«Ո՞նց կարող ա էշն ու ձին միավորվեն»

28/04/2012

Հարցնում է Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը` անդրադառնալով ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից ստեղծված միասնական շտաբին: Կ. Կարապետյանի խոսքով` այսօր քաղաքական դաշտում տեղի ունեցող բոլոր «խաղերն» ակնհայտ են, եւ բոլորն էլ գիտեն` ով ով է: Օրինակ, ըստ նրա` հայտնի է, որ ՀԱԿ-ը «խաղում» է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, իսկ «Ժառանգությունը»` ՀՀԿ-ի: Տ. Կարապետիչի բնորոշմամբ, սակայն, առավել հետաքրքիր է ՀԱԿ-ԲՀԿ խաղը. «Ա՜յ, սա հետաքրքիր ա, դա ձեռ ա տալիս Լեւոն Տեր-Պետրոսյանին. ԲՀԿ-ի հետ խառնվել ա էն առումով, որ պայմանավորվել են, ձայները` մենք` ձեզ, դուք` մեզ: ԲՀԿ-ն էլ բոլորին է էդպես ասում: Օրինակ, ՀԱԿ-ին ասում ա` որտեղ մեծամասնականով մենք չկանք` դուք կաք, ձեզ տանք, ու հակառակը: Էհ, ձեռ ա տալիս…»,- երեկվա ասուլիսում ասել է Տ.Կարապետյանը: Անդրադառնալով երեք քաղաքական ուժերի` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ կողմից ստեղծած միասնական շտաբին, ըստ tert.am-ի` նա ասել է. «Ո՞նց կարող ա էշն ու ձին միավորվեն»: Նաեւ հավելել է, թե այդկերպ վերոնշյալ քաղաքական ուժերը խոստովանում են, որ գաղափարախոսություն չունեն: Ըստ կայքի` երեկվա ասուլիսում Տիգրան Կարապետյանը «էշ» բառը հիշատակելու եւս մեկ առիթ է ունեցել. երկրորդ անգամ նա այդ բառն օգտագործել է «Ժառանգության» այն պնդումների առիթով, թե վերջիններս իրենց հանձնաժողովականների տեղերը տվել են ՀՀԿ-ին «համակարգչային, տեխնիկական վրիպակի» պատճառով: «Լա՜վ էլի, թող էշի տեղ չդնեն, էլի»,- ասել է Տ. Կարապետյանը: Վերջինս թեեւ դրական է վերաբերվում Րաֆֆի Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, նրան համարում է «ՑՌՈՒ»-ական: Իսկ մյուս քաղաքական ուժերն, ըստ Տ. Կարապետյանի` ԿԳԲ-ական են: «Րաֆֆի Հովհաննիսյանը խորհրդարանի մասին չի մտածում, նա դրսի ուժերի կողմից դիտվում է որպես նախագահական ընտրությունների թեկնածու: Ինքը, որ հիմա ուզում է խորհրդարան անցնի, կապ չունի` հի՞նգ հոգով անցնի, յո՞թ. դա պլատֆորմ է, ինքը կառաջադրվի նախագահական ընտրություններին»,- ասել է նա: Անդրադառնալով ՀԱԿ-ին, Տ. Կարապետյանն ասել է, թե «ՀԱԿ-ը գնաց ինձ փոշիացնելու ճանապարհով, հիմա էլ ինքն է փոշիանում»: Որպես ապացույց` նա վկայակոչել է ՀԱԿ նախընտրական հանդիպումների ժամանակ հավաքված քիչ թվով մարդկանց: «Իրանց սրած բիզը…»,- ասել է ԺԿ նախագահը` մատնանշելով թիվ 7 ընտրատարածքում առաջադրված թեկնածու Նիկոլ Փաշինյանի դեմ դուրս եկող «ագրեսիվ» կանանց: Նրա խոսքով` տեղի է ունենում այն, ինչ ժամանակին իր հետ էին անում «ՀՀՇ-ի ԲՏՌ կանայք»` իր հանրահավաքի ժամանակ հարձակվելով իր վրա։ «Հիմա էլ այլ ԲՏՌ-ներ հարձակվում են իրենց վրա»,- ասել է նա: