Մարտունու շրջանի Սխտորաշեն գյուղի բնակիչները տարիներ շարունակ լքել են իրենց տները եւ հիմնականում բնակություն հաստատել մոտակա Կարմիր Շուկա գյուղում կամ մայրաքաղաք Ստեփանակերտում: 2003 թվականին 23 բնակիչ ունեցող գյուղում այժմ բնակվում է ընդամենը մեկ ընտանիք: Ներսիսյան ամուսինների երեխաները` իրենց ընտանիքներով, բնակվում են հանրապետության տարբեր բնակավայրերում, իսկ զավակը` Արարատը, որն իր կյանքը զոհաբերել է Հայրենիքի ազատագրման համար, թաղված է հայրենի Սխտորաշենում:
Ներսիսյանները գյուղում զբաղվում են հիմնականում անասնապահությամբ ու մեղվաբուծությամբ: Ինչպես պատմում է Ա. Ներսիսյանը, ամենաձեռնտու զբաղմունքն այդ վայրերում անասնապահությունն է, որից ստացված եկամուտներով էլ ընտանիքն ապրում է` օգնելով զավակներին ու թոռներին: Ինչպես պատմում են հարեւան Կարմիր շուկա գյուղի բնակիչներից ոմանք, ամռանը Ներսիսյանների թոռները գալիս են Սխտորաշեն` հանգստանալու:
Բաբայանների ընտանիքը, որը նույնպես այդ գյուղից է, ներկայումս ապրում է Սխտորաշենի ու Կարմիր շուկայի միջեւ ընկած տարածքում: Ընտանիքի 28-ամյա որդին` Ալիկ Բաբայանը` իր տիկնոջ ու երկու երեխաների հետ նույնպես ապրում է այդ տանը: Ինչպես պատմում է Ալիկը, իր ծառայության տարիներին ընտանիքը բնակվում էր Սխտորաշենում, այնուհետեւ մայրն ու հայրը տեղափոխվել ու սկսել են ապրել կոլտնտեսության բանվորների համար նախատեսված տանը: Սեփականաշնորհման տարիներին Բաբայանների ընտանիքը ստիպված եղավ մնալ այդ տանը, քանի որ գյուղում արդեն, բացի մի ընտանիքից, էլ բնակիչ չկար, հետո էլ գյուղի ճանապարհները վատ վիճակում էին, ու մեքենա չէր հասնում: Այդ պատճառով էլ որոշեցին բնակություն հաստատել ավելի հարմար բնակարանում` Սխտորաշենում թողնելով նորակառույց տունը:
«Այժմ հիմնականում զբաղվում ենք անասնապահությամբ ու բանջարաբուծությամբ: Ունենք 15 գլուխ անասուն: Պանիր ենք պատրաստում ու վաճառում, մեկ-մեկ էլ անասուն ենք մորթում: Տնամերձ շուրջ 5 հազար մետր հողատարածքի բերքը մեզ լրիվ բավարարում է, նույնիսկ կարողանում ենք օգնել Կարմիր Շուկայում բնակվող եղբորս ընտանիքին ու մեր բարեկամներին: Ընդհանուր առմամբ, նորմալ ենք ապրում, թեեւ հնարավորության դեպքում մտածում ենք տեղափոխվել կամ Ստեփանակերտ, կամ Կարմիր Շուկա»,- մեր զրույցի ժամանակ նշեց Ալիկը: Նրա կարծիքով, հայրենի գյուղում այնքան էլ ձեռնտու չէ զբաղվել հացահատիկի արտադրությամբ, քանի որ բերքատվությունը շատ ցածր է լինում, առավել եւս, երբ վերջին տարում ցորենի գինը կտրուկ նվազել է: «Մեր սեփականության տակ գտնվող մի քանի հա տարածքները ստիպված թողել ենք առանց մշակման»,- փաստեց զրուցակիցս: Ալիկի կինը`Տաթեւիկը, որը Բաբայանների ընտանիքում ապրում է արդեն երեք տարի, ասում է, որ գյուղից հեռու այդ տանն ապրելը շատ դժվար է ու ձանձրալի, հատկապես, որ հարեւաններ չկան: Ամենայն հավանականությամբ, մի քանի տարի հետո Բաբայանների երիտասարդ ընտանիքը եւս կթողնի այս տունը, քանի որ Ալիկի 2-ամյա դուստրը տարիներ հետո դպրոց պիտի հաճախի, ինչի հնարավորությունը բնականաբար Սխտորաշենում չկա:
Մոտ ապագայում երեւի Սխտորաշենն էլ կարժանանա նրանից մի քիչ բարձր գտնվող Մավաս գյուղի ճակատագրին, որտեղ երբեմնի մեծ գյուղից ոչինչ չի մնացել: Ցավոք, պետք է խոստովանել, որ Ղարաբաղում նոր գյուղերի ստեղծմանը զուգահեռ, հին գյուղերից մի քանիսը գտնվում են անկման եզրին. բնակիչներն աստիճանաբար լքում են գյուղը` տեղափոխվելով շրջկենտրոններ կամ մոտակա ավելի մեծ գյուղեր, որտեղ ապրելու համար ստեղծված են բավականին նորմալ պայմաններ: