելու հրամայականով: Մինչ երկմտում ենք` Եվրո՞պա, թե՞ Եվրասիա, կյանքն առաջ է գնում: Հավատացած եղեք, շատ մոտ ապագայում կանգնելու ենք կամ-կամի ընտրության առջեւ:

– Ի՞նչն է խանգարում իշխանություններին` ընտրել հիմնական ինտեգրման ուղի:

– Իշխանությունների վարած «փառահեղ» քաղաքականության արդյունքում «հաջողվել» է մի քանի միլիարդ պարտք ավելացնել երկրի ուսերին` ինչպես Արեւմուտքից, այնպես էլ ՌԴ-ից, իսկ եթե Հայաստանն ընտրի իր համար գլխավոր ինտագրացիոն ուղի, ապա կզրկվենք բոլորից պարտք վերցնելու անհիմն հնարավորությունից, մոնոպոլ տնտեսական քաղաքականության վերջն էլ կգա, ինչը չի բխում իշխանության նեղ անձնական շահերից:

– Իսկ ինչո՞ւ պետք է ինտեգրվենք Եվրասիական միությանը, եւ ոչ թե` Եվրոպական միությանը:

– Նախ ասեմ, որ Եվրամիությունում մեզ չեն սպասում, տեսանելի ապագայում Հայաստանը ԵՄ-ին չի կարող անդամակցել, եւ դրա համար էլ Եվրոպայում մտածել են մի շարք համագործակցության ֆորմատներ` Արեւելյան գործընկերության ծրագիր, Եվրոպայի հարեւաններ, Եվրանեսթ եւ այլն: Անդրադառնալով Եվրասիական միությանը, ասեմ` ճիշտ ժամանակն է մասնակցության հայտ ներկայացնելու կազմավորման աշխատանքներին` առաջ տանելով մեր պետության շահերը, քանի որ մենք չունենք ընդհանուր սահման այդ միության հետ, ուրեմն մեզ պետք է տրվեն նաեւ որոշակի արտոնություններ: Ի դեպ` Եվրամիության հետ նույնպես չունենք ընդհանուր սահման: Ուզում եմ նաեւ առանձնակի նշել մեր թիվ 1 ռազմավարական գործընկեր Ռուսաստանի դերը` որպես Եվրասիական միության դոմինանտ ուժի:

– Ըստ Ձեզ, քաղաքական ուժերից որո՞նք են կողմնակից Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը:

– Իհարկե, կան ուժեր, որոնք կողմ են կամ առնվազն ողջունում են Եվրասիական միությունը, օրինակ` ՆԺԿ, ՍԻՄ, ՀԿԿ… բայց կոալիցիոն կուսակցություններից ՀՀԿ-ն որեւէ էական քայլ չի կատարում միության հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, ՕԵԿ-ը` նույնպես, իսկ ԲՀԿ-ն հետաքրքիր մոտեցումներ է ի հայտ բերում: Վերջերս ռուսական մամուլին տված հարցազրույցում Գագիկ Ծառուկյանն առանձնակի կարեւորել է Եվրասիական միության դերը` ներկայացնելով այլընտրանք ներկայիս, մեղմ ասած, անհեռանկար եւ անտրամաբանական արտաքին քաղաքականությանը: Ժամանակացույցը միացված է` 2015թ. էլ հեռու չէ:

Արմինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ