Ծառատունկը՝ ապրուստի միջոց

03/12/2005 Նատալի ՈՍԿԱՆՅԱՆ

Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի (նախկինում ադրբեջանցիներով բնակեցված՝ Գյոլքենդ) բնակիչները 1988-1992թթ. Ադրբեջանից գաղթած փախստականներն են՝ Չարդախլու, Բադա, Արծվաշեն գյուղերից: Ադրբեջանցիներն այստեղից հեռանալիս քանդել են այն ամենն, ինչ հնարավոր էր քանդել: Նախկին բնակիչների մասին հիշեցնում են դեռ ամայի մնացած տներն ու գերեզմանատունը:

Այգուտցիների համար այսօր ապրուստի միջոց են դարձել ծառատունկն ու անտառվերականգնման աշխատանքները. գյուղի շուրջ 300 ընտանիքներից 150-ն ունեն տնամերձ տնկարաններ:

Ամեն ինչ սկսվեց 2003թ., երբ «Հայաստանի ծառատունկ» ծրագիրը (Armenia Tree Project) նախաձեռնեց գյուղում «տնամերձ տնկարանների» (backyard nurseries) յուրօրինակ նախագիծը: Ծրագրի Հասարակայնության հետ կապերի կոորդինատոր Բելլա Ավետիսյանի խոսքով (Bella Avetisyan, Public Outreach Coordinator of Armenia Tree Project)՝ ավելի քան 100 գյուղերի շարքում այս գյուղն էլ է ընտրվել որպես առավել ծանր սոցիալական վիճակում գտնվող բնակավայր:

Այգուտցիները չունեն շուկայի համար մրցունակ ապրանք. քիմիկատները թանկ արժեն: Շատ քչերն են վաճառում իրենց ապրանքը. ճանապարհները՝ քարուքանդ, շուկան էլ՝ հեռու: «Աճեցրածը մենք ենք ուտում, տալիս ենք խոզերին կամ էլ փչանում է՝ դեն ենք ածում. շուկա հասցնելու ծախսը շատ մեծ է»,- ասում է գյուղացիներից մեկը: Մյուսն էլ թե՝ «ժողովուրդը մնացել ա տուպիկի մեջ, լավ ա, գոնե բարի մարդիկ գտնվեցին»:

«Հայաստանի ծառատունկ»-ը գյուղացիներին տրամադրում է թխկու, հացենու, կաղնու, ընկուզենու, բոխու պտղատու տեսակների սերմեր: Գյուղացիները դրանք ցանում ու աճեցնում են մեկ տարվա ընթացքում իրենց, այսպես կոչված տնամերձ տնկարաններում, եւ տնկիները 30-50 սմ-ի հասցնելուց հետո հատը 100 դրամով հանձնում են «Հայաստանի ծառատունկ» ծրագրին: Մեկ ընտանիքը, որպես կանոն, աճեցնում է 800 տնկարկ:

Եթե առաջին անգամ՝ 2003թ. ծրագրին Այգուտում մասնակցում էր 16 ընտանիք եւ գյուղական դպրոցի մանակապատանեկան ակումբը, ապա այսօր գյուղի յուաքանչյուր երկրորդ ընտանիքը (150 ընտանիք) զբաղվում է ծառատունկով:

Այգուտի եւ մոտակա 3 գյուղերի 207 տնամերձ տնկարանների շնորհիվ այս տարվա ընթացքում գյուղացիներին ապահովվել է մոտ 30.000 ԱՄՆ դոլար եկամուտ: Հաջորդ տարվա համար արդեն գրանցվել է 330 ընտանիք: «Գյուղ ա՝ աշխատանք չկա. եկամուտ ա, էլի»,- ասում է գյուղացի կանանցից մեկը:

Տնկիներն աճեցնողներին խորհրդատվություն է տրամադրվում, սկսած սերմի ցանքից` մինչեւ բերքահավաք, թե ինչպես ցանել, մշակել, ջրել, հանել:

«Քանի որ ջուրն այստեղ պակաս է, ջերմային յուրահատուկ՝ ակոսային համակարգ ենք առաջարկում, որ ավելցուկային ջուրն էլ գնալով հավաքվի: Իրենք անում են էն պապենական ձեւով՝ ինչպես որ արել են իրենց նախկին գյուղերում: Ես աշխատում եմ սովորեցնել, թե ինչ ուրիշ ձեւեր կան»,- ասում է «Հայաստանի ծառատունկ» ծրագրի գյուղատնտեսության մասնագետ Գենիկ Մովսիսյանը:

Տնկիների 90-95 տոկոսն ապրում է, քանի որ բնական խոնավություն կա տարածքում:

Գարնանն ու աշնանը գյուղացիներից գնված տնկիները տնկվում են անտառում եւ ցանկապատվում: Այգուտի եւ մոտակա երեք գյուղերի տնկարկներով Գետիկ գետի ավազանի երկու ցանկապատված տարածքներում տնկվել է 61 հեկտար անտառ:

«Հայաստանի ծառատունկ»-ը մասնակցում է ընդհանուր առմամբ այս հեռավոր գյուղերի վիճակի բարելավմանը՝ ներգրավելով նաեւ այլ կազմակեպությունների՝ USDA, World Food Program, Peace Corps, Project Harmony եւ այլն: Ծրագրի օգնությամբ վերականգնվել ու բետոնապատվել են ադրբեջանցիներից անմխիթար վիճակում մնացած՝ ջրամատակարարման տարողությունները: «Հիմա էլ աշխատում ենք պահանջել, որ խմելու ջրով չջրեն»,- ասում է Գենիկ Մովսիսյանը:

Ծրագրի օգնությամբ վերանորոգվել է դպրոցական ճաշարանը, երեխաները ճամբար են ուղարկվել, տաք հագուստով եւ գրենական պիտույքներով ապահովվել: «Շատ են օգնել մեզ՝ դուրս գալու այս նեղ վիճակից»,- ասում է դպրոցի տնօրեն Ալվարդ Սարիբեկյանը:

Ծառատունկի գծով մասնագիտացող այդ գյուղում ձմեռը հիմնականում փայտ են վառում: «Ուզում եք գյուղացին ծառ չկտրի՞: Բա ինչո՞վ տաքանա»,- ասում է գյուղացի կանանցից մեկը:

Սակայն անտառապահ Վալերիկ Բայանդուրյանի հավաստմամբ, գյուղացիները անտառ չեն կտրում. հավաքում են փտածները, թափոնը, ջարդվածները, քամուց ընկածները. «Քամու տապալած շատ կա, որով կարելի է ջեռուցել երկու գյուղ»:

«Չի կարող պատահի, որ առողջ ծառ կտրվի՝ դա ես ձեզ որպես անտառապահ եմ ասում»,- վստահեցնում է Վալերիկը: Նրա խոսքով՝ կտրվում են միայն հիվանդ ծառերը. Երեւանից մասնագետները գալիս ու նշում են հիվանդ ծառերը, դրանք էլ կտրվում են զինվորականների՝ Հոկտեմբերյանի, Ճամբարակի (նախկին Կրասնոսելսկի) պոստերում կանգնած զինվորների համար:

«Հայաստանի ծառատունկ» ծրագրի Հասարակայնության հետ կապերի կոորդինատոր Բելլա Ավետիսյանի խոսքով, «Ծրագիրն» այսօր մտահոգված է գյուղում գազ անցկացնելու հնարավորությամբ: Առայսօր այստեղ տնկված այդ 61 հա անտառը նորմալ տեսք կունենա միայն առնվազն 10-15 տարի հետո: Ավելորդ է ասել, թե որքան ավելի արագ կարելի է վերացնել նույն չափի անտառ:

Իսկ գյուղացիներն ապրում են ու սպասում տնամերձ տնկարաններից «աշխատավարձին»: Թեեւ գյուղական դպրոցի պատերին փակցված են Սահմանադրության փոփոխությունների ռեֆերենդումին վերաբերող հայտարարություններ, բայց այգուտցիներն «Ավելի լավ գիտեն, թե երբ եւ ինչքան փող պիտի ստանան տնկիների համար, քան սահմանադրության ռեֆերենդումի մասին»,- ասում է Գենիկ Մովսիսյանը: