Երեկ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով`նվիրված միջազգային եւ ազգային օրենսդրությամբ ամրագրված փոքրամասնությունների իրավունքներին ու քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների եւ հասարակական լայն շերտերի շրջանում դրանց վերաբերյալ իրազեկության բարձրացման մեխանիզմներին: Աշխատաժողովին մասնակցել են ներկայացուցիչներ ՀՀ նախագահի աշխատակազմից, ԱԳՆ-ից, ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող այլ պետական կառույցներից, ՄԻՊ գրասենյակից, ինչպես նաեւ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների համայնքներից: «Օրենսդրական դրույթների եւ միջազգային չափորոշիչների իմացությունը կարեւոր է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը ապահովելու համար: Հուսով եմ` այսօրվա քննարկումը մեզ կօգնի լինել ավելի լավ տեղեկացված այս ուղղությամբ թե՛ պետական եւ թե՛ քաղաքացիական հասարակության տարբեր դերակատարների ձեռնարկած բոլոր գործողությունների եւ միջոցառումների մասին»,- ասել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի Մարդու իրավունքների հարցերով պատասխանատու Վլադիմիր Չունտուլովը: Ներկայացվել է նաեւ ազգային փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող փաստաթղթերի ընտրանին, որը պատրաստվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից` ՀՀ ԱԳ նախարարության եւ ՀՀ կառավարության Ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության հետ սերտ համագործակցությամբ: Մասնակիցները քննարկել են նաեւ փոքրամասնությունների լեզուների գործածումը վարչական իշխանությունների հետ հաղորդակցվելիս, փոքրամասնությունների իրավունքների մասին իրազեկության եւ բարելավված օրենսդրության եւ պրակտիկայի հարաբերակցությունը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի դերը` որպես փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության կարեւոր մեխանիզմ: