Փողեր, փողեր

26/04/2012

Երեկ Apple ընկերությունը հրապարակել է ընթացիկ ֆինանսական տարվա երկրորդ եռամսյակի ֆինանսական զեկույցը (այն ավարտվել է 2012թ.-ի մարտի 31-ին), համաձայն որի` ընկերությունն ունեցել է 11,6 մլրդ դոլարի եկամուտ: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը, մեկ բաժնետոմսի հաշվարկով դա կազմում է 12,3 դոլար, թեեւ փորձագետները կանխատեսում էին 10,07 դոլար: Անցած ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշները կազմել են համապատասխանաբար` 6 մլրդ եւ 6,40 դոլար: Ընկերության հասույթը նույն` երկրորդ եռամսյակում նախորդ ֆինանսական տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 59%-ով` կազմելով 39,2 մլրդ դոլար: Մինչդեռ փորձագետները կանխատեսել էին ընդամենը 37 մլրդ դոլար: iPad պլանշետային համակարգիչների վաճառքը հասել է 11,8 մլն-ի, իսկ անհատական համակարգիչներինը` 4 մլն-ի, ինչը կանխատեսումներից ցածր է, մինչդեռ iPhone սմարթֆոնների վաճառքը զգալիորեն գերազանցել է կանխատեսումները` կազմելով 35 մլն: