Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին եւ քննարկել ընտրական գործընթացներով պայմանավորված վերջին շաբաթների ընթացքում առավել հաճախակի դարձած ընտրակաշառքների վերաբերյալ հնչող հանրության մտահոգություններն ու համապատասխան հանձնարարականներ տվել: «Անշուշտ, այս բացասական երեւույթը լրջորեն ստվերում է ցանկացած ընտրության օրինականությունը, եւ ժողովրդավարական ու իրավական յուրաքանչյուր պետության կարեւորագույն խնդիրն է` չեզոքացնել նման անցանկալի ազդեցությունն ու ապահովել ազատ եւ արդար ընտրությունների կազմակերպումն ու անցկացումը»,- ըստ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, ասել է նախագահը: Ս. Սարգսյանն ընդգծել է, որ թեեւ գործող օրենսդրությունը թույլ է տալիս հավուր պատշաճի կանխել կամ բացահայտել այս հանցագործությունը եւ պատժել այն կատարած անձանց, սակայն խնդրի կարեւորությունից ելնելով եւ օրենքի պահանջների առավել արդյունավետ կիրառումն ապահովելու նպատակով` անհրաժեշտ է օբյեկտիվորեն սեղմ ժամկետներում ձեռնարկել իրավիճակից թելադրվող լրացուցիչ միջոցներ: Սերժ Սարգսյանն ասել է, որ, իր համոզմամբ, առկա իրավական կարգավորումների շրջանակներում իրավասու մարմինների գործունեության առաջնայնություններից մեկը պետք է լինի ընտրակաշառք ստացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելը այն դեպքերում, երբ նրանք իրավապահպան մարմիններին կամովին հայտնել են այդպիսի փաստերի մասին եւ աջակցել հանցագործության բացահայտմանը: Ըստ նրա, նման երաշխիքի պայմաններում մեկ անգամ սխալված քաղաքացին հնարավորություն կստանա աջակցել «ընտրակաշառքի» դեմ պայքարի գործընթացին` դրանով իսկ զերծ մնալով անխուսափելի պատժից: