«Գիտության վարկը կբարձրանա, արդեն ունենք ներդրում անելու թարմ օրինակ»

01/05/2012

Մի քանի տարի առաջ մի հյուր ունեինք արտերկրից: Շատ հետաքրքրասեր, շփվող մարդ էր: Սիրում էր մենակ երկար շրջել քաղաքում, առիթն էլ բաց չէր թողնում զրույցի բռնվել բոլորովին անծանոթ մարդկանց հետ: Մի անգամ երեկոյան ոգեւորված պատմում էր, որ տոնավաճառում նկատել է, որ հենց այցելու չի լինում` շատ առեւտրականներ խաչբառ լուծելով են օրը լցնում… Կամ` ուղեւորի սպասելիս տաքսիստը հաստափոր գիրք էր կարդում: Ասում էր` ձեր ազգը գիրք ու գիտելիք է սիրում, դուք ապագա ունեք, դուք չեք կորչի… Փորձեցի «արդարացում» գտնել` ասելով, որ այդ մարդիկ գուցե «նախկին կյանքում» գիտաշխատող են եղել, բա՜ն-մա՜ն… Ընդհատեց ու ասաց. «Ի՜նչ գիտաշխատող, ես գիտեմ, որ դեռ գաղթի ժամանակ շատ հայեր հետները տանից վերցնում էին միայն ամենանվիրականը` գիրք…»: …Ձենս կտրեցի: Երեւի տաքսիստն էր ասել… Ճիշտ էր ասում: Օտարը հասկացել է, որ մենք ապագա ունենք, չենք կորչի` անհրաժեշտ է միայն «գրքասեր», «գիտելիքասեր» հային դրսեւորվելու հնարավորություններ ու պայմաններ ստեղծել…

Դա հասկացել են 1-ին Հանրապետության ժամանակ, երբ համաճարակի, սովի, ներքին եւ արտաքին չափազանց իրական սպառնալիքների պայմաններում համալսարան հիմնելու որոշում էին ընդունում:

Դա հասկացել են ԽՍՀՄ տարիներին, երբ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ 1935թ.-ից գործող ԱրմՖԱՆ մասնաճյուղի հիման վրա Հայաստանի Գիտությունների ակադեմիա էին հիմնադրում:

Դա հասկացել են անկախ Հայաստանի Հանրապետության գոյության 20 տարիների ընթացքում: Միանշանակ` ո՛չ: Առաջին նախագահի ժամանակ կիսադատարկ եղան գիտահետազոտական ինստիտուտները, պարապուրդի մատնվեցին բազմաթիվ գործարաններ, գիտա-արտադրական միավորումներ (այս դեպքում, իրոք, օբյեկտիվ պատճառներ էլ կային): Երկրորդ նախագահի ժամանակ, տնտեսական երկնիշ աճի պայմաններում, անշեղորեն աճում էր նաեւ գիտության ոլորտում մնացած աշխատողների միջին տարիքը` հիմնականում, ֆինանսավորման անտրամաբանական ցածր մակարդակի պատճառով: Երրորդ նախագահի օրոք էլ տնտեսական թռիչքային աճը կանգ առավ, երեւի համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով (չնայած այդ ժամանակ համոզում էին, որ այդ ճգնաժամը Հայաստանին չի վերաբերում, մեր կողքով է անցնելու), իսկ գիտության աշխատողների միջին տարիքը շարունակում է պահպանել անշեղորեն աճի դինամիկան` կրկին ֆինանսավորման անտրամաբանական ցածր մակարդակի պայմաններում:

Հիմա հասել ենք այնպիսի սահմանագծի, երբ վիճակը շտկելուն միտված արմատական քայլեր չանելն արդեն կարող է կործանարար լինել երկրի գիտության համար: Հակառակ դեպքում միայն ականատեսը կլինենք անհույս հիվանդի նման հետզհետե տկարացող գիտության անխուսափելի վախճանին:

Ահա այս պայմաններում մեկ տարի առաջ ծնվեց «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» նախաձեռնությունը` ահազանգելով գիտության տագնապալի վիճակի մասին: Իրավացիորեն «Խմբի մասնակիցները, որպես առաջին քայլ, պահանջում են ՀՀ կառավարությունից անհապաղ, կտրուկ եւ առանց նախապայմանների գիտության ֆինանսավորման աճ…»:

«Սակայն միայն պետական միջոցներով գիտությունը ֆինանսավորել հնարավոր չէ, որքան էլ պետությունը հարուստ լինի, գիտության ֆինանսավորման մեջ պետք է ներգրավվեն նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչները»,- այս մասին ասել է ՀՀ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ գիտության ֆինանսավորման մեջ պետության մասնաբաժինը կազմում է ընդհանուրի մոտ 1/3-ը, մնացած 2/3-ը ապահովվում է մասնավորի կողմից: Այդ 2/3-ի մի մասը գիտություն-արտադրություն փոխադարձ կապի միջոցով արտադրության արդիականացման նպատակով արվող ներդրումներն են, մյուս մասը` գիտական հիմնադրամների, մրցանակների սահմանման համար արվող ներդրումները:

Երկրի ներկայիս ղեկավարությունը, գիտության ֆինանսավորման ավելացում եւ գործարարի համար գիտության մեջ ներդրումներ անելը գրավիչ դարձնող երաշխիքներ ապահովելով, շրջադարձային քայլ արած կլինի շատ-շատերի երազած Հայաստանը կերտելու գործում: Գիտության վարկը կբարձրանա, եւ մասնավոր սեկտորի կողմից ներդրումները երկար սպասեցնել չեն տա:

Նույնիսկ հիմա, երբ կուսակցությունների նախընտրական ծրագրերում դեռ միայն խոստանում են գիտության զարգացմանը նպաստող քայլեր անել` արդեն ունենք ներդրում անելու թարմ օրինակ. «Նուշիկյան ասոցիացիան» 500.000 դրամի խրախուսավճար կտրամադրի ՀՀ քաղաքացի այն գիտնականներին, ովքեր ինդեքսավորվող եւ գրախոսվող միջազգային ցեղասպանագիտական 3 պարբերականներից որեւէ մեկում («Journal of Genocide Research», «Holocaust and Genocide Studies», «Genocide Studies and Prevention») կտպագրեն առնվազն 5000 բառ պարունակող համապատասխան հոդվածներ:

Չափազանց կարեւոր ոլորտ է ընտրված, որովհետեւ այդ պարբերականներում ոչ մի հայաստանցի գիտնական տպագրություն չունի, եւ մեր շահերն այնտեղ «պաշտպանողները» հիմնականում հայկական ծագում չունեն, պատմական փաստերը, մեղմ ասած, յուրովի են մեկնաբանում եւ որոշակի «տաբու»-ներ հաղթահարելու մեծ ցանկություն չունեն:

Այս քայլով պարոն Գարեգին Նուշիկյանը փորձում է շտկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ արտաքին գործերի գերակա ուղղություն հայտարարած եւ ակնհայտորեն թերացող ՀՀ իշխանությունների բացթողումները: Այդ պարբերականներում Հայաստանից գիտնականների հոդվածների տպագրումը անկասկած նպաստելու է հայ ժողովրդի պահանջատիրության նկատմամբ միջազգային հասարակական կարծիքի ձեւավորմանը: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու համար մեծ նշանակություն ունի հնարավոր բոլոր միջոցներն օգտագործելը»,- ասում է պարոն Նուշիկյանը:

Շատ ողջունելի է, երբ գիտությանն աջակցելու գործին միանում են մտավորական-գործարար համարում ունեցող գործիչները: Հավանաբար, նաեւ գիտության ֆինանսավորման ոլորտում մասնավորի ներգրավվածությունը հաշվի առնելով է պարոն Նուշիկյանը հարցազրույցներից մեկի ժամանակ նշել. «Մեր երկիրը մենք ենք շենացնելու, ուրիշը մեր փոխարեն չի անի»: Շատ պարզ, դիպուկ եւ ճշմարիտ միտք է, որի գիտակցումը հանրության մեջ համատարած սերմանելու դեպքում իրատեսական կդառնա երկիրը երկիր դարձնելու բոլորիս վաղեմի երազանքը:

Շնորհակալություն հայտնելով պարոն Նուշիկյանին` այս խրախուսավճարը սահմանելու առթիվ, պետք է հատկապես կարեւորել այն փաստը, որ այս քայլը կարող է վարակիչ լինել ուրիշ գործարարների համար, եւ արդեն գիտության ոլորտում ներդրումներ արած «Գագիկ Ծառուկյան» եւ «Տաշիր» հիմնադրամների հետ համատեղ վերականգնել մեկենասության բարի ավանդույթները:

Ոչ պակաս կարեւոր գործոն է նաեւ այն, որ վերոնշյալ ներդրումներն արվում են մրցութային կարգով, ինչը լրացուցիչ խթան է հանդիսանում գիտնականների արդյունավետ աշխատանքի համար եւ, ի վերջո, խրախուսվում են արժանավորները:

Ստեփան ԳՅՈԶԱԼՅԱՆ