Ո՞ւմ հետ է ԲՀԿ-ն դիտելու ձայնագրությունները

28/04/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մայիսի 6-ին` ԱԺ ընտրությունների օրը` բոլոր 1982 ընտրատեղամասերում կիրականացնի նկարահանում 08:00-ից մինչեւ վերջին քվեաթերթիկի հաշվումը: Այդ մասին հայտնել են կուսակցության նախընտրական շտաբից։

Լուրերը, որ ԲՀԿ-ն տեսանկարահանելու է քվեարկության ընթացքը բոլոր տեղամասերում, վաղուց էին շրջանառվում։ Իսկ մոտավորապես 10 օր առաջ մամուլում հրապարակվեց տեղեկություն, որ արդեն Հայաստան են հասել ԲՀԿ-ի ներկրած 2 հազար տեսախցիկները։ Հետաքրքիր է, որ ԲՀԿ շտաբի պետ Վարդան Վարդանյանն ասել է, որ տեսախցիկների համար ԲՀԿ նախընտրական շտաբը որեւէ գումար չի հատկացնելու, քանի որ այդ մասով ծախս նախատեսված չէ: «Մենք մեր ներկայացուցիչներին ասել ենք, որ ամեն մեկն իր սեփական օգտագործման տեսախցիկը բերի ու նկարի»,- tert.am-ին ասել է Վարդանյանը:

Երեկ ԲՀԿ-ի այս նախաձեռնությունն ակտիվորեն քննարկվում էր սոցցանցերում՝ այն իմաստով, թե իրականում ի՞նչ օգուտ կարող է տալ համատարած տեսանկարահանումը, եւ որ պակաս կարեւոր չէ՝ ո՞ւմ է օգուտ տալու։

Ամենակարեւոր էֆեկտը, ինչպես շատերն ակնկալում են, լինելու է ոչ թե լցոնումների բացառումը (առանց այդ էլ իշխանությունները սկսել են կեղծել ավելի քաղաքակիրթ մեթոդներով), այլ՝ քվեարկության մասնակիցների իրական թվի ֆիքսումը։ Երբ Ոստիկանությունը հայտարարեց, որ Հայաստանում ընտրողների թիվը 2008 թվականի ընտրությունների համեմատ աճել է շուրջ 160 հազարով եւ կազմում է 2.4 միլիոն մարդ, միանգամից սրվեց այն մտահոգությունը, որ պատրաստվում է լայնամասշտաբ «նկարչություն»։ Ոստիկանության հետ վիճելն անիմաստ է, քանի որ քննադատողները տեղեկատվական բազաներին լիարժեք չեն տիրապետում։ Իսկ հիմա, երբ ԲՀԿ-ն ապահովում է տեսանկարահանում, շատերը հույս ունեն, որ չի հաջողվի ուռճացնել ընտրողների իրական թիվը։ Այսինքն՝ իշխանության գործն ահագին կդժվարանա։

Որքանո՞վ են արդարացված այդ հույսերը։ Նախ նշենք, որ տեսանկարահանման իրավունքն ամրագրված է ՀՀ նոր ընտրական օրենսգրքով։ Այսինքն՝ կարծես որեւէ խոչընդոտ չպետք է լինի։ Սակայն` միայն առաջին հայացքից։ ՀՀ Ընտրական օրենսգրքի Հոդված 6 (Ընտրությունների հրապարակայնությունը) ասում է. «Ընտրական հանձնաժողովների նիստերը, ինչպես նաեւ քվեարկության ընթացքը վստահված անձինք, դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են լուսանկարահանել, տեսանկարահանել` չխախտելով ընտրողների քվեարկության գաղտնիության իրավունքը»։ Ամբողջ հմայքը թաքնված է հենց այս վերջին արտահայտության մեջ՝ քվեարկության գաղտնիության։

Բանն այն է, որ գաղտնիության էլեմենտ է հանդիսանում ոչ միայն քվեարկության արդյունքը (թե ընտրողն ում օգտին է քվեարկել), այլ նաեւ քվեարկության մասնակցության իրավունքը։ Այս մասին դեռ մի քանի շաբաթ առաջ «168 Ժամի» հետ զրույցում ասել էր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։ «Ստորագրման պրոցեսի ժամանակ բացահայտվում է ընտրողի` քվեարկության մասնակցելու իրավունքը, ինչը եւս գաղտնիության ինստիտուտի էլեմենտներից մեկն է հանդիսանում: Հետեւաբար, լուսանկարահանումն ու տեսանկարահանումը պետք է անցկացվեն այնպես, որ գաղտնիությունը չխախտվի»,- նշել էր Մուկուչյանը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է որոշել, թե ի՞նչ եղանակով իրականացնել նկարահանումը, որպեսզի եւ այդ իրավունքն ունեցողն իրավունք ունենա լիարժեք ծավալով իրականացնել այդ իրավունքը, եւ միաժամանակ դա չդիտվի որպես իրավունքի չարաշահում, այսինքն` չլինի այնպիսին, որ դրանով խախտվի ընտրողի քվեարկության գաղտնիության իրավունքը։ Այսինքն, եթե դուք գնում եք ընտրատեղամաս, ապա իրավունք ունեք, որ դա գաղտնի մնա, չհրապարակայնացվի, որ դուք մասնակցել եք քվեարկությանը։ Հաշվի առնելով, որ անհնար է ծպտված գնալ տեղամաս, եւ մասնակցության փաստն ինքնին արդեն բացահայտվում է տեղամասում ներկա անձանց կողմից՝ այս դրույթն աբսուրդ է թվում։ Սակայն այդ դրույթը կա, եւ իշխանությունները հենց դրանով էին պատճառաբանում, որ չի կարելի ստորագրված ցուցակները հրապարակել։

Իսկ տեխնիկապես ինչպե՞ս է հնարավոր այնպես կազմակերպել նկարահանումը, որ մարդկանց ինքնությունը չբացահայտի։ Տ. Մուկուչյանը նշել էր, որ այս հարցի հետ կապված ԿԸՀ-ում նախապատրաստվում է նախագիծ, եւ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք կունենանք պարզաբանում, թե ինչ եղանակով պետք է կատարվի նկարահանումը, որպեսզի չխախտվի քվեարկության գաղտնիության իրավունքը։ Այսինքն՝ չի բացառվում, որ ԿԸՀ-ն մտցնի տեսանկարահանման այնպիսի սահմանափակումներ, որ 2000 տեսախցիկների օգտագործումը չտա սպասված արդյունքը։

Կա նաեւ մեկ այլ նրբություն. խախտում արձանագրած տեսանյութը կարող է չդառնալ ապացույց՝ դատարան ներկայացնելու համար։ Հնարավոր է հարկ լինի այն փորձաքննության ենթարկել՝ ստուգելու համար՝ մոնտաժվա՞ծ է, թե՞ ոչ։ Իսկ թե ինչ արդյունքներ են ունենում հայաստանյան փորձաքննությունները, բոլորը գիտեն։

Ինչեւէ, չնայած այս դժվարություններին, տեսանկարահանումը գոնե զգաստացնող ազդեցություն կունենա ընտրության մասնակիցների վրա եւ կնվազեցնի կեղծիքները։ Դրա մասին վկայում է այն համառությունը, որով իշխանությունները դեմ էին արտահայտվում բոլոր տեղամասերում տեսախցիկներ տեղադրելու առաջարկներին։ Իսկ այժմ դա անում է ԲՀԿ-ն՝ սեփական ռեսուրսներով։ Եվ հենց այստեղ էլ առաջ է գալիս ամենակարեւոր հարցը՝ ո՞վ է դրանից շահելու։

Եթե տեսախցիկները ԲՀԿ-ինն են, ապա տեսանյութերը՝ խախտումներով հանդերձ, նույնպես լինելու են ԲՀԿ-ինը։ Եվ ԲՀԿ-ն է որոշելու՝ դրանք հրապարակե՞լ, թե՞ ոչ։ Կամ՝ որքանո՞վ հրապարակել։ Շատերին թվում է, որ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ հանդիսանալով ընտրությունների ընթացքը վերահսկող շտաբի անդամ՝ ԲՀԿ-ն ներկայացնում է ընդդիմադիր դաշտն ու ոչ պակաս ջանասիրությամբ պայքարելու է ՀՀԿ-ի դեմ։ Այսինքն՝ ԲՀԿ-ի հավաքած «թղթապանակը» (խախտումների տեսանյութերը) կարող են օգտագործվել նաեւ ՀԱԿ-ի կողմից։ Սակայն, մյուս կողմից` պետք չէ մոռանալ, որ ԲՀԿ-ն նույնպես իշխանություն է եւ հանդիսանում է կոալիցիայի անդամ։ Եվ այս պահին դժվար է ասել՝ տեսանյութերի համատեղ դիտումը ում հետ կլինի՝ ՀԱԿ-ի՞, թե՞ ՀՀԿ-ի։ Ամեն դեպքում, հույս կա, որ այդ ամենը թատրոնի չի վերածվի։ Թեպետ ԲՀԿ շտաբի պետը նշել է, որ տեսախցիկները ԲՀԿ անդամների անձնական սեփականությունն են, եւ կուսակցությունը դրա վրա գումար չի ծախսել, բոլորն էլ հասկանում են, որ դա այդպես չէ։ Իսկ 2000 տեսախցիկների ձեռքբերումը, տեսանկարահանումն ու մշակումը բավականին մեծ ծախս է։ Եթե, այսպես թե այնպես, դրանք չեն օգտագործվելու կամ նպատակին չեն ծառայելու, ապա նշանակում է, որ ԲՀԿ-ն պարզապես գումարը ջուրն է գցել։ Իսկ դրան մի քիչ դժվար է հավատալ։