Ստորեւ ներկայացվող աղյուսակը 2003թ. ամռանը դրվել է ՀՀ նորանշանակ գյուղնախարարի աշխատասեղանին: Նպատակը մեկն էր. հնարավորինս նպաստել երկրի կայացման որոշիչ ոլորտներից մեկում երբեմնի վաստակաշատ մանկավարժի գործունեությանը: Վստահ էի, որ նա անչափ պատասխանատու այդ պաշտոնը ստանձնել էր կուսակցական ընկերների որոշակի ակնկալիքների արդյունքում։
Աղյուսակը տեղադրված էր ծավալուն մի ուսումնասիրությունում, թող որ կազմված սիրողական մակարդակով, ուր փորձ էր արվել ներկայացնել զարգացած եւ այդ ուղին ընտրած երկրների գյուղատնտեսական ոլորտի հիմնական գործընթացները: Նպատակ էր դրվել կանխել մեզանում նախորդ տասնամյակներում արմատավորված մի անհեթեթ հիմնավորման տարածումը, ըստ որի` երկրի պարենային ապահովության հիմնարար ցուցանիշ էր հռչակվում 1 բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկային մշակաբույսերի արտադրությունը: Ինչու էր պետք կանխել նման անհաճո տրամաբանությունը. որովհետեւ 3 մլն բնակչությամբ Հայաստանի Հանրապետության համար հարկ էր արտադրել 3 մլն տոննա հացահատիկ, որը գործնականում անլուծելի խնդիր է: Արդյունքում ստացվում է վտանգավոր մի վիճակ, պայմանավորված սեփական հացով մեզ բավարարել չկարողանալու իրողության առումով, որը հաջողությամբ շահարկվում է անկախության հակառակորդների կողմից: Նրանց կարծիքով` երկրի ընդերքում էլ էներգակիրներ չունենալը նորանկախ Հայաստանը առավել խոցելի է դարձնում:
Ինչ զարգացումներ էին ուրվագծվել ներկայացված ուսումնասիրությունում: Այն, որ խորհրդային տնտեսագիտության կողմից առանձնացվող եւ հիմա էլ մեր որոշ այրերի հրապարակումներում հիշատակվող 1 բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրությունը, հիմնականում` ցորենի տեսքով, նվազագույնս անգամ չի առնչվում առանձին վերցրած յուրաքանչյուր երկրի պարենային անվտանգության հետ: Ասենք, ոչ սակավահող Բրազիլիայում, Պորտուգալիայում, Մեքսիկայում 1 բնակչի հաշվով ցորենի արտադրությունը հազիվ հասնում է 35 կգ-ի: Հարց է ծագում. այդ դեպքում ինչով է պայմանավորված այդ երկրների ՀՀ-ի համեմատ բարեկեցությունը: Բացատրությունը շատ պարզ է. նրանք գերադասում են հացահատիկի փոխարեն եգիպտացորեն աճեցնել, այդ մշակաբույսն օգտագործել որպես անասնակեր եւ զարկ տալով կաթնա-մսամթերքների արտադրությանը, այդ ձեւով լուծել իրենց զարգացման մեկնարկային խնդիրը: Կապված հողային ռեսուրսներից եւ բնակլիմայական պայմաններից` այսօրինակ զարգացումներ են ընթանում նաեւ արդեն ներկայացված աղյուսակում ընդգրկված երկրներում:
Հանրությանը թերեւս հետաքրքրեն ոլորտի զարգացումները Հունաստանում, ուր օրեր առաջ այցելեց ՀՀ բարձրագույն ղեկավարության շքախումբը: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` մեր հույն բարեկամներն իրենց օգնությունն էին առաջարկել գյուղատնտեսության ծավալման իրենց մոդելը Հայաստանում ներդնելու ուղղությամբ: Փորձենք ներկայացնել Հունաստանի գյուղատնտեսության որոշ ցուցանիշներ, որոնց հետ ծանոթությունը մասամբ պարզություն կհաղորդի առաջարկվող մոդելին: Այսպես, 1978-ին երկրում արտադրվել է 2,5 մլն տոննա ցորեն, 1 մլն տոննա գարի եւ հազիվ 0,5 մլն տոննա եգիպտացորեն, ցորենի որոշ մասը եւ վերջին 2-ը` հիմնականում կաթնամսատու անասնագլխաքանակը կերով ապահովելու նպատակով: 1980-90-ականներին պատկերը փոխվել է. ցորենի գերարտադրությունը նվազել է ամբողջ 700 հազար տոննայով, գրեթե վերացել է գարու մշակումը, փոխարենը` եգիպտացորենի արտադրությունն աճել է 4,5 անգամ, 2003-ին կազմելով 2,2 մլն տոննա: Կաթնամսատուի գլխաքանակի պահպանման պարագայում, կալորիական անասնակեր եգիպտացորենի կիրառման շնորհիվ արձանագրվել են կաթնատվության ու մսաճի բարձր ցուցանիշներ, բուռն աճ է արձանագրվել թռչնի մսի ու ձվի արտադրությունում. 10 մլն բնակչությամբ երկրում պահվում է մոտ 30 մլն հավ: ՀՀ-ում թռչնի կերն ամբողջությամբ ներկրվող է: Հունաստանում արձանագրվող գործընթացը պարզ գյուղատնտեսական կողմնորոշում չէ, այլ այս ոլորտի հնարավորությունների օգտագործմամբ 100-հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծում, տնտեսության աշխուժացում` մեր երազած փոքր ու միջին գործարարության օգնությամբ: Արդեն 2000-ականներին Հունաստանի ՀՆԱ-ում գյուղատնտեսության բաժինը կազմել է հազիվ 7 տոկոս, ոչ վաղ անցյալի 10-15-ի դիմաց: Հունաստանը հիմա համարվում է բարձր եկամուտ ապահովող երկիր, իսկ մենք տեղ ենք զբաղեցնում միջինից ցածր եկամուտ ապահովող երկրների թվում: Համաշխարհային բանկի դասակարգմամբ` այս խմբի մեջ են ընդգրկված մի քանի տասնյակ երկրներ, ուր 1 բնակչի հաշվով եկամուտը տատանվում է 800-2800 դոլարների սահմանում: 2003-ի տվյալներով` ՀՀ-ն ուներ 950 դոլար ցուցանիշ, այն դեպքում, երբ նույն խմբում ընդգրկված Բրազիլիան, Թուրքիան, Թունիսը, Ռումինիան, Իրանը եւ տասնյակ այլ երկրներ ունեին մինչեւ 2800 դոլար:
Ինչո՞ւ կարիք առաջացավ անդրադառնալ այսօրինակ վիճակագրությանը. պարզ մի պատճառով՝ ՀՀ գյուղատնտեսությունն ակնկալվող բարելավման ցուցանիշներ չի արձանագրում, որն էլ կաշկանդում է երկրի բնականոն զարգացումը: Արդարանալու անհաջող միջոց պետք է որակել ՀՀ գյուղնախարարի օրերս արած մի հայտարարությունը: Մի քանի տասնյակ երկրների ոլորտի մասնագետների ներկայությամբ նա ասաց. Հայաստանը սակավահող երկիր է: Բայց չէ՞ որ թվերն այլ բան են հաստատում: Եթե սակավահողության մասին խոսի, ասենք, Նորվեգիայի գյուղնախարարը, կարելի է ըմբռնումով մոտենալ: ՀՀ-ից ընդարձակ լինելով 11 անգամ, այս երկրի վարելահողերը կազմում են հազիվ 10 հազար քառակուսի կիլոմետր, 1 բնակչի հաշվով` մոտ 2000 քմ: Իսկ եթե արձանագրենք, որ հյուսիսային այս երկրում հողից ընդամենը մեկ բերք է ստացվում, մեր 2-3-ի փոխարեն, նորվեգացիներին իրոք կարելի է խղճալ: Բայց առայժմ նրանք են մեր հանդեպ նման վերաբերմունք ցուցաբերում, քանզի մենք ունեցածն էլ չենք փորձում արդյունավետ օգտագործել: Տեսեք. Արարատյան դաշտավայրն ունի 334 հազար հեկտար տարածք, որի հազիվ 150 հազար հեկտարն են գյուղատնտեսական նշանակության: ՀՀ տարածքում 64 հազար հեկտար են զբաղեցնում բազմամյա տնկարկները, 140 հազար հեկտար` խոտհարքները, 700 հազար հեկտար` արոտավայրերը եւ հազիվ 0,4 հազար հեկտար` խոպան հողերը: ԼՂՀ-ի կարգավիճակի ցանկացած լուծումից անկախ մեր գյուղատնտեսական քաղաքականությունը պետք է սերտորեն համագործակցված տեսնել եւ երբեւէ չխանգարել երկրամասում այս ոլորտի զարգացմանը: Մենք թերեւս միակ երկիրն ենք, ուր գյուղացիական տնտեսությունների աճ է արձանագրվում. ՀՆԱ-ի մոտ 30 տոկոսը գյուղոլորտում ստեղծվելու իրողությունը խոսում է ՀՀ-ի ագրարային կարգավիճակի մասին. նման ցուցանիշներ ունեն աշխարհի ամենահետամնաց երկրները, այն դեպքում, երբ զարգացած երկրներում ագրարային հատվածի դերը 1-5 տոկոսի սահմաններում է: