Կոմիտասն այսօր աշխարհի, մասնավորապես` հայերի համար, թեեւ, համարվում է բացահայտված, այդուհանդերձ, շարունակում է մնալ գաղտնիք: Հայկական խազերի վերծանումը, ձայնեղանակների տեսություններն ու երաժշտական խոշոր` մոնումենտալ ձեւերի մասին կոմիտասյան մեղեդային մեկնաբանություններն իսկական հանրագիտարան են, որոնք մշտական ուսումնասիրության կարիք ունեն: Կոմիտասի բացահայտած ժողովրդական երգերի բովանդակությունը, որը նրա աշխարհայացքի արտացոլանքն էր, այսօր էլ ունի իր գաղափարախոսությունը, որը երբեք ժամանակավրեպ չէ եւ կարծես նաեւ ապագայից կանչող գիտություն է: Ընդհանրապես բոլոր ժամանակներում էլ հայկական երգարվեստում Կոմիտասի երաժշտագիտության ֆենոմենն այս դաշտի սրբագրողն է, որն, ասես, անցյալից ու ապագայից հուշում է հայի ինքնության, տեսակի ու մշակույթի պահպանման խորհուրդը: Նա կարողացել է ներթափանցել դեպի յուրաքանչյուր խազի խորհրդավոր իմաստ եւ, գտնելով հայ խազերի բանալին` այն հանձնել է հասարակությանը: Մինչդեռ հասարակությունն այսօր թակում է դրսի դռներն ու Հայաստան է բերում մի խեղաթյուրված, պատճենահանված երգ ու երաժշտություն, որն իր ձայնի ֆիզիկական ազդեցությամբ ոչնչացնում, ջարդում է մարդու ներաշխարհը` նրան դարձնելով տկարամիտ: Կոմպոզիտոր, կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի հավաստմամբ` երաժշտության լեզվով Կոմիտասը փրկել է մեր ամբողջ մշակութային ժառանգությունը` նախաքրիստոնեական շրջանից մինչեւ 19-րդ դար. «Մեր մշակույթը պահպանվել է երաժշտության լեզվով` Վարդապետի շնորհիվ»: Ընդհանրապես Կոմիտասի խազաբանությունը համարվում է բարդ գիտություն: Ա. Շահնազարյանից հետաքրքրվեցինք, թե որքանով է այսօր հաջողվում ուսումնասիրել եւ պրոպագանդել Կոմիտասի երաժշտությունը, մանավանդ, որ այն հեռուստաեթերից միայն հնչում է ապրիլի 24-ից ապրիլի 24:
– Դեռեւս անցյալ տարի հայտարարեցիք, որ Կոմիտասի 5 երգեր ներառող ձայնասկավառակը բաժանվելու է դեղատներում, իսկ մասնավորապես «Օրորոցայինը»` ծննդատներում, քանի որ այդ գործերը բուժիչ հատկություն ունեն: Վստահեցնում էիք, որ կոմիտասյան «զորակոչ» եք սկսում ու «Անտիվիրուս-Կոմիտաս» ձայնասկավառակով հարձակում եք գործելու: Նախագիծը լուրջ մարտահրավեր է, մինչդեռ առ այսօր նախագիծը չի իրականացվել: Ինչո՞ւ:
– 1990-ականներից ես զբաղվել եմ նաեւ ազգային գաղափարախոսությամբ, մասնավորապես` այդ հարցը Կոմիտասի մեկնաբանությամբ դիտարկելով: Կարծում եմ` ազգային գաղափարախոսությամբ զբաղվող մարդիկ մեր ժողովրդի բնավորությանը, էությանն այնքան ծանոթ չեն եղել, որքան Կոմիտասը: Վերջում հանգեցի այն մտքին, որ Կոմիտասի ասածը ճշմարտություն է: Նա ասում էր, որ մեր ժողովուրդը քարոզ չի հասկանում, եւ մեկ հասկացված ձայնը հազար ճառ արժե: Մեր շուրջը նայելով` հասկացա, որ, օրինակ` գերմանացիներն այդ ուղղությամբ են շարժվել` մտքերը ժողովրդին հասցրել են երաժշտության, ձայնային ալիքի տեսքով, ենթագիտակցական մակարդակով: Կոմիտասյան երգն ազգին ենթագիտակցորեն միացնող հատկություն ունի: Ես հիմա վախենում եմ այն երգ անվանել, որովհետեւ ձայնային այնքան անկապ համադրություններ երգ կոչվեցին, որ մարդ չի ցանկանում Կոմիտասի ստեղծածը նույնացնել այդ բառի հետ: Ինձ մոտ երգիչ, երգչուհիներ են գալիս, ասում են` ուզում ենք Կոմիտաս երգել: Ասում եմ` Կոմիտասը երգ չունի, դա ձեր պատկերացրած տաշի-տուշին չէ, դրանք ձայնի տեսքով տիեզերական օրենքներ են, մեր էությունն է, ուրիշ մի բան է: Ժողովուրդը դարերով ստեղծում է մշակույթ, բայց գալիս է մի ժամանակ, որ ժողովուրդն ինքը պետք է արժանի լինի այդ մշակույթին: Մշակույթը մնացել է իր արժեքի մեջ` ժողովուրդն է փոխվել եւ պիտի արժանի համարվի իր մշակույթին: Կոմիտասի ելեւէջները բջջի նման լավ հատկություն ունեն, եւ եթե մարդու ուղեղն այն ընդունում է` այլեւս ուղեղից դուրս չի գալիս: Դրանց մեջ տիեզերական, բնության օրենքների մի բնական ալիք կա, որն ապրում է մարդու մեջ բոլոր ժամանակներում: Որեւէ երաժշտագետ չի կարող բացատրել` գաղտնիքն ինչում է: Պարզ թվացող երգի գաղտնիքը Կոմիտասն այնպիսի՜ բարդ վերլուծություններով էր փորձում պարզել. թվաբանական հաշվարկներ էր անում, ձայների տեւողությությունը շարում էր իրար կողքի` փորձելով հասկանալ, թե ինչո՞ւ այս նոտան մի քիչ ուշ եկավ, սա ի՞նչ բնության օրենք է, որ պիտի այսպես լիներ, եւ այլն: Աղյուսակներ էր կազմում` շեշտի, մտքի, հոգու, շնչառության ալիքի, հոգեբանական, եւ տեղադրում էր դրանց մեջ` մինչեւ անգամ փորձելով պարզել ապագայի երաժշտության գաղտնիքը` ավանգարդ երաժշտությունը: Կոմիտասը դեպի ապագան շարժվող, ժամանակակից եւ աբստրակտ մտածողության կրող էր: Անդրադառնալով «Անտիվիրուս-Կոմիտաս» ձայնասկավառակի նախագծին` շեշտեմ, որ այն շատ աշխատող նախագիծ է, որը հարյուրավոր երիտասարդների ոգեշնչել է, որովհետեւ մշտապես հետաքրքրվում են, թե ե՞րբ է կյանքի կոչվելու նախագիծը, որպեսզի իրենք տարածեն: Թեեւ ամեն ինչ արվեց սկսած մութ օրերից, որպեսզի չլինեն երիտասարդներ, որովհետեւ 1990-ականներին առավոտից իրիկուն նրանց գլխին «շ ՉՏՐՏվՈ» երգը տեռոր էր դարձել, բայց այսօր զարմանալիորեն հրաշալի երիտասարդություն ունենք: Հինգ երգերի ձայնագրությունն ավարտված է, ինչպես նաեւ մայրերի համար 4 օրորոցային կա, որն ընդգրկված է նույն ձայնասկավառակում: Մեզ անհրաժեշտ է ապահովել մոտ 100.000 տպաքանակ, եւ պետք է նշեմ, որ ձայնասկավառակի վրա գրված է` «Խնդրում ենք բազմացնել»: Բանկերին ու կազմակերպություններին նամակներով դիմում եմ, որպեսզի ֆինանսապես աջակցեն կամ պատվիրեն: Օրինակ` «Ջավախք» միությունն է պատվիրել 1000 ձայնասկավառակ` Ջավախքում տարածելու համար: Մշակույթի նախարարն էլ պատրաստակամություն հայտնեց պատվիրելու եւ առաջին մեծ խմբաքանակն անվճար բաժանելու հարցում: Նախագիծն իրականացնելը ձգձգվում է զուտ ֆինանսների բացակայության պատճառով:
– ԱԺ ընտրությունների քարոզարշավը նպաստավոր պայմաններ է ստեղծել նմանօրինակ «բարեգործության» համար: Օրինակ` ես «երկու ձեռքով» կընտրեի այն թեկնածուին, ով դրամի կամ մուրաբայի փոխարեն` ինձ Կոմիտասի ձայնասկավառակը որպես կաշառք առաջարկեր: Դա շատ աշխատող PR ակցիա կլիներ:
– Անկեղծ ասած` մտքովս չէր անցել: Այդուհանդերձ, ես դիմելու եմ բոլոր կուսակցություններին: Ընդ որում, մեր ժողովուրդը հիմա դրա կարիքը շատ ունի: Ապացուցված է, որ Կոմիտասը բուժում է մարդու ոչ միայն հոգին, այլ նաեւ` մարմինը: Կոմիտասի երաժշտությունը` ձայնի ալիքը, ականջից մտնելով ներս` մարդու բջիջների վրա մեծ ազդեցություն է թողնում: Օրինակ` բժշկագիտությամբ, պետական մակարդակով Մոցարտի երաժշտությամբ Իսրայելում եւ շատ այլ երկրներում կաթված են բուժում, որովհետեւ այդ ներդաշնակ հնչյունների շարքն ուղեղը բերում է ինչ-որ կոնդիցիայի: Յուրաքանչյուր ազգ իր կառուցվածքն ունի, եւ մեր ազգի գենետիկայի մեջ Կոմիտասի երգերի ելեւէջներն են նստած, որոնք անպայման բերում են ներդաշնակության: Հեռուստատեսությամբ մատուցվող աղմուկը` մուղամային այլանդակությունը, քայքայում է օրգանիզմը: Դա շատ վտանգավոր է: Մենք Կոնսերվատորիայում անցնում ենք ձայնի ֆիզիկական հատկությունը առարկան, եւ պետք է նշեմ, որ գիտականորեն պատկերացնելու դեպքում` կհասկանաք դրա վտանգավորության աստիճանը: Նոր սերնդին ամենամեծ վնասը հասցրել է հեռուստատեսությունը, որովհետեւ մեր երեխաները խելք ունեն, կարող են հիմար բաները չընդունել, բայց երգն իրենցից կախված չէ, ականջից մտնում է ներս, ու մարդը չի էլ հասկանում, թե իր հետ ինչ է կատարվում: Խեղաթյուրում է ենթագիտակցությունը, հոգեկան աշխարհը: Կոմիտասի երաժշտությունը բնության, արեւի, ամեն ինչի հետ մարդուն բերում է ներդաշնակության ու խաղաղեցնում, հավասարակշռեցնում է: Կոմիտասը հայի ռիթմերը դասակարգել է, մարդիկ այդ գիտական աշխատանքների մասին չգիտեն: Մեր ամբողջ կենսառիթմերը նա գրանցել է, որը շատ խորը բան է:
– Ժողովուրդն այսօր էլ մեծարում է Կոմիտասին: Ձեր հարցազրույցներից մեկի ժամանակ վստահեցրել էիք, որ Կոմիտաս սիրում են` սկսած տաքսու վարորդից, մինչեւ չինովնիկ: Այդ դեպքում ինչո՞ւ են մեզ մատուցում թուրքական մուղամ: Հեռուստաեթերը Կոմիտասի երաժշտությունը, հնչեցնում է միայն ապրիլի 24-ին` Ծիծեռնակաբերդ ուղեւորվող բազմության տեսարանները ցուցադրելու կադրերի «ետեւում»:
– Չեմ կարող չնշել, որ Մշակույթի նախարարությունը Կոմիտասի հետ կապված ցանկացած նախագիծ իրականացնում է: Երկու երգչախումբ պետականացվեց նրա համար, որ Կոմիտաս են երգում: Թոփիկյանի երգչախումբը մինչեւ պետական կարգավիճակ ստանալը ձայնագրեց Կոմիտասի գրեթե ամբողջ ժառանգությունը: «Հովեր» երգչախումբը տարիներով Կոմիտաս է երգել, ձայնագրել է պատարագը. նույնիսկ ուսումնասիրելով Կոմիտասի արխիվը եւ տեմպերը վերանայելով նորովի ձայնագրվեց եւ պետականացվեց: Նախարարության պատվերով` Գարիկ Չուխադյանի կազմակերպությունն իրականացրեց «Կոմիտաս-մուլտիմեդիա»: Այսինքն` մեկ CD-ի մեջ Կոմիտասն ամբողջությամբ` կենսագրություն, լուսանկարներ, նրա մասին նամակներ, եւ այլն:
– Բայց շարքային մարդուն այդ աշխատանքները որքանո՞վ հասու դարձան:
– Շարքային մարդը երգչախումբ չի լսի, այլ կլսի միաձայն երգերը: Կոմիտասն ասում էր` ժողովուրդը գործողությունից դուրս երաժշտություն չի հասկանում: Երբ ինքը գնում էր գութաններ գրառելու, ասում էին` չենք երգի քեզ համար, գնա, վարելու ժամանակ արի, որ երգենք. գութանը վարելու ժամանակ են երգում: Այնպես, ինչպես հարսանիքի երգը չեն երգի, եթե հարսանիք չէ: Եթե դուք այդ հարսանիքի ծեսը բեմադրեք` ժողովուրդը կնայի, կհասկանա, բայց եթե ֆրակներով մարդկանց բեմ բարձրացնեք` չի հասկանա: Ժողովուրդը ծեսի, գործողության մեջ է ընկալում: Օրինակ` ես առաջարկում եմ օրենք ընդունել, որ աղջիկ տալուց տղային հարցնեն` Կոմիտասի 5 երգերից գոնե երկուսը գիտի՞, եթե ոչ` աղջիկ չտան: Հայերը զարմանալի բնավորություն ունեն. երբ հայ մարդը ցեղական շուն է ունենում` երկու տարի չարչարվում է, որ այդ ցեղական շան համար մի շուն ճարի, բայց իրենց աղջիկներին մարդու տալուց առանց մտածելու են առաջնորդվում ու հետո էլ բողոքում են: Բա շանդ հարցով 2 տարի զբաղվում էիր` աղջկադ մարդու տալուց չիմացա՞ր` ում ես տալիս: Մենք հրաշալի աղջիկներ ունենք, բացահայտ ասում եմ` իմ հույսը մեր կանայք են: Կոմիտասն իր ընտիր երգերի մեծ մասը գրառել է հայ կանանցից եւ աղջիկներից, որովհետեւ ասում էր` տղամարդիկ դուրս ընկած, քրդական երգեր, թուրքիներ, շարքիներ էին երգում: Այսօր էլ է այդպես:
– Բայց այսօր հայ երգչուհիները բեմահարթակներում, եթերում շպարված, կիսամերկ շոուներ են կազմակերպում ու իրենց «արվեստագետ» հռչակում: Նույնիսկ այս դեպքո՞ւմ եք Դուք Կոմիտասի մշակույթի պահպանությունը վստահում նրանց:
– Նրանք քիչ քանակ են կազմում: Ես խոսում եմ դպրոցներում դասավանդող, ազգագրական պարային խմբերում ընդգրկված, երգչախմբերում երգող կանանց ու աղջիկների մասին: Իրենց ձեռքում է այսօրվա ապագան, ու իրենք պատրաստ են գործելու: Այդ ուժն ազգի մեջ մեծ բան ունի անելու: Արեւելյան մտածողությունը, որը եկել է թուրքերից, եւ Սովետի ժամանակ էլ հայ կնոջ կերպար էին քարոզում, թե` հայ կինը պիտի լինի էսպես, էնպես. նման բան չկա, արաբական փիլիսոփայություն է: Տիգրան Մեծի ժամանակ հայ կինը թելադրող, եվրոպական կնոջ պահվածք է ունեցել: Կարդացեք Երվանդ Լալայանի ազգագրությունը. հայ կնոջը որպես կիսաստված են վերաբերվել: Կոմիտասը մեծ նշանակություն էր տալիս կնոջը` հավաստիացնելով, որ նրանք հազարամյակների մեր մշակույթն են պահել: Թումանյանն ասում էր` մի կին կրթել, նշանակում է` մի գերդաստան կրթել: Ի դեպ, Չարենցը Կոմիտասին ոչ ոքի հետ չէր համեմատում, որովհետեւ նույն բանն է, թե Կոմիտասին համեմատես ժողովրդի հետ: Նա մեր հազարամյակների ամբողջ ժողովուրդն է: Մենք չունենք մի հայ անհատ, որի գործունեությունը ժամանակահատվածով այդքան մեծ լինի: Այսինքն` նախաքրիստոնեական ժամանակաշրջանի անհիշելի ժամանակներից մինչեւ մեր օրերը եւ տարածաշրջանով այդքան լայն` արեւմտյան եւ արեւելյան Հայաստանի ամբողջ ընդգրկումով: Ժողովուրդը շատ է սիրում Կոմիտաս, բայց հեռուստատեսությունը թուրքական երգեր է հաղորդում: Ի դեպ, Կոմիտասի երգերի մեծ մասն ուրախ, առույգ երգեր են, իսկ որոշ երգերինը` պայծառ, լուսավոր տխրություն է, ինչպես պոեզիայի մեջ: Նա ասում էր` երեխաներին տխուր երգ չտաք` ազգը կկործանեք: Մեծերի կամ այսօրվա անկապ երգերը մանուկներին հրամցնելն ամենավտանգավոր բանն է, խաթարվում է երեխաների ներաշխարհը: Օրինակ` ցուցադրվող սերիալի ժարգոնը ես ժողովրդի մեջ չեմ լսում, բայց ներկայացնում են այնպես, իբրեւ մեր ժողովուրդն այդպես է խոսում: Ես ապրում եմ Թոխմախում, հանցագործ աշխարհի մարդկանց եմ ճանաչում, բանտում բարեկամ ունեմ, որոնցից ոչ ոք այդպես չի խոսում: Գնացեք բանտ ու կհամոզվեք, որ նույնիսկ այնտեղ սերիալների ժարգոնով չեն խոսում:
– Այսինքն` միտումնավոր, ուղղորդվող ծրագի՞ր եք համարում հեռուստատեսային արտադրանքը:
– Տպավորություն է, թե հատուկ մեխանիզմ է կիրառվում, որպեսզի այդ արատավոր երեւույթները պահպանվեն, չկորեն: Մեզ մոտ չեք գտնի 10 հոգի իրար ճանաչող մարդ, որոնց փախցրել են, ընդ որում` տանից: Սա ստեղծվում է, որ մարդ փախցնելու մեթոդը ներդրվի, վախ են սերմանում, տանջելու, ծեծելու պրոպագանդա են իրականացնում: Հասկացանք, նման դեպքեր բոլոր երկրներում հատուկենտ լինում են, բայց մեզ մոտ հո համատարած չէ՞: Եթե նայեք սերիալները, ամբողջ հայ ժողովուրդը հիվանդանոցներում պառկած է, սերիալի բոլոր հերոսները վնասված հիվանդանոցում պառկած են: Ես նույնիսկ սարսափեցի, երբ իմացա, որ ջահելներ են այդ սերիալները գրում: Նույնը երգի ասպարեզում է. չկա այն պահանջարկը, որը մատուցում են եթերից: Գյուղերում` մարդիկ, բանտերում` կալանավորները, բողոքում են այդ անճաշակությունից: Եթե Թուրքիան 1 մլրդ դոլար ծախսեր այսպիսի դիվերսիա կատարելու համար` նման հաջողության չէր հասնի: Կան որոշ ծրագրեր, որոնք դրսից են ֆինանսավորվում: Մեկ անգամ ասացի` կարող է` Թուրքիան է վճարում, ասացին` ապացույց չունես: Ասում եմ` բա իր շահը ո՞րն է, որ անընդհատ թուրքական երաժշտություն է պտտում: Մենք ունենք հոգեւոր եւ ֆիզիկական հայրենիք: Եթե դու քո հոգեւոր հայրենիքը հանձնես` հաշվի, որ հայրենիքդ հանձնել ես: Եվ եթե մեր ֆիզիկական հայրենիքի սահմաններն այսօր մեր զինվորները պաշտպանում են` փառք իրենց, ապա մեր հոգեւոր հայրենիքում ներխուժել են` մտել են մեր հող եւ արդեն տիրություն են անում` ցանկանալով ամբողջությամբ նվաճել հայրենիքը: Մենք հոգեւոր հայրենիքի մեջ հիմա պատերազմի մեջ ենք: Թշնամին հարձակվել, մեր հոգեւոր հայրենիքը գրավում է եւ մեր նոր սերնդին ուզում են թուրքացնել: Նրանք եթերն արդեն կարողանում են տիրապետել: Այս հարցով պետք է զբաղվի Ազգային անվտանգության ծառայությունը եւ Պաշտպանության բանակը: Եթե թշնամու դրոշը բերեին կախեին` այդքան վնաս չէր տա, որքան իրենց մշակույթի պրոպագանդան: Երաժշտությունը լեզու է, եւ իրենց լեզուն մեզ պարտադրում են մայրենի լեզվի փոխարեն: Թուրքական երաժշտությանն էլ ազգային մրցանակ են տալիս: