Երեւանի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու քոլեջի հարեւանությամբ գտնվող շենքերը կարծես քաղաքի հետ որեւէ առնչություն չունենան: Այն նման է հեռավոր մի ավանի, որտեղ խնդիրների պակաս չի նկատվում: «Մեր պրոբլեմները սկսում են ճանապարհի գլխից: Ամեն տարի մի երկու-երեք հոգի հենց էս անցումի վրա ընկնում են մեքենայի տակ: Մեքենաները չեն զիջում ժողովրդին: Շաբաթ-կիրակի օրերին Սեւանից մեծ արագությամբ, քեֆները լավ, էսքան տեղն արագ անցնում են: Էդտեղ ռելիեֆը թույլ է տալիս գետնանցում սարքել: Հիմի էս աստիճանների վրա էլ կարգին պերիլա չկա, որ բռնվելով իջնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Թբիլիսյան խճուղու 5 շենքերի լիազոր Կառլեն Սաղաթելյանը: Ըստ նրա` նախկինում հանրակացարան եղած երկու շենքերն անտերության էին մատնվել, եւ այնտեղ ամեն մեկը սեփական միջոցներով ջրատար եւ կոյուղատար խողովակներ էր «քաշել»: Կ. Սաղաթելյանի խոսքով` նշյալ շենքերից մեկի անկյունում ջուրն այնքան էր թափվել, որ շենքի մի մասը «նստել» է: Չնայած այս խնդիրներին, նշյալ շենքերի լիազորն իրենց ամենամեծ խնդիրը համարում է նախկին էլեկտրաքոլեջի ջրի մեծ պարտքերի, այսպես ասած` «բաշխումը» հանրակացարաններում ապրող բնակիչներին: Նշենք, որ նախկինում այս քոլեջին էին պատկանում երկու հանրակացարանները: «Քոլեջը լուծարվեց, եւ ջրի պարտքը բաժանվեց բնակիչների վրա, որոնք այդ ժամանակ բոլորովին ջուր չեն ունեցել: Առաջին հարկ ջուր գալիս էր, իսկ մնացած հարկերում ջուր չէր գալիս: Երեւի առաջին հարկ էլ, որ փոսի մեջ էր, կուտակված ջուր էր գալիս»,- ասաց Կ. Սաղաթելյանը: Վերջինիս խոսքով` այդ տարիներին բնակիչներն օգտվում էին ցայտաղբյուրից, բայց, չնայած սրան` այսօր նրանք հայտնվել են փաստի առջեւ: «Մարդ կա` ջրի պարտքը հասնում է 200.000 դրամի, մարդ կա` 100.000 դրամի, իմ պարտքն, օրինակ, հասնում էր 71.000 դրամի, բայց ես տունը վերցնելու օրվանից ջրաչափ եմ դրել, ու ջրաչափի ցուցմունքը մուծում էի, էն հին պարտքը մնում էր, ու էդ էնքան մնաց, որ ավտոմատ ձեւով մարեցին: «Ջրմուղը» հանեց պարտքս` երեւի տեսնելով, որ հին պարտքիս ձեռ չեմ տալիս,- նշեց շենքերի լիազորը` հավելելով,- «Ջրմուղն» ասում ա` բերեք պարտքներս փակեք, եթե չէ` դատի եմ տալու, եւ իրենց հեչ վեջն էլ չի: Էս պահին կան բնակիչներ, որոնց դատի է տվել»: Փաստորեն` այդ բնակիչների վրա ջրի մեծ պարտքեր են գոյացել` այն դեպքում, երբ նրանք այդ ժամանակ ջուր չեն ունեցել: