Ցաքուցրիվ ու անգաղափար

26/04/2012 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայոց աշխարհից մինչեւ ալամ աշխարհ ընտրություններ են: Կամա թե ակամա հետեւում ես: Հետեւում ես ու համեմատում: Հատկապես, եթե չես կողմնորոշվել, թե համամասնական ցուցակում որ կուսակցությանն ես ձայնդ տալու: Հետեւում ես ու հասկանում, թե որքան հեշտ է, օրինակ, ֆրանսիացի լինելը: Ֆրանսիայի հինգերորդ Հանրապետությունում ամեն ինչ կայուն է: Նախագահական ընտրություններում էլի առաջին փուլով նախագահ չընտրվեց: Հիմա այդ երկրի քաղաքացիները պիտի ընտրեն երկու տարբեր գաղափարախոսություն ունեցող թեկնածուներից մեկին: Նույնիսկ ոչ ֆրանսիացի քաղաքագետների համար էր պարզ, որ տնտեսական ճգնաժամի պարագայում սոցիալիստների թեկնածուն մյուսների համեմատ առավելություն ունի: Տնտեսական ճգնաժամի պարագային պարզ ընտրողը սոցիալիստների խայծն ավելի հեշտ է կուլ տալիս: Հետեւաբար` երկրորդ փուլ անցած թեկնածուներից մեկը սոցիալիստ է: Բայց այս գաղափարախոսությունը դավանող թեկնածուն մեկ անգամ չէ, որ իշխանության է եկել: Ընտրողների մեծ մասը գիտի, որ նրանք ժամանակավոր մեղմում են սոցիալ-տնտեսական բարդ խնդիրները: Բայց նրանցից հետո լիբերալներից ու հասարակությունից ահագին մեծ ջանքեր են պահանջվում տնտեսական իրական առաջընթաց ապահովելու համար: Ուստի մյուս թեկնածուն ազատական արժեքներ դավանող է: Նույնքան հեշտ է լինելու ամերիկացիների համար: Մարդիկ ընտրություններից կես տարի առաջ արդեն գիտեն, որ ընտրություն կատարելու են քաղաքական կոնկրետ դեմքի ու պրակտիկ միլիարդատիրոջ միջեւ: Մեր գործն է բարդ: Համամասնական կարգով քվե ուզող համարյա ոչ մի ուժ ոչ մի հայտնի գաղափարախոսություն չի դավանում: ՀՅԴ-ն, օրինակ, սիրում է երբեմն-երբեմն հիշեցնել, որ ինքը Սոցինտերնի հիմնադիր անդամ է: Բայց առաջ չի անցնում: Երբեք հրապարակավ չի ներկայացնում, թե ինչպես է 21-րդ դարում համադրելու իր` 19-րդ դարից եկող սոցիալիստական հենք-տեսլականը երկրում առկա սոցիալ-տնտեսական գործող համակարգի հետ: Կհանդգնեմ ենթադրել, որ այս կուսակցության անդամների մի մասն անձնական վիրավորանք կհամարի հիշեցումը, որ իրենք գաղափարախոսությամբ սոցիալիստ են: Հանրապետականներն իրենց տասնամյա (նույնիսկ` մի քիչ ավելի) իշխանական բարձունքից երբեք չիջան բացատրելու, թե «Ի՞նչ է նժդեհականությունը` տնտեսության կառավարման տեսանկյունից»: ԲՀԿ-ին ու ՕԵԿ-ին էլ ամենաջերմ ցանկության դեպքում գաղափարական քաղաքական ուժ չես համարի: Իսկ ՀԱԿ-ը լիբերալների ու սոցիալիստանման դավանանք ունեցող ուժերի միավորում է: Կոմկուսի համար էլ, նրանց երբեմնի հակառակորդ քաղաքական դեմքի բառերով ասած` «Պատմական պահը բաց է թողնված»: Հետեւաբար` «Ինչպե՞ս եւ ի՞նչ չափանիշներով պիտի կողմնորոշվի հայաստանցի պարզ ընտրողը» հարցի պատասխանը դեռ երկար է քննարկվելու: Որովհետեւ կուսակցական համակարգն էլ մեր երկրում վաղուց չի աշխատում: Փորձագետներից շատերն այս համակարգի ոչնչացումը կապում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ: Իր առաջին ընտրությունից հետո Ռ. Քոչարյանը կարողացավ տրոհել դեռ 1995թ. թափ հավաքող ու ամենաազդեցիկ ուժը՝ ԱԺՄ-ն: Այն մասնատվեց մի քանի մանր կուսակցությունների, որոնք այսօր քաղաքական դաշտից բացակայում են: Բացակայում են անգամ ընտրական գործընթացներից: «Մայր» կուսակցության` ԱԺՄ-ի նման: Մինչդեռ ԱԺՄ-ն որոշակի գաղափարախոսություն դավանող ուժ է (կամ` էր): Նույն ճակատագրին արժանացավ նաեւ հաջորդ ազդեցիկ ուժը՝ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը` ՀԺԿ-ն: Բացառապես իր վաստակաշատ ու հզոր լիդերի` երջանկահիշատակ Կարեն Դեմիրճյանի խարիզմայով ձեւավորված այս կուսակցությունն էլ հայտնի դեպքերից հետո որպես կուսակցություն հասարակական կյանքում զիջեց անվերապահ լիդերի դերը, թեեւ Ստեփան Դեմիրճյանը 2003թ. նախագահական ընտրություններում լիդեր էր: Հետո արդեն Հանրապետական կուսակցության հերթն էր: Բոլորի կողմից ընդունված ու համակրելի առաջնորդի` Աշոտ Նավասարդյանի մահից հետո Անդրանիկ Մարգարյանին հաջողվեց այդ փոքր ու ռոմանտիկ կուսակցությունը դարձնել կառավարող ու ազդեցիկ ուժ: Դրան, իհարկե, մեծապես նպաստեց Վազգեն Սարգսյանը: Հայաստանի (ու ոչ միայն) պատմությունից հայտնի է, որ կառավարող կուսակցություններն իրականում պատեհապաշտ մարդկանց հավաքատեղիի պես մի բան է: Հասարակական կյանքում այն բավական արագ է կորցնում իր հեղինակությունը: Հետեւաբար` կառավարող կուսակցության իրական հենքն ու ռեսուրսը պետական լծակներն են: Սակայն հայկական իրականության մեջ ամենատարօրինակ կուսակցությունը, թերեւս, «Բարգավաճ Հայաստանն» է: Այն եւս ձեւավորվել է բացառապես առաջնորդի` Գագիկ Ծառուկյանի հեղինակության հաշվին: Խոշոր ու կայացած գործարարի ստեղծած կուսակցությունն այսօր ձգտում է դառնալ ամենաազդեցիկը քաղաքական կյանքում: Հասարակության մեջ ունեցած իր վարկանիշով: Սա այն դեպքում, երբ չես կարող պնդել, թե կուսակցության առաջնորդը քաղաքական կերպար է: Իհարկե, անկեղծության համար պետք է ասել, որ (արդեն նախորդ) խորհրդարանում հենց «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորներին կարելի էր քաղաքական գործիչ համարել: Մի քանիսին միայն: Ահա թե ինչ բարդ խնդիրների առջեւ է հայտնվել հայաստանցի պարզ ընտրողը: Իսկ եթե Դուք արդեն կողմնորոշվել եք, թե որ կուսակցությանն եք տալու Ձեր քվեն, ապա երջանիկ մարդ եք: Եթե, իհարկե, Ձեր որոշումը պայմանավորված չէ ազգակցական կապերով ու սովորական նյութապաշտությամբ: