ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելությունը հրապարակել է իր երկրորդ միջանկյալ զեկույցը, որում անդրադարձ կա նախընտրական շրջանում արձանագրված միջադեպերին: «Թեեւ ապրիլի 8-ին մեկնարկած եւ բուռն ընթացք ունեցող քարոզարշավի մասնակիցները հիմնականում ապահովված են քարոզչության, ինչպես նաեւ նախընտրական կարգախոսներ տեղակայելու համար համապատասխան տարածքների հնարավորություններով, այնուամենայնիվ, եղել է քարոզչությանը խոչընդոտելու, այդ թվում` ծեծկռտուքի երկու դեպք Երեւանում»,- նշված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության զեկույցում: Նշվում է, որ արձանագրվել են ընտրական օրենսգրքի` քարոզչությունը կարգավորող դրույթների խախտումներ: Մասնավորապես, արձանագրվել են այն դեպքերը, երբ դպրոցներում ուսուցիչներին եւ աշակերտներին առաջարկվել է մասնակցել ՀՀԿ նախընտրական միջոցառումներին: Նշվում է նաեւ, որ որոշ կուսակցությունների քարոզչական նյութերը տեղադրվել են տեղական նշանակության շենքերի եւ ընտրական տեղամասերի վրա: «Գագիկ Ծառուկյանի սեփականությունը հանդիսացող բիզնեսի կողմից տարբեր շրջաններում տրակտորներ տրամադրելը դե ֆակտո կուսակցության քարոզարշավի բաղադրիչ է»,- նշված է զեկույցում, ըստ որի` ապրիլի 17-ից սկսած Ոստիկանությունը քննության է առել հնարավոր ընտրական իրավախախտումների 14 դեպք: