Վնասազերծել են ճանապարհին

26/04/2012

Երեկ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության համակարգված աշխատանքի շնորհիվ Արարատի մարզի Արարատ քաղաքի ճանապարհին առավոտյան ժամը 10:30-ի սահմաններում վնասազերծվել են ավազակային հարձակում կատարած 4 անձինք: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ունեցել, որ գիշերը 4 հոգի դիմակավորված, զինված ավտոմատով մտել են Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի տներից մեկը եւ զենքի սպառնալիքի տակ տան անդամներին` ամուսիններին, ծեծի ենթարկել եւ հափշտակել 1 մլն 700 հազ. դրամ, խոշոր չափի ոսկյա եւ արծաթե զարդեր: Այնուհետեւ իրենց «Լեքսուս» մակնիշի 32 ՍՍ 017 համարանիշի մեքենայով հեռացել են հանցանքի վայրից: Տուժողներն ունեցել են բենզալցակայան: Ստանալով օպերատիվ տվյալները, Քրեական հետախուզության գլխավոր վարչության 2-րդ վարչության աշխատակիցները Ոստիկանության Արարատի եւ Վայոց Ձորի վարչությունների հետ համատեղ կարողացել են վնասազերծել հանցագործներին: Ավտոմեքենայում հայտնաբերվել է հանցագործության գործիք ավտոմատը, դիմակները, հափշտակված գումարն ու ոսկեղենը: Ավելի ուշ հայտնի է դարձել ավազակային հարձակում կատարած 4 անձանց ինքնությունը: Նրանք տեղափոխվել են Ոստիկանության Արարատի բաժին: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, ավազակային խմբի կազմում են 1987 թվականին ծնված Արեգ Ղ.-ն, 1964 թվականին ծնված Արմեն Ա.-ն, 1984 թվականին ծնված Ասատուր Հ.-ն եւ 1968 թվականին ծնված Բախշիկ Դ.-ն: Ավտոմեքենայի զննությամբ հայտնաբերվել է AK74 տիպի առանց խզակոթի ինքնաձիգ, անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 1 մլն 200 հազար դրամի գումար: Առգրավված զենք-զինամթերքն ուղարկվել է փորձաքննության, նախաքննությունը շարունակվում է Ոստիկանության Վայոց ձորի մարզային բաժնում: