Բուժիչ նամակներ

28/04/2012 Ջուլիետա ՍԱՀԱԿՅԱՆ

Բուժում է կոտեմը

Կոտեմը` Lepidium sativum` կաղամբազգիների ընտանիքին պատկանող միամյա կամ բազմամյա բույս է։ Բույսի հայրենիքը Հյուսիս-Արեւելյան եւ Հարավային Աֆրիկան եւ Պարսկաստանն է։ Հնագույն ժամանակներից բույսը մշակվել է Եգիպտոսում, որտեղից տարածվել է Հունաստան եւ Հռոմ։ Պարսկաստանում կոտեմն օգտագործվել է սննդի մեջ ավելի վաղ, քան ցորենը։ Միջնադարում բույսը լայն տարածում է ստացել Ֆրանսիայում եւ Գերմանիայում` որպես համեմունք, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կոտեմի միամյա վաղահաս տեսակը մշակվում է բոլոր եվրոպական երկրներում։ Այդ տեսակը պահանջկոտ չէ խնամքի հանդեպ, եւ շատերը հաջողությամբ մշակում են պատուհանագոգին։

Բույսի ուսումնասիրությամբ զբաղվել է Հիպոկրատը։ Նա նշել է, որ կոտեմը մաքրում է արյունը, ավելացնում կենսական ուժերը։

Կոտեմի տեսակները քիչ են, դրանք հիմնականում տարբերվում են տերեւների կառուցվածքով։ Փետրաձեւ կտրատած տերեւաթիթեղով տեսակներից ՀՀ-ում ավելի հայտնի են նեղատերեւ 3` Սովորականը, Գանգրահերը, Պարտեզայինը, իսկ ամբողջական տերեւաթիթեղով տեսակներից` Լայնատերեւը։

Կոտեմը ցրտադիմացկուն լուսասեր բույս է։ Բանջարանոցներում այն ցանում են մարգերում եւ 10-15 օր հետո ծիլերը հայտնվելու պես հավաքում են։ Ամռան ընթացքում ցանում են մի քանի անգամ 10-15 օր ընդմիջումով։

Կոտեմը նաեւ կարելի է աճեցնել ձմռանը, առանց հողի։ Դրա համար ոչ խոր թավայի մեջ դնում են ջրով թրջած թաղիք եւ դրա մեջ մտցնում կոտեմի սերմերը։ Թավան դնում են տաք, լուսավոր տեղ, արդեն տասը օր հետո կանաչին կարելի է օգտագործել։

Միամյա կոտեմը պիտանի է միայն մատղաշ վիճակում (երկու շաբաթական)։ Այս թերությունից զուրկ է բազմամյա, լայնատերեւ տեսակը, որը վաղ գարնանից մինչեւ ուշ աշուն մատղաշ տերեւներ է առաջացնում։ Այս տեսակը բազմացնում են արմատային մացառներով, միեւնույն տեղում այն աճում է մինչեւ վեց տարի։ Ծաղկաթերթերը սպիտակ կամ վարդագույն են, ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը լայն օվալաձեւ պատիճ է, հասունացման շրջանը` հունիս-նոյեմբեր։

Թարմ տերեւները հարուստ են ասկորբինաթթվով, կալիումի, մագնիումի, կալցիումի, ֆոսֆորի, յոդի, երկաթի, պղնձի, ծծումբի աղերով։ Պարունակում են կարոտին, ռուտին, B1, B2, PP, D, E, K վիտամիններ, մանանեխի եթերային յուղ, որի մեջ գտնվող գլյուկոզիդ պրոպսոլինը բնորոշում է կանաչու կծու համը։

Արմատներում եւ վերգետնյա մասում պարունակվող լեպիդինը բնորոշում է տերեւի դառը համը։ Սերմերի զանգվածի մոտ 50-60 տոկոսը կազմում են մասամբ չորացող ճարպային նյութերը։

Կոտեմը կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ` որպես միզամուղ, հակաբորբոքային, վերքամոքիչ, խորխաբեր, հակադեպրեսանտ, հակաօքսիդանտ, հակասկլերոտիկ միջոց։

Մաքրում է օրգանիզմը թույներից, կարգավորում զարկերակային ճնշումը եւ արյան բաղադրությունը, լավացնում մարսողությունը։

Վերջերս գիտնականները պարզել են, որ կոտեմի կանոնավոր օգտագործումը սննդի մեջ նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը, կանխարգելում կատարակտը։

Կոտեմն ավանդաբար կիրառվում է վերքերի, խոցերի, այրվածքի, նաեւ մաշկային, սիրտ-անոթային եւ աղեստամոքսային համակարգերի, լեղաքարային հիվանդությունների, հազի, բրոնխիտի, ավիտամինոզի, սակավարյունության, անքնության, նյարդային անհանգստության, այտուցների դեպքում։ Լավացնում է ախորժակը, նվազեցնում հոդային ցավերը։ Կան տվյալներ, որ թերի հասունացած սերմերը կամ դրանց սպիրտային ոգեթուրմը օգտակար է տղամարդկանց համար, իսկ կոտեմը նպաստում է շագանակագեղձի բորբոքման բուժման ընթացքի արդյունավետությանը։

Կոտեմի կամ դրա թարմ հյութի ամենօրյա օգտագործումը նպաստում է օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանը եւ ունի բուժիչ ազդեցություն։ Օրական չափաբաժինն է` 80-90 գրամ։ Որոշ հիվանդությունների դեպքում կոտեմի պատրաստուկներն ունեն արտաքին կիրառում։ Տերեւի հյութը, խյուսը, եփուկը, թուրմը կիրառվում են քսուքի, թրջոցի կամ լոգանքի ձեւով, սերմի փոշին` որպես սպեղանի։

Թուրմ. Երեք ճ/գ կոտեմի թարմ տերեւը 2-3 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրով։

Եփուկ. Վերը նշված չափաբաժնով վերցված հումքը եւ եռջուրը 5-7 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։

Խմեք 60-70 մլ, օրը 3 անգամ, սնվելուց առաջ։ Անքնության, դեպրեսիայի դեպքում` քնելուց առաջ, հազի եւ բրոնխիտի դեպքում` սնվելուց 1 ժամ հետո։

Յուղ. Տասը օր թրմեք չորացրած փոշիացրած տերեւը, արմատը կամ սերմը` գոլ բուսայուղի մեջ, տաք տեղում (2։1)։

Քսուք. Հումքը թրմեք կենդանական ճարպի կամ վազելինի մեջ (1։3)։

Լեղաքարային հիվանդություն. Խմեք 50-ական մլ թուրմ, օրը 2-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։

Մաստոպատիա. Դրեք կոտեմի տերեւի խյուսով թրջոց, պահեք 2-3 ժամ։ Օրը 2-3 անգամ կերեք 20-30 գ կոտեմի թարմ տերեւ։