«ՀՀԿ-ն հայտարարել էր, որ իր համամասնական ցուցակում չեն լինելու օլիգարխներ, սակայն նրանք առաջադրվել են մեծամասնական ընտրակարգով, եւ արդյունքում` նրանք, միեւնույն է, լինելու են խորհրդարանում, այդպես չէ՞»` մեր թղթակցի հարցին ի պատասխան, պատգամավորի թեկնածու Մարգարիտ Եսայանն ասել է. «Հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, եւ՛ սոցիալապես անապահովներից, եւ՛ միջին խավից (որը տարիներ շարունակ ստեղծվելով` այդպես էլ չի ստեղծվում), եւ՛ օլիգարխներից, ովքեր ունեն բիզնես եւ ձգտում են զբաղվել նաեւ քաղաքականությամբ, լինել խորհրդարանում: Դա բնական է. բոլոր հասարակություններում այդ շերտավորումները կան: ՀՀ-ում օրենքը սահմանում է` ովքեր են ընտրում եւ ընտրվում: Ինձ համար բացարձակ անընդունելի են ընդդիմության հայտարարությունները` ուղղված օլիգարխներին: Այսօր մեծամասնական ընտրակարգով օլիգարխ (ես ավելի կողմ եմ «գործարար» ձեւակերպմանը), թեկնածու է առաջադրել նաեւ ընդդիմությունը. օրինակ՝ թիվ 10 ընտրատարածքում: Ի՞նչ տարբերություն` ո՞ւմ օլիգարխն է կամ գործարարը, ստացվում է, որ եթե ընդդիմության օլիգարխն է, ուրեմն կարելի՞ է, որ գա խորհրդարան, եթե իշխանությանն է` չի՞ կարելի: Այստեղ առաջանում է երկակի ստանդարտի տրամաբանությունը: Ես, իհարկե, չեմ հավակնում դառնալ օլիգարխների պաշտպանը, բայց ճշմարտությունը չի կարող երկուշաբթի գործել, երեքշաբթի կասկածվել, չորեքշաբթի հերքվել, հինգշաբթի լրացվել, ուրբաթ մաս-մաս կինել, շաբաթ-կիրակի հանգստանալ, եթե ճշմարտություն է, ուրեմն` բոլորի համար է»: