Երեկ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի եւ Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցչի միջեւ տեղի է ունեցել հեռախոսազրույց` երեկ առավոտյան Տավուշի մարզում երեք հայ զինծառայողների հրազենային վնասվածքների ստացման եւ նրանց մահվան հանգամանքների շուրջ: Այդ մասին Tert.am-ին տեղեկացրել է ՀՀ Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը` հաստատելով ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանի` լրատվամիջոցներին հայտնած տեղեկությունը, որ տեղի ունեցածը դարանակալում է: Ըստ Դավիթ Տոնոյանի, նման բան թույլ են տալիս ենթադրելու բոլոր առկա փաստական հանգամանքները եւ ձեռք բերված ապացույցները: «Նախ` տեղանքը, որտեղ դեպքը կատարվել է, երկրորդը` կրակված փամփուշտները, եւ վերջապես` վնասվածքները, որ ստացել էին զինծառայողները: Առհասարակ, սա հատուկ ստորաբաժանումներում ծառայած անձանց բնորոշ գործելաոճ է»,- ասել է Պաշտպանության փոխնախարարը` նախաքննության շահերից ելնելով այլ մանրամասներ չհաղորդելով:
Հիշեցնենք, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցված է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) մի շարք կետերի հատկանիշներով: Դեպքը տեղի է ունեցել Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարհահատվածում. պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վերաբերյալ ՊՆ-ից ավելի վաղ հաղորդվել էր, որ դեպքի վայրի զննության ժամանակ բազմաթիվ հրազենային հետքեր են հայտնաբերվել նաեւ ավտոմեքենայի վրա: Ի պատասխան հարցի, թե վերջին միջադեպը կապվո՞ւմ է երկու օր առաջ նույն մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզի ուղղությամբ արձակված կրակոցների հետ, Դավիթ Տոնոյանը միայն նշել է, որ դիտարկում են սահմանի այս հատվածում ընդհանուր լարվածություն պահելու` հարեւան երկրի ընդհանուր սադրիչ գործողությունների համատեքստում: