Մագաղաթի հումք՝ Թուրքիային

26/04/2012 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

ՀՀ Պետեկամուտների կոմիտեն օրերս հրապարակել է այս տարվա առաջին եռամսյակի արտաքին առեւտրի մանրամասն վիճակագրությունը, որտեղ բավականին հետաքրքիր թվեր կան։

Նախ նշենք, որ մաքսային վիճակագրության բաժնի տեղեկատվությունը էապես բարելավվել է։ Կայքն ապահովում է արտաքին առեւտրի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն։ Այն պարունակում է ոչ միայն թվային տվյալներ՝ արտահանման ու ներմուծման ծավալների վերաբերյալ, այլեւ թույլ է տալիս միանգամից տեսնել տարբեր ապրանքախմբերի տեսակարար կշիռները՝ իրենց փոփոխություններով, ինչը նախկինում լրագրողներն անում էին ինքնուրույն։ Բացի այդ, այժմ հնարավորություն կա տեսնել արտահանման եւ ներմուծման վիճակագրությունը՝ ըստ ապրանքների եւ երկրների (թե առանձին երկրների հետ ինչ ապրանքներ են շրջանառվել). նախկինում այդ տեղեկատվությունը հասանելի չէր։ Միանգամից նշենք, որ այս տարվա առաջին եռամսյակի արտաքին առեւտրի ցուցանիշները վատը չեն։ Նախ` արտահանումն աճել է բավականին արագ տեմպերով, եւ երկրորդ` արտահանման աճն արձանագրվել է ոչ թե գների աճի շնորհիվ, այլ նաեւ բնեղեն արտահայտությամբ։ Սակայն Մաքսային կոմիտեի ներկայացրած թվերը, մասնավորապես, արտահանման մասով, չեն համապատասխանում Ազգային վիճակագրական ծառայության թվերին։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՎԾ-ն ներկայացրել է ՀՀ մակրոտնտեսական նախնական ցուցանիշները։ Դրանց համաձայն, հունվար-մարտ ամիսներին արտահանումն աճել էր 32.5%-ով՝ կազմելով 347.7 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալը կազմել էր 955.9 միլիոն դոլար (աճը՝ 9.7%)։ Եթե ներմուծման մասով ԱՎԾ-ի եւ մաքսային ծառայության թվերը նույնն են, ապա արտահանման դեպքում զգալիորեն տարբերվում են։ Ըստ մաքսային վիճակագրության, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արտահանման ծավալները (մաքսային արժեքով) կազմել են 293մլն դոլար, ավելի քան 50 միլիոն դոլարով պակաս, քան ԱՎԾ-ի ներկայացրած ցուցանիշների դեպքում։ Ըստ մաքսային կոմիտեի ներկայացրած թվերի, արտահանումն աճել է ոչ թե 32.5%-ով, այլ 17.2%-ով։

Ամեն դեպքում, տխրել պետք չէ` 17.2%-ը նույնպես քիչ չէ։ Թեկուզ փոքր, բայց դրական փոփոխություններ կան արտահանման կառուցվածքում։ Օրինակ` համակարգիչները եւ դրանց բլոկները առաջին անգամ տեղ են գտել արտահանման բարձր արժեք ունեցող ապրանքների առաջին տասնյակում։ 2012թ. առաջին եռամսյակում դրանց արտահանման ծավալը կազմել է 8.7 միլիոն դոլար։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում այդ ցուցանիշն աննշան էր` 87 հազար դոլար։ Ոգելից խմիչքների արտահանման ծավալներն, առաջին եռամսյակի տվյալներով` աճել են 44%-ով՝ կազմելով 34.5 միլիոն դոլար։ Դա հիմնականում պայմանավորված է կոնյակի արտահանման ծավալների աճով։

Եթե նախորդ տարվա առաջին եռամսյակում էլեկտրաէներգիա չէր արտահանվել, ապա այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում արտահանվել է 380մլն կՎտ/ժ` 22.8մլն դոլար արժեքով։

 

Աղյուսակից երեւում է, որ փոքր-ինչ նվազել է հանքանյութերի, մետաղների եւ մետաղական արտադրանքի տեսակարար կշիռը։ Սակայն, չնայած այդ փոփոխություններին` արտահանման կառուցվածքը դեռ շարունակում է խոցելի մնալ, քանի որ վերը նշված երկու ապրանքախմբերը միասին կազմում են ընդհանուր արտահանման ավելի քան 56%-ը։ Եթե սրան էլ ավելացնենք այն, որ թանկարժեք մետաղներն ու քարերը կազմում են արտահանման 12.7%-ը, ապա պարզ է դառնում, որ այս ոլորտում անելիքները դեռ շատ են։

Ներմուծման կառուցվածքում առաջին երկու հորիզոնականները զբաղեցնում են գազը եւ նավթամթերքը` համապատասխանաբար, 165.9 եւ 88.1 միլիոն դոլար մաքսային արժեքներով։ Ավտոմեքենաների ներմուծումը իր ծավալներով երրորդ տեղում է, չնայած այն հանգամանքին, որ ներկրման ծավալները նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ նվազել են։ Այսպես, եթե 2011թ. առաջին եռամսյակում ներկրվել է 6000 տրանսպորտային միջոց` 56.5մլն դոլար մաքսային արժեքով, ապա այս տարվա առաջին 3 ամիսներին դրանց քանակը նվազել է 1000-ով, իսկ մաքսային արժեքը կազմել է 43.2մլն։

Ի դեպ, բավական հետաքրքիր է նաեւ առեւտրաշրջանառության վիճակագրությունը` ըստ ապրանքների ծագման երկրների։ Օրինակ, Հայաստանի եւ Թուրքիայի պարագայում կարելի է տեսնել, որ Թուրքիայից ներմուծումը հունվար-մարտին կազմել է շուրջ 40 միլիոն դոլար, իսկ արտահանումը` 1 միլիոն դոլարից քիչ ավելի։ Այս ցուցանիշները նախկինում էլ էին հասանելի, սակայն ներկայիս ցանկերից կարելի է տեսնել նաեւ ապրանքների ցանկը։ Ամենատխուր ցուցանիշն այն է, որ Թուրքիայից Հայաստան ներմուծվում է 524 անուն ապրանք, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանվում է ընդամենը 43 անուն ապրանք։ Առավել հետաքրքրասերների համար նշենք, որ արտահանման առյուծի բաժինը (65%-ը) եղել է խոշոր եղջերավոր անասունների անմշակ մորթիներ։ Իսկ դրա դիմաց ներմուծում ենք մշակված կաշի, կաշվից պատրաստված հագուստ եւ պարագաներ։ Սա, թերեւս, լավագույն վկայությունն է, թե տնտեսական զարգացման ինչ աստիճանի վրա ենք մենք գտնվում։