Բժշկության դոկտոր, հոգեբույժ, հոգեվերլուծող, Բուենոս Այրեսի ու միջազգային հոգեվերլուծական ասոցիացիաների անդամ Ասբեդ Արիյանը 2004 թվականից պարբերաբար այցելում է Հայաստան` աջակցելու Հայկական հոգեվերլուծական ասոցիացիային: Նա ամեն ինչ անում է, որպեսզի 2-3 տարի հետո Հայկական հոգեվերլուծական ասոցիացիան դառնա Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիայի անդամ: Ա. Արիյանի դիտարկմամբ` միջազգային ասպարեզում Հայաստանում այս ոլորտի զարգացման մասին քիչ տեղեկություններ կան: Մինչդեռ Միջազգային հոգեվերլուծական ասոցիացիան աջակցում է տարբեր երկրներում գործող հոգեվերլուծական կազմակերպություններին՝ հանրության մտավոր առողջության եւ տվյալ երկրի մշակութային ավանդույթների հետ կապված հարցերում, մինչեւ իսկ՝ նախարարությունների մակարդակով: Այս եւ մի շարք այլ խնդիրների վերաբերյալ զրուցեցինք Ասբեդ Արիյանի հետ:
– Ի՞նչ է հոգեվերլուծությունը:
– Բարդ բան է. փորձեմ ձեւակերպել ամփոփ: Այն ուսումնասիրում է անձնային կոնֆլիկտները: Կոնֆլիկտ ասելով՝ նկատի չունեմ հիվանդություն, խոսքս տագնապի մասին է, որի վրա պետք է աշխատել եւ վերլուծել, որպեսզի բացահայտվեն անգիտակցական պատճառները, որպեսզի դրանք լուծելով` մարդն առաջ անցնի:
– Ինչպիսի՞ն են ոլորտի զարգացման միտումները Հայաստանում:
– Հայաստանի վիճակը շատ տարբերվում է մյուս երկրներից. նախ` քիչ հոգեբաններ կան, ովքեր կարող են մասնագիտանալ հենց հոգեվերլուծության մեջ, եւ երկրորդ՝ մշակութային ավանդույթների պատճառով հոգեբանությունն ու հոգեվերլուծությունը հեշտ չեն ընդունվում հասարակության կողմից: Կան բազմաթիվ մշակութային ավանդույթներ, որոնք պարտադրում են անձին հնազանդվել, իսկ հոգեվերլուծությունը, հակառակը` փնտրում է անձնային ազատություն եւ ազատ մտածելակերպ: Երբեմն դժվար է համակերպվել ավանդույթների հետ: Անշուշտ, պետք է դրանք հարգել, բայց փորձել մի քիչ փոխել այն, մոտեցնել ժամանակակից միտումներին: Կան հայկական մշակութային ավանդույթներ, որոնք բավականին հին են, մասնավորապես՝ ընտանեկան ավանդույթները եւ կնոջ հանդեպ վարմունքի չգրված օրենքները:
– Դուք, փաստորեն, մասնագիտացած եք դեռահասների հոգեբանական խնդիրների մեջ: Ինչպիսի՞ խնդիրներ ունեն դեռահասները Հայաստանում:
– Այո, ես հիմնականում զբաղվում եմ 6-13 տարեկան դեռահասների եւ մինչեւ 23 տարեկան երիտասարդների խնդիրներով: Հայաստանում կան խնդիրներ, որոնք այլ երկրներում չկան: Օրինակ, Ցեղասպանության հարցը. այն ճնշում է դեռահասներին երբեմն` գիտակցաբար, երբեմն՝ անգիտակցաբար, որովհետեւ նրանք, իրենց ուղին գտնելու, ինքնահաստատվելու համար պետք է մտածեն նաեւ Ցեղասպանության մասին, ինչն ազատություն չի տալիս, սահմանափակում է նրանց ընտրությունը: Նրանք պետք է իրենց անձնական որոնումները համադրեն այդ խնդրի հետ, որովհետեւ ամուր, զորավոր հիմք ունենալու համար պետք է լավ իմանալ անցյալը եւ միշտ անցյալին անդրադառնալ: Մենք անցյալում ունենք մի խնդիր, որը բարդ է, մանավանդ՝ դեռահասների համար: Մյուս կողմից, ինչպես արդեն նշեցի, մեծ կապ կա ավանդույթների հետ: Երբեմն դրանք չափից ավելի են ճնշում, եւ առողջ անհնազանդությունը հեշտ չի տրվում դեռահասներին: Նրանք պետք է մի քիչ անհնազանդ լինեն սկզբում: Հայկական ավանդույթների համաձայն` կարեւոր է հնազանդ զավակներ ունենալ: Կարծես թե հնազանդ զավակը միշտ լավն է, անհնազանդը՝ վատը: Այդպես չէ: Դեռահասների դեպքում՝ մանավանդ: Այն դեռահասը, որ միշտ մնում է հնազանդ, չի փնտրում իր սեփական ճանապարհը, այլ ընտանիքին, ծնողներին կամ շրջապատին է հնազանդվում: Այնպես որ՝ անհրաժեշտ է դեռահասներին միշտ աջակցել հոգեբանորեն:
Գայանե ԼԱԼԱՅԱՆ