«Ամենակարեւորը սոցիալական արդարության խնդիրն է»

28/04/2012

– Ինչպե՞ս եք գնահատում նախընտրական քարոզարշավի ընթացքը:

– Նախընտրական քարոզարշավը, կարծում եմ, նորմալ, բնականոն հունով է ընթանում: Խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական ուժերը փորձում են (համենայնդեպս, անցած 20 օրվա ընթացքում այդպես է եղել), «տեղավորվել» օրենքի պահանջների մեջ եւ «համը չեն հանում»: Ներկայացնում են իրենց, իրենց ծրագրերը: Մի քանի՝ մեկ կամ երկու քաղաքական ուժեր կան, որոնք ոչ թե իրենց են ուզում ներկայացնել, այլ փորձում են ուրիշներին սեւացնել: Կարծում եմ, պատճառն այն է, որ այդ քաղաքական ուժերը, կարծես, իրենց ոտքի տակի հողը կորցրել են, կորցրել են ընտրողի, հասարակության վստահությունը, եւ այն հավակնությունները, որ ունեին 3-4 տարի առաջ, այսօր ռեալ չեն: Իրենց հավակնությունների արձագանքը չստանալով` իրենց մասին խոսելու փոխարեն, խոսում են ուրիշների դեմ:

– Ստացվել է այնպես, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը, բացի ՕԵԿ-ից ու «Ժառանգությունից», պայքարում են ՀՀԿ-ի դեմ: Այս պարագայում ինչպե՞ս եք գնահատում կուսակցության հնարավորությունները:

– Համաձայն չեմ ձեւակերպման հետ: Միայն մի քաղաքական ուժ՝ ՀԱԿ-ն է հայտարարում, որ պայքարում է իշխանության դեմ: Եվ, թերեւս, հենց այդ հայտարարությունն է միայն ՀԱԿ-ին պահում ընդդիմադիր ուժի դիրքերում: Իսկ մյուս քաղաքական ուժերը ոչ թե պայքարում են ՀՀԿ-ի դեմ, այլ պայքարում են հանուն իշխանության: Քանի որ այսօր իշխող քաղաքական ուժը ՀՀԿ-ն է, եւ մեծամասնություն ձեւավորելու առավել մեծ շանսեր հենց ՀՀԿ-ն ունի, համընդհանուր քննադատության սլաքն ուղղվում է իշխող ուժի դեմ, եւ, հասարակությունն ավելորդ անգամ համոզվում է, որ քաղաքական խանդը տխուր բան է, քաղաքական նախանձը` ավելի տխուր: Այդուհանդերձ, հանրահայտ է, որ ընդդեմ պայքարը որեւէ մեկին որեւէ տեղ չի տանի: Քարոզարշավի ավարտին քիչ ժամանակ է մնացել, եւ լավ կլինի, որ այդ ժամանակն օգտագործվի ըստ արժանվույն:

– Վերջերս ՀՀԿ գործադիր մարմինը հայտարարել էր, որ որդեգրում է ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցություն ապահովող կանոններ: Արդյո՞ք հետեւում եք այդ կանոններին, իսկ եթե ոչ, ապա՝ ո՞վ է խախտում:

– Կանոններն ուղղված են կուսակցության անդամներին եւ տարողունակ տեղեկատվություն են պարունակում: Դա հրահանգ է` ուղեցույց, ընտրությունների բոլոր մասնակիցներին, առաջին հերթին՝ ՀՀԿ-ի ներկայացուցիչներին, որպեսզի պահպանեն օրենքի պահանջները, եւ ամեն ինչ անեն` ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու համար: Թեպետ կանոններն ուղղված են ՀՀԿ-ականներին, այլ քաղաքական ուժերի համար եւս բավականաչափ իրավական տեղեկատվություն են պարունակում: Քարոզարշավի անցած 20 օրերը վկայում են, որ ՀՀԿ-ն հենց այդպես էլ աշխատում է:

– Որպես լրագրող, ի՞նչ եք կարծում` նախընտրական քարոզարշավի ընթացքի վրա ինչպիսի՞ ազդեցություն ունեն ԶԼՄ-ները:

– ԶԼՄ-ները, ինչպես բոլոր ընտրությունների ժամանակ, իրենց գործառույթներն իրականացնելով, համակողմանիորեն ներկայացնում են քարոզարշավը, քաղաքական ուժերի քարոզարշավի լուսաբանումը, կարծում եմ, հավասարակշռված են եւ՛ հեռուստաընկերությունները, եւ՛ տպագիր թերթերը, եւ՛ էլեկտրոնային կայքերը, բոլորը կարգին չարչարվում են այս օրերին: Ես, առավել, քան որեւէ մեկը, պարզորոշ տեսնում եմ այդ չարչարանքը եւ իմ գործընկերներին մաղթում եմ համբերություն եւ հավասարակշռություն մինչ այս ամբողջ «աղմուկի» ավարտը: Պարզ երեւում է, որ մեկ-երկու էլեկտրոնային կայքեր եւ լրատվամիջոցներ, պատկանելով այս կամ այն ուժին ու անհատին, որոշակի համակրանքներ են ներկայացնում, դրան նույնպես պետք է ըմբռնումով վերաբերվել:

– Ո՞րն է ամենաառաջնահերթ խնդիրը, որ որպես լրագրող արձանագրել եք, եւ ընտրվելու դեպքում, որպես պատգամավոր՝ առաջինը ձեռնամուխ կլինեք լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուն:

– Այսօր ոչ միայն մեզանում, այլեւ եվրոպական շատ երկրներում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարդիկ կամաց-կամաց մոռանում են կյանքի մշակույթի մասին, իսկ սա անչափ կարեւոր բաղադրիչ է, եթե այս մոռացությունն ավելի խորանա, մենք կկորցնենք շատ կարեւոր արժեքներ, որոնք գերիշխող պետք է դարձնել եւ ոչ թե կորցնել: Ինքս ձգտում եմ դրան` մարդու ինքնահաստատմանը եւ ինքնադրսեւորման հնարավորության ապահովմանը, կյանքի մշակույթի բարձրացմանը: Պարզ է, որ միայն մեկ պատգամավորը կամ մեկ լրագրողը շատ քիչ բան կարող է անել իրավիճակը փոխելու համար: Այդ պատճառով անհրաժեշտ է որոշակի թիմ, խումբ, որը կմտածի, կաշխատի եւ կնայի նույն ուղղությամբ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան եւ, բարեբախտաբար, կա գիտակցումը, որ այդ խնդիրներն առաջնային լուծման կարիք ունեն: Որոշ խնդիրներ այս տարիների ընթացքում այնքան են մնացել, որ, այսպես ասած` քարանալու վտանգի առջեւ են հայտնվել: Այդ բոլոր խնդիրները պետք է աստիճանաբար լուծում ստանան: Մեր հասարակությանն առաջին հերթին հետաքրքրում են տնտեսական եւ սոցիալական խնդիրները. աշխատատեղերի ստեղծման, մարդկանց սոցիալական ապահովվածության եւ ամենակարեւորը՝ սոցիալական արդարության խնդիրը: Այսօր իշխող քաղաքական ուժը, իր կարգախոսը կազմելիս, այդ ելակետն է ունեցել. մարդը պետք է հավատա իր ուժերին եւ գնա փոփոխությունների: Այսինքն՝ հավատա, որ իր ուժերով, իր կատարած քայլերով այդ փոփոխությունները հնարավոր են: Եթե դա չլինի, մենք չենք կարող որեւէ խնդիր լուծել: Հուսով եմ՝ ընտրողները հասկանում են, որ պատգամավորը ո՛չ աշխատատեղ կարող է բացել եւ ո՛չ էլ սոցիալական զամբյուղի խնդիր լուծել: Պատգամավորն այդ ամենը կարող է ապահովել օրենքների ընդունման, օրենքները ճիշտ մշակելու եւ օրինաստեղծ աշխատանքի միջոցով, ինչը եւ ես պատրաստվում եմ անել:

– Աշխարհաքաղաքական խնդիրներն ինչպե՞ս կարող են ազդել ՀՀ խորհրդարանական ընտրությունների վրա:

– Նախընտրական թոհուբոհի մեջ քաղաքական ուժերը` խոսելով միայն սոցիալական, տնտեսական խնդիրներից, մոռանում են, որ մենք աշխարհի մի մասնիկն ենք, աշխարհից դուրս չենք: Ընտրությունները լինելու են մայիսի 6-ին եւ ավարտվելու են, բայց աշխարհի առջեւ ունեցած մեր պարտավորություններն ու աշխարհի պարտավորությունները մեր երկրի առջեւ` չեն վերանալու: Ես ուզում եմ անդրադառնալ Եվրախորհրդարանի բանաձեւերին, որոնք վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի ասոցիացման բանակցություններին: ԵԽ-ն կարեւորել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը: Ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ, բայց արդեն քանի տարի է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, նախագահող երկրների նախագահները, հակամարտության կողմերը համաձայնեցրել են այն սկզբունքները, որոնց շրջանակում կարող է հարցը լուծվել, եւ այդ շրջանակում Հելսինկյան եզրափակիչ ակտի դրույթներն են` ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականության պահպանումը եւ ազգերի ինքնորոշման իրավունքը, ու ամենակարեւորը` գերակայություն չի տրվում որեւէ սկզբունքին: Այս կտրվածքով ԵԽ բանաձեւը թվում է չոր, չինովնիկական մի գրություն, որտեղ իրենց ընդհանուր դրույթներն առաջադրում են բոլորին, իրականությունը, իհարկե, այդքան պարզ չէ: Աշխարհը չի սիրում կոնֆլիկտային իրավիճակներ, կոնֆլիկտային տարածքներ, եւ միջազգային կառույցներն ամեն ինչ փորձում են անել կոնֆլիկտները հարթեցնելու համար: Այս նախընտրական շրջանում քաղաքական որեւէ ուժ իրեն այդ հարցը չտվեց, թե այս ամբողջ աղմուկի, թոհուբոհի մեջ որո՞նք են մեր այն խնդիրները, որոնք պետք է շտապ լուծում ստանան: Մենք չպետք է մոռանանք, որ մայիսի 6-ից հետո կյանքը դեռ շարունակվելու է, եւ մեր երկրի առջեւ բավականին լուրջ խնդիրներ են դրված, որոնք պարզապես ստիպված ենք լինելու լուծել` անկախ նրանից, թե ինչպիսի իշխանություն կունենանք: Եվ քաղաքական խնդիրներից բացի, կա նաեւ կենսապահովման անհրաժեշտությունը, ու այնպես չէ, որ ֆինանսնատնտեսական ճգնաժամը ու սեփական հարցերը մի կողմ դրած` Ռուսաստանից ԱՄՆ բոլորն ուզում են մեզ շահել-պահել:

Գայանե ԼԱԼԱՅԱՆ