Եթե «Ինչո՞ւ դառնալ դիվանագետ»՝ հարցադրման առաջին մասն ուղղեք միջազգային ֆակուլտետի դիմորդներին, նրանց ճնշող մեծամասնությունը հավանաբար կպատասխանի. «Որովհետեւ հետաքրքիր մասնագիտություն է»: Մինչդեռ շատերը, համոզված եմ, ցանկանում են դիվանագետ դառնալ` գայթակղվելով մասնագիտության արտաքին փայլով եւ խորհրդավորության շղարշով: Ընտրելով այդ մասնագիտությունը, պատանին կամ պարմանուհին պարզապես ձգտում են գեղեցիկ կյանքի՝ ոչ պակաս գեղեցիկ արտասահմանում: Դա շատ բնական է, եւ դրանում քննադատելի ոչինչ չկա: Սակայն այդ ընտրության մեջ որոշակի դեր է կատարում անտեղյակությունը, որը հետագայում երիտասարդին կարող է կանգնեցնել դժվարությունների առջեւ:
Այն, որ դիվանագիտությունը հետաքրքիր գործ է՝ երկու կարծիք լինել չի կարող: Բայց կասկածից դուրս է նաեւ այն, որ դիվանագիտության օգնությամբ դեպի գեղեցիկ կյանք տանող ճանապարհը փշոտ է եւ դժվարանց: Եվ ոչ ոք, ո՛չ դպրոցներում, ո՛չ էլ բուհերում չի խոսում այդ մասին: Մինչդեռ մատաղ սերնդի ողջ ինֆորմացիան գալիս է ֆիլմերից, հեռուստաալիքներից, պատկերազարդ ամսագրերից, բեստսելլերներից, որոնցում դիվանագիտությունը ներկայացված է որպես ռաուտների եւ ցնցող ընդունելությունների անվերջանալի շարան, շքեղ վիլլաներ, վերջին մակնիշի մեքենաներ, մի խոսքով՝ տոն, որը միշտ քեզ հետ է: Ինչպես թեւավոր խոսքն է ասում` «լավ ապրելը չես արգելի»: Սակայն երիտասարդներին պետք է տեղեկացվի, որ, դժբախտաբար, այսօրվա հայ դիվանագետի համար նման շիկ կյանքը դեռեւս պատրանք է: Չէի ցանկանա նրանց հուսախաբ անել, բայց համեմատության համար ասեմ, որ Բեյրութում ՀՀ դեսպանի իմ աշխատավարձը կազմում էր ամսական $1800, իսկ ԱՄՆ դեսպան Դեւիդ Սաթերֆիլդինը՝ $36.000: Իմիջիայլոց, նա վերին աստիճանի համեստ եւ արտակարգ աշխատունակության տեր դիվանագետ է, Մերձավոր Արեւելքի խոշոր մասնագետ, որը Բեյրութից հետո նշանակվեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ:
Ընդհանրապես, դիվանագիտությունը բյուջետային աշխատանք է, եւ ես մեծահարուստ դեսպան չեմ տեսել, եթե նա, անշուշտ, պետության գրպանը չի մտնում: Այնպես որ, եթե մեր օլիգարխները ցանկանում են, որ իրենց ժառանգները եւս հարուստ լինեն, ճիշտ կանեն` նրանց սովորեցնեն իրենց արհեստը, այլ ոչ թե ուղարկեն միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ինչը հիմա շատ մոդա է:
Մեծերի (մանավանդ` պրոֆեսիոնալ մեծերի) պարտքն է` բացատրել երիտասարդին, որ դիվանագիտությունը նախ եւ առաջ աշխատանք է, ըստ որում՝ ծանր աշխատանք: Հարկ է շեշտել, որ դիվանագիտությունը պետական, վերին աստիճանի պատասխանատու ծառայություն է: Իրագործել երկրի արտաքին քաղաքականությունը, պաշտպանել հայրենիքի շահերը կարող են միայն բազմակողմանի զարգացում, բարձր կուլտուրա, լայն մտահորիզոն, անալիտիկ մտածողություն ունեցող, ուժեղ բարոյակամային հատկություններով օժտված մարդիկ: Նման առաքելության համար անհրաժեշտ է սովորել շատ երկար եւ տքնաջան:
Եվս մի խնդրի շուրջ խոսենք: Աշխարհում դժվար կգտնվի մի երկիր, որի Արտգործնախարարության համակարգում կանայք կազմեն այնպիսի տոկոսային հարաբերություն, ինչպիսին Հայաստանն է: Եվ կին շրջանավարտների թիվը շարունակում է աճել: Չնայած գեղեցիկ սեռի ներկայացուցիչների նկատմամբ իմ խորին համակրանքին, նրանց պետք է հիասթափեցնեմ. դիվանագիտությունը կանացի մասնագիտություն չէ: Եվ դրա հայտնագործության պատիվն ինձ չէ պատկանում: Կոլոնտայներն ու ռայսերը բացառություններ են: Իսկ կադրային քաղաքականությունում բացառությունները չեն կարող որոշիչ լինել:
Հիմա անդրադառնանք հարցադրման երկրորդ մասին՝ «Ինչպե՞ս պատրաստել դիվանագետներ»:
Իմ խորին համոզմամբ, չնայած հայկական իրականության մեջ շուկայական հարաբերությունների հաղթանակին, դիվանագիտական կադրերի պատրաստումը պետք է լինի պետության մենաշնորհը, իրագործվի նրա մշտական հսկողության եւ հոգածության ներքո՝ պլանային սկզբունքով: Հանրապետությունում գործող պետական եւ մասնավոր բուհերի միջազգային հարաբերությունների ֆակուլտետները հեռու են այսօրվա պահանջները բավարարելուց: Մի կողմ թողնենք այդ բուհերում բարձրորակ կադրեր պատրաստելու կարողության կասկածելիությունը, անհրաժեշտ պրոֆեսորադասախոսական կորպուսի եւ գիտատեխնիկական բազայի եւ այլ կարեւոր նախադրյալների բացակայությունը:
Անհրաժեշտ է պետական մակարդակով մշակել եւ ընդունել դիվանագիտական կադրեր պատրաստելու համալիր քաղաքականություն: Ընդունա՞կ է արդյոք այդ խնդիրը լուծել Երեւանի Պետհամալսարանը կամ որեւէ ուրիշ բուհ. կասկածում եմ: Խնդրի համալիր լուծման համար նախ՝ պետք է հասկանալ, թե ի՞նչ է կատարվում այդ ոլորտում, եւ արդյո՞ք կա որեւէ կոորդինացնող կառույց:
Ո՞վ է որոշել, օրինակ, զարկ տալ միջազգային հարաբերությունների բաժինների կամ ֆակուլտետների բազմացմանը, երբ այդ մասնագիտությունը, փաստորեն, նույն պատմագիտությունն է: Մինչդեռ, ելնելով արտաքին քաղաքականության ռեալիայից եւ դիվանագիտական խնդիրներից, հանրապետությանը խիստ անհրաժեշտ են միջազգային իրավունքի, էկոնոմիկայի, ժուռնալիստիկայի եւ քաղաքական վերլուծության մասնագետներ: Կամ ինչպե՞ս հասկանալ այն, որ պետական բուհերից մեկը պատրաստում է համաշխարհային էկոնոմիկայի մասնագետներ: Հավանաբար, այնտեղ եկել են այն եզրահանգման, որ նրանք կնպաստեն Հայաստանի տնտեսական վերելքին: Ոչ մի քննադատության չի դիմանում շրջանավարտների քանակի եւ նշանակումների պլանավորումը, եթե այդպիսին, անշուշտ, գոյություն ունի Կրթության եւ գիտության նախարարությունում: Հայաստանն «արտադրում է» այնքան շրջանավարտ, որ մենք կարող ենք դեսպանություններ բացել անգամ Մարշալյան կղզիներում եւ Բարբադոսում, ու դեռ էլի չտեղավորված կադրեր կունենանք: Եվ, ի վերջո, ժամանակն է հրաժարվել ուսանողական նստարանից ԱԳՆ կադրեր վերցնելու եւ նրանցից աքսելերատներ ստանալու պրակտիկան: Դրա շնորհիվ հայկական դիվանագիտությունը զարմանահրաշ նորարարություն է մտցրել համաշխարհային դիվանագիտության պատմության մեջ՝ 30-ը չբոլորած կանաչ երիտասարդների նշանակելով պետության համար առանցքային կարեւորություն ունեցող երկրներում արտակարգ եւ լիազոր դեսպաններ:
Նշված թերությունները դիվանագիտական կադրերի պատրաստման միայն այսբերգի վերեւի մասն են: Բայց սա առանձին թեմա է: Իսկ եթե Արտաքին գործերի նախարարությունը եւ Կրթության եւ գիտության նախարարությունը մտադրված են գործել նման մեթոդներով նման բազայի հիման վրա, ապա այդպես մենք հեռու չենք գնա:
Հայաստանում դիվանագիտական կադրերի պատրաստման գերկարեւոր խնդրում հետեւյալ սխեմատիկ առաջարկը կանեի՝ ՀՀ կառավարության որոշմամբ` Արտգործնախարարությունում բացել դիվանագիտական ակադեմիա (դպրոց, կուրսեր՝ անվանումը կարեւոր չէ): Ուսման տեւողությունը` 2-3 տարի, ֆակուլտետները՝ ա) միջազգային իրավունք, բ) միջազգային էկոնոմիկա, գ) միջազգային ժուռնալիստիկա, դ) քաղաքական վերլուծություն, ե) դիվանագիտական ծառայություն, ուսումը՝ վճարովի, կարգավիճակը՝ գերատեսչական, ԱԳՆ-ի համակարգում, ընդունելությունը՝ քննությունով, միայն բարձրագույն կրթություն ունեցողների համար, տարեկան քանակը՝ 20-25 ունկնդիր:
Նշված մոտավոր սահմանափակ թիվը պայմանավորված է նրանով, որ դիվանագետի ուսուցումը անհատական, ոչ կոնվեերային, այլ ոսկերչական աշխատանք է: Այսինքն, պետք է նվազագույնի հասցնել բազմալսարանային դասախոսությունները եւ անցնել մեկ, առանձին դեպքում՝ երկու ունկնդրի հետ բարձրակարգ դասախոս-էքսպերտի պարապմունքների պրակտիկային:
Այս մեթոդոլոգիայի հիմնադիր կարելի է համարել ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին: Երբ 1933թ. դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Միացյալ Նահանգների եւ Խորհրդային Միության միջեւ, պարզվեց, որ Նահանգներում կարգին ռուսերեն եւ Ռուսաստանն իմացող չկա: Ռուզվելտի անմիջական ցուցումով Ամերիկայի լավագույն համալսարաններից հավաքեցին 15 շրջանավարտներ եւ Պետական դեպարտամենտում սկսեցին անհատական ուսուցում անցկացնել նրանց հետ: Այսպիսով ստեղծվեց խորհրդային իրականության եւ ռուսերենին տիրապետող «բարձր պիլոտաժի» էքսպերտների հզոր խումբ, որը կես դարից ավելի ղեկավարում էր Վաշինգտոնի արտաքին քաղաքականության ռուսական ուղղությունը: Նրանցից շատերը որպես դեսպաններ աշխատեցին Մոսկվայում, այդ թվում՝ 20-րդ դարի փայլուն դիվանագետներից մեկը՝ Ջորջ Քեննանը: