Չխիմը` վիտամինների մատակարար
Չխիմ (այծոտն) սովորականը հովանոցավորների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Հասնում է 60-100 սմ բարձրության։ Ունի եռաբլթակ, ձվաձեւ, ատամնաեզր տերեւներ։ Ծաղկում է հունիս-հուլիս ամիսներին։ Ծաղիկները սպիտակ են, հավաքված մինչեւ 20-25 ճառագայթ պարունակող հովանոցի մեջ։ Պտուղը պարունակում է 2 սերմ, հասունանում է օգոստոսին։ Բույսը մեղրատու է։ Հանդիպում է անտառային թփուտներում, հատված անտառներում, բնակավայրերին մոտ, այգիներում։ Չխիմը` Aegopodium podagraria, լուսասեր, սակայն նաեւ ստվերադիմացկուն բույս է, դժվարությամբ վերացվող մոլախոտ, սիրում է պարարտ հողեր։
Օգտագործվում է սննդի մեջ եւ ժողովրդական բժշկությունում։
Երեւանի բուսաբանական այգում ուսումնասիրվել են բազմաթիվ բույսերի քիմիական բաղադրությունը եւ բուժիչ հատկությունները։ Չխիմի կանաչ տերեւների 100 գրամում պարունակվում է մոտ 65-100 մգ ասկորբինաթթու, 16,6 մգ երկաթ, 1,99 մգ պղինձ, 2,13 մգ մանգան, 1,16 մգ տիտան, 3,9 մգ բոր։ Նաեւ` կումարին, եթերային յուղ, ֆլավոններ, կարոտին, օրգանական թթուներ` խնձորի, կիտրոնի։ Չխիմը հեշտ յուրացվող կալցիումի մատակարար է։ Տերեւը հավաքեք մինչեւ ծաղկելը, կտրեք մատղաշ, դեռեւս լրիվ չբացվածը, պատրաստեք մարինադներ, օգտագործեք սննդի մեջ։ Բուժական նպատակներով տերեւը հավաքեք ծաղկման շրջանում, չորացրեք օդափոխվող ծածկի տակ։
Բույսն ունի հակասնկային, հակաբորբոքային հատկություն։ Հանում է օրգանիզմից թույները, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում լյարդի հիվանդությունների դեպքում։
Երիկամների, միզապարկի բորբոքում. 2 ճ/գ տերեւին ավելացրեք 200 մլ եռջուր, 15 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք հումքը, մզեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 40-50 մլ, օրը 4-5 անգամ։
Միջոցն ունի միզամուղ հատկություն, նաեւ կարգավորում է մարսողությունը։
Թարմ տերեւն ունի ցավամոքիչ հատկություն. Տրորեք, ամրացրեք բորբոքված մաշկին։
Սնունդը դեղ`
Հոդատապ, օստեոպորոզ. Չխիմի տերեւը 5-10 վայրկյան պահեք եռջրի մեջ, քերեք ծովաբողկի արմատը, խառնեք, ավելացրեք թթվասեր (7։5։4)։ Կերեք օրը 80 գրամ։ Շարունակեք 15 օր, ընդմիջեք եւս 15 օր։
– Մանր կտրատեք, խառնեք 50-ական գրամ, նախօրոք եռջրում թրջված եղինջ, ջղախոտ, չխիմ, մեկ գազարի քերվածք, կտրատած կարտոֆիլ, 100 գ վարսակի փաթիլ։ Հումքը եփեք մեկ լիտր եռջրում։ Վերջում ավելացրեք սոխեռած, կերեք թթվասերի հետ։
– Սիսեռի կամ ոլոռի խյուսը կերեք չխիմի տերեւի հետ (3։1), համեմեք ըստ ճաշակի։ Օգտակար է նաեւ շագանակագեղձի բորբոքման դեպքում։
Աղեստամոքսային համակարգի մաքրում. Աղացեք թարմ տերեւները, քամեք հյութը։
– Առաջին օրը խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ, սնվելուց 20 րոպե առաջ։
– Երկրորդ օրը` երկուական ճ/գ, հասցրեք մինչեւ 10 ճ/գ-ի։ Ընդմիջեք 5 օր, կարելի է կրկնել եւս մեկ անգամ։ Հակացուցված է ստամոքսի, 12-մատնյա աղիի խոցի դեպքում։
Չխիմով ուտեստները կարգավորում են խոլեստերինի մակարդակն արյան մեջ եւ զարկերակային ճնշումը։
Խաշեք չխիմի վերգետնյա մասը (100 գ) թավայում, մանր կտրատած գազարի (15 գ) հետ, 15 րոպեից ավելացրեք մանրացրած դդմիկ (150 գ)։ Երբ պատրաստ լինի, քամեք, հեռացրեք հեղուկը, հումքն աղացեք։ Ավելացրեք սոխեռած (15 գ), պահեք կրակի վրա` մինչեւ ստանա ցանկալի խտությունը։ Համեմեք քացախով, մանանեխով, այլ։
Շագանակագեղձի բորբոքում. Թրջեք չխիմը եռջրի մեջ, մանր կտրատեք, կերեք քամած մածունի հետ (1։5)։
Կապտուկներն ապաքինող միջոցներ
– Տեղադրեք կապտուկի վրա խաղողի գինու մեջ թրջած բամբակե լաթ։ Հաճախակի փոխեք թրջոցը։
– Ցավոտ հատվածի վրա դրեք սառույց, 20 րոպե անց շփեք կամֆորայի սպիրտով։
– Դրեք կապտուկին կաղամբի (տրորած) տերեւը, կրկնեք մի քանի անգամ։
– Փաթաթեք 3-4 ճ/գ մանրացրած ջերմատակ բժշկականի (SANGUISORBA) խոտը թանզիֆի մեջ, ընկղմեք տաք ջրի մեջ, թեթեւակի մզեք, դրեք կապտուկի վրա։
– Խառնեք մանրացրած սոխը, 1-ական ճ/գ չորացրած, փոշիացրած ջղախոտի տերեւ եւ մեղր։ Խառնուրդը տաքացրեք ջրային բաղնիքի վրա, մինչեւ մեղրի գոլանալը։ Տեղադրեք կապտուկին, վրայից դրեք պոլիէթիլենային թաղանթ, ծածկեք լաթով։ Երկու ժամից հանեք։ Կրկնեք օրը 2-3 անգամ։