Թվեր` Ոստիկանությունից

01/05/2012

ՀՀ ոստիկանության տարածած հայտարարության համաձայն` 2012թ. մարտի 27-ից մինչեւ ապրիլի 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմիններից, ԶԼՄ-ներից, նախընտրական շտաբներից ՀՀ ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունում ստացվել, ստուգվել եւ մշակվել է մահվան դեպքերի վերաբերյալ 4462 տեղեկություն: Ստուգման արդյունքում` մահվան 3278 դեպքերի վերաբերյալ տեղեկությունները հաստատվել են, 299-ը` հերքվել: 34 անձի մահվան վերաբերյալ տեղեկությունները հնարավոր չի եղել պարզել: Ստուգման փուլում է գտնվում 99-ը: 752 անձի անհատական տվյալները առկա չեն եղել ՀՀ ընտրողների ռեգիստրում:

Այսպիսով, նշված ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ԱՎ վարչության եւ պրոֆիլակտիկ ծառայությունների ուժերով մշակվել են 4462 մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ, որից 4363-ի ընթացքը լուծվել է, 99-ը գտնվում է ուսումնասիրության փուլում: Ըստ Ոստիկանության` ընտրացուցակներում առկա անճշտությունների վերաբերյալ ԱՎՎ-ում գործող «Թեժ գիծ» ծառայության միջոցով ստացվել է 134 ահազանգ` 196 անճշտության վերաբերյալ:

Այսպես.

1. ընտրացուցակներում ընդգրկված մահացած անձանց վերաբերյալ- 19,

2. ընտրացուցակում առկա, սակայն հաշվառում չունեցող անձի վերաբերյալ- 1,

3. այլ անձի պատկանող բնակելի տարածությունում բնակության իրավունք չունեցող քաղաքացիների հաշվառման վերաբերյալ- 40,

4. ՀՀ-ից դուրս գտնվող, սակայն ցուցակում ընդգրկված լինելու վերաբերյալ- 9,

5. հաշվառված, սակայն ցուցակներում ընդգրկված չլինելու վերաբերյալ- 61,

6. հասցեի բացակայության վերաբերյալ- 1,

7. ընտրական գործընթացի, քվեարկության կարգի, անճշտությունների շտկման, ինչպես նաեւ` լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու վերաբերյալ- 65։

Ի դեպ, ըստ ՀՀ ոստիկանության` չկա մի դեպք, երբ համապատասխան ատյաններից մահացած անձանց վերաբերյալ տեղեկություններ ստացված լինեն, եւ Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչությունը բնակչության պետական ռեգիստրից նրանց տվյալները հանած չլինի: