Թեեւ վերջերս զանգվածային լրատվամիջոցներն ու մասնագետներն ահազանգում են մանկական մահացության թվի աճի միտումի մասին, այդուհանդերձ, Առողջապահության նախարարությունը (ԱՆ) պաշտոնապես հայտարարում է, որ մանկամահացությունն արտահայտող ցուցանիշներն իրականում կրճատվել են: ԱՆ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի հավաստմամբ` ներկայումս մանկական մահացության ցուցանիշը 1000 կենդանածին երեխայի հաշվով կազմում է 13 մահ: Մինչդեռ 2005թ. 1000 կենդանածին երեխայի հաշվով արձանագրվել էր 26 մահ: Մինչեւ 5 տարեկան երեխաների մահացության ցուցանիշը եւս էապես նվազել է, եւ 2005թ. գրանցված 1000 կենդանածին երեխայի հաշվով 30 մահի փոխարեն 2010թ.-ին գրանցվել է 16 մահ: Ընդ որում, մահացության ցուցանիշներն ավելի բարձր են գյուղական, քան քաղաքային բնակավայրերում: Համաձայն ԱՆ պաշտոնական տվյալների` մանկական մահացության ցուցանիշը գյուղական բնակավայրերում 1000 կենդանածին երեխայի հաշվով կազմել է 22 մահ, իսկ քաղաքային բնակավայրերում` 16 մահ: Ի դեպ, լույս է տեսել Հայաստանի «Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտություն» խորագրով բավականին լայնածավալ տեղեկագիրքը, որը ներառում է այս ոլորտների վերջին հինգ տարվա տվյալների բազան: Անդրադառնալով վերջերս մշտապես հնչող այն կարծիքներին, թե մանկական մահացության ցուցանիշներն ավելացել են, մեզ հետ զրույցում Կ. Սարիբեկյանն ասաց. «Մամուլը եւ հեռուստատեսությունը հղում է անում Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) ցուցանիշներին: Իսկ ինչպե՞ս են հավաքվում այդ ցուցանիշները: Կարգը հետեւյալն է` ծնվեց կամ մահացավ երեխան, հետեւաբար` ծնունդը եւ մահը գրանցվում են Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններում (ԶԱԳՍ): Գրանցումը կատարվում է բուժհաստատության կողմից տրված բժշկական տեղեկանքների հիման վրա: Զագսը գրանցում է մահվան դեպքը, գրանցված տվյալները գալիս են ԱՎԾ եւ իրենք այդ ցուցանիշները լցնում են իրենց տվյալների բազա: Այսինքն, պաշտոնական տվյալներով` մենք ունենում ենք իրականում միայն գրանցված դեպքերը, բայց չի բացառվում, որ լինեն դեպքեր, որոնք ուղղակի գրանցված չեն, ինչն առկա էր հատկապես Սովետական իրականության ժամանակ»: ԱՆ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետը հիշում է, որ Սովետական տարիներին մանկական մահացության ցուցանիշը քաղաքականացված էր, եւ հնարավորինս թաքնում էին մահերը, որպեսզի խնդիրներ չլինեն: Նաեւ հիշեցրեց, որ Սովետական Միության Առողջապահության վերջին նախարարին Մոսկվայի կոլեգիայի որոշմամբ ազատել են աշխատանքից` մանկական մահացության ցուցանիշի բարձրացման համար: Ինչեւէ, Կ. Սարիբեկյանը վստահեցնում է, որ մանկական մահերը չգրանցելու մոտիվացիա մինչեւ վերջերս ունեին նաեւ ընտանիքները, քանի որ «Փարոս» համակարգում ընդգրկված լինելով` երեխայի մահվան հետ զուգահեռ` պակասում են անապահովության բալերը: Մասնավորապես` գյուղական համայնքներում մահացած երեխային հուղարկավորում էին առանց մահը գրանցելու: «Կա եւս մեկ պատճառ` տարբերությունը վիճակագրական սահմանումների մասով: Օրինակ` մինչեւ 2005թ. ծնունդը սկսվում էր հղիության 28 շաբաթականից. եթե 22-28 շաբաթական ժամկետում երեխան ծնվում կամ մահանում էր` այդ ցուցանիշները համարվում էին վիժում, այլ ոչ թե ծնունդ: Մենք անցանք միջազգային դասակարգման եւ դրան զուգահեռ` շատացան գրանցումները: Հասարակ օրինակ բերեմ. նախկինում երեխան ծնվում էր, եթե շնչեց կամ շնչեցրեցին, այնուհետեւ մահացավ` համարվում էր մանկական մահ: Եթե անգամ սիրտը բաբախում էր, մկանային շարժումներն առկա էին, բայց այդպես էլ երեխան չշնչեց, միեւնույն է` դա համարվում էր ոչ թե մահ, այլ` վիժում: Այսօր, սակայն, այդ դեպքերը համարվում են ծնունդ եւ մահ»,- վստահեցնում է Կ. Սարիբեկյանը` հավելելով, որ սահմանումների փոփոխության արդյունքում այդ գրանցումները շատացել են: Այլ կերպ ասած` ոչ թե շատացել են մահերը, այլ սահմանումները փոփոխելու արդյունքում մանկական մահացության գրանցումներն ավելի ճշգրիտ են դարձել: Այդուհանդերձ, ԱՎԾ-ի, ինչպես նաեւ «Ժողովրդագրության եւ առողջության հարցերի հետազոտության» տվյալների էական տարբերությունը մասնագետները բացատրում են թերգրանցման խնդրով, հետեւաբար հիմնականում չէին գրանցվում նորածինների մահվան դեպքերը. «Մենք որոշեցինք փոխել օրենսդրությունը եւ մահվան գրանցման պատասխանատվությունը դնել ոչ թե ծնողի, այլ` բուժհաստատության վրա: Մեկ այլ խնդիր էլ կար մահերը չգրանցելու հետ կապված` նորածինը ծնվել է Մեղրիում, մահացել է Երեւանում: Օրենսդրական փոփոխության արդյունքում` հստակեցվեց գրանցման գործընթացը, անցյալ տարվանից ծնունդն ու մահը կարողանում են գրանցել տվյալ բուժհաստատությունում: Այնպես որ` մանկական մահացության գրանցված դեպքերն ավելացան, բայց իրական մանկական մահացության ցուցանիշները ոչ թե շատացել, այլ ճիշտ հակառակը` պակասել են»: Այնուամենայնիվ, արդյո՞ք 1000 կենդանածին երեխայից 13 մահվան ելքը Կ. Սարիբեկյանը մանկան մահացության մեծ թիվ չի համարում. «Որպեսզի գնահատենք` մե՞ծ թիվ է, թե՞ փոքր` փորձեմ հստակեցնել մանկական մահացության դասակարգումը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության դասակարգմամբ` աշխարհի բոլոր երկրները բաժանվում են 4 խմբի. Շատ բարձր` երբ 40 պրոմիլեից բարձր է մանկական մահացությունը, բարձր, երբ 20-ից մինչեւ 40-ն է, 10-ից մինչեւ 20-ը համարվում է միջին մանկական մահացության մակարդակ եւ 10-ից ներքեւ համարվում է ցածր մանկական մահացություն: Հայաստանն իր 13 ցուցանիշով պատկանում է միջին մանկական մահացություն ունեցող երկրների դասին: Պետք է նշեմ, որ դրան համապատասխան էլ մեր երկիրն ունի մանկական մահացության կառուցվածք»: Ըստ Կ. Սարիբեկյանի` մանկական մահացության պատճառներից են պերինատալ շրջանի խնդիրները` կապված հղիության ընթացքի, ծննդաբերության, հետծննդաբերության շրջանի հետ: Երկրորդ տեղում` զարգացման շեղումները, այնուհետեւ` շնչառական, ինչպես նաեւ` փորլուծային հիվանդություններն են: Այդուհանդերձ, մանկական մահացություններն անմիջականորեն կապված են մայրական վերարտադրողական առողջության հետ: «Միանշանակ անդրադառնում է, որովհետեւ մայրական առողջությունը պայմանավորում է հղիության ընթացքը: Եթե մայրն առողջ է, խնդիրներ չունի` հղիության ընթացքը եւ ելքերն էլ շատ ավելի բարենպաստ են: Եթե մայրն ինչ-որ վարակներ ունի` երեխան ներարգանդային ինֆեկցիա է տանում: Եթե մայրը գենետիկ հավանական ինչ-որ կրկնվող ժառանգական հիվանդություն է կրում, մոր աշխատանքը որեւիցե վնասակար գործոնի հետ է կապված, սովորական գրիպով, թոքաբորբով է հիվանդանում, թերսնված է` այս բոլորը, բնականաբար, ազդում է պտղի զարգացման եւ ներարգանդային կյանքում` պտղի, հետագայում` նորածնի առողջ լինելու հանգամանքի վրա»,- վստահեցնում է ԱՆ Մոր եւ մանկան առողջության պահպանման վարչության պետը, միեւնույն ժամանակ հավաստիացնելով, որ հղիության ծառայությունների մատչելիության զարգացմանը զուգահեռ` հղիներն ավելի վաղ են հաշվառվում, եւ խնդիրները վաղ հայտնաբերելու պարագայում իրականացվող միջամտությունների արդյունքում` ելքերը գնում են դեպի դրական միտում:
Ինչպես նշեցինք, մանկական մահացությունն, ի տարբերություն մայրաքաղաքի` ավելի բարձր է գյուղական համայնքներում: Մանկական մահացությունը որակվում է որպես սոցիալ-տնտեսական ինտեգրալ ցուցանիշ, որը միայն առողջապահությունից կախված չէ: Այս առումով Կ. Սարիբեկյանը բնական է համարում գյուղական համայնքների պատկերը` պարզաբանելով. «Նշված բոլոր գործոնները` ժառանգականությունը, սնունդը, շրջակա միջավայրն, ուղիղ կապ ունեն այդ խնդրի հետ: Եթե աղքատությունն ավելի բարձր է, ծառայությունների հասանելիությունն ավելի վատ է, թերսնվածությունն ավելի մեծ է գյուղական բնակության վայրերում, բնականաբար, մանկական մահացությունն ավելի բարձր կլինի գյուղական համայնքներում: Վիճակագրական տեսանկյունից օրինաչափ է նման ցուցանիշ ունենալը»: