Ովքե՞ր են սովորում ասպիրանտուրայում

03/12/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Շատերի կարծիքով` ասպիրանտուրան լավ միջոց է բանակից ազատվելու համար: Այսօր տարկետման իրավունքով ասպիրանտուրա ընդունվողների ճնշող մեծամասնությունը տղաներ են: Աղջիկները, որ համեստաբար իրենց տեղը զիջում են տղաներին, նախընտրում են ասպիրանտուրայում հեռակա կարգով սովորել՝ դրանով իսկ օգնելով իրենց համակուրսեցուն` ազատվել բանակից:

Զուտ մարդկային առումով, սա, իհարկե, դիտվում է, որպես բարեգործություն, սակայն ոչ այնքան արդար պայմաններում: «Այո, ասպիրանտուրան յուրատեսակ մի ձեւ է զինվորական ծառայությունից խուսափելու համար,- համաձայնեց Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) Գիտության եւ գիտամանկավարժական կադրերի պատրաստման վարչության պետ Արամ Քոսյանը: -Եվ աղջիկների նկատմամբ անարդարության մեծ տոկոս կա, հատկապես կան շատ տաղանդավոր աղջիկներ, որոնք պրակտիկորեն չեն դիմում ասպիրանտուրա վերոհիշյալ պատճառով»: Տարեցտարի ասպիրանտուրա դիմողների թիվն աճում է, սակայն սա դեռ չի նշանակում, որ լավ գիտնականներն էլ են շատանում: Վերջին երկու տարիների ընթացքում ամեն տարի տարկետման իրավունքով ասպիրանտուրա ընդունվում է 224 մարդ, հեռակա կարգով՝ 140: Մասնագետները պնդում են, որ «սա զուտ քանակական աճ է, որը որակ չի ապահովում»: Բանակից «փախած» ասպիրանտը լավ գիտության թեկնածու դառնալ չի կարող, որովհետեւ ասպիրանտուրան նրա համար դառնում է ոչ թե գիտական օջախ, այլ ապաստարան: Արդյունքում` տուժում է գիտությունը: «Ասպիրանտները երեք տարվա ուսման ընթացքում պետք է իրենց դիսերտացիան պաշտպանեն, հակառակ դեպքում` նրանց բանակ կտանեն: Սա շատ ծանր հետեւանքներ է ունենում: Շատ քչերն են կարող այս ժամանակահատվածում դիսերտացիա գրել, դրա համար դիսերտացիաների մեծ մասն անորակ է: Այստեղից-այնտեղից արտագրում են, մի քիչ էլ ղեկավարն է օգնում, համարում են, որ գրել են: Այսպիսիները դառնում են գիտության թեկնածուներ, մտնում են բուհ՝ դասավանդելու, զբաղվում են գիտահետազոտական աշխատանքներով եւ այլն: Իսկ մի մասն էլ առհասարակ չի զբաղվում գիտությամբ: Ու արդյունքում տուժում է գիտությունը»:

Մի քանի տարի առաջ կառավարության կայացրած որոշումը, որի համաձայն, ընդհատելով ուսումնառությունը, ասպիրանտները պետք է ծառայեին բանակում, մեծ վրդովմունք առաջացրեց ուսանողության շրջանում: «Կառավարությունը, փաստորեն, տեղի տվեց այս դիմադրությանը,- ասում է Ա. Քոսյանը,- բայց կարծում եմ, որ այդ հարցը դեռ պետք է լուծվի: Պետք չէ ասպիրանտին ուսման ընթացքում տանել բանակ, դա սխալ է: Բուհից հետո՝ ուրիշ հարց է: Գիտությամբ զբաղվով մարդու ժամանակը չպետք է սահմանափակել, իսկ 3 տարում նա, դեռ վախենալով, որ իրեն կարող են բանակ տանել, մի բան գրում է: Գիտությունը ստեղծագործական աշխատանք է, չի կարելի ստիպողաբար անել»: Ըստ Ա. Քոսյանի՝ քիչ չեն այն օրինակները, երբ զինծառայությունից վերադարձածն ընդունվում է ասպիրանտուրա եւ ավելի լավ աշխատանք է ներկայացնում, որովհետեւ հանգիստ է՝ «հետեւից ընկնող չկա»:

Գիտությունն էլ է դարձել մոդա

Տնտեսագիտություն, իրավագիտություն, ինֆորմատիկա ՝ սրանք այն առարկաներն են, որոնք այսօր մեծ հետաքրքրություն են առաջացնում մեր երիտասարդության շրջանում: Ասպիրանտների մեծ մասն իրենց գիտական աշխատությունները նույնպես այս ոլորտում են նախընտրում գրել: «Արտադրության հետ կապված գիտական աշխատանքները քիչ են: Նաեւ քիչ աշխատանքներ կան ֆիզիկայի, էլեկտրոնիկայի, քիմիայի բնագավառներում: Այս ամենի պատճառն այն է, որ գործարաններ չկան: Ճարտարապետաշինարարական համալսարանն ավարտած ուսանողն ի՞նչ պիտի անի: Ասենք, զբաղվեց գիտությամբ, բայց գործնականում ի՞նչ անի, որտե՞ղ ներդնի իր արածը: Բնական գիտություններով զբաղվողները շատ քիչ են ու փորձում են համագործակցել միջազգային դրամաշնորհային ծրագրերի հետ: Եթե դրսից լավ առաջարկ են ստանում՝ գնում են այնտեղ աշխատելու: Արդյունքում կորցնում ենք լավ կադրեր, իսկ մեր պետությունը ոչինչ չի կարող անել դրա դեմ, որովհետեւ պահելու միջոց չունենք»:

Ժամանակին ասպիրանտուրա ավարտածը լավ աշխատանք գտնելու մեծ հնարավորություն ուներ, իսկ հիմա չկա ոչ մի երաշխիք: Շատ հաճախ գիտության թեկնածուն գործազուրկ է մնում: «Դեռ կան մարդիկ, որ ձգտում են դասախոս դառնալ կամ դիպլոմն օգտագործում են այլ աշխատանքի համար: Հայերն ուսումնատենչ են: Ժամանակին ասում էին, որ դիպլոմն աղջիկների օժիտի համար է, գուցե արդեն համընդհանուր բնույթ է կրում»,- ասում է Ա. Քոսյանը:

Նոր փաստաթուղթ եւ նոր ծրագիր

Այսօր արդեն Հայաստանում ասպիրանտուրայի ընդունելության քննությունների եւ ստուգարքների անցկացման նոր կանոնակարգ է հաստատվել, որտեղ որոշակի փոփոխություններ կան: «Երկու տարի առաջ վերացվեց ասպիրանտուրա ընդունվելու համար պարտադիր երաշխավորագրի առկայությունը, որովհետեւ դասախոսներ կային, որ ոչ բոլորին էին այն տալիս: Սակայն նոր կանոնակարգում պարտադիր երաշխավորագիրը նորից առկա է, որովհետեւ նախորդ դեպքում էլ միջակություններն, առիթից օգտվելով, մուտք էին գործում ասպիրանտուրա»,- ասաց Ա. Քոսյանը: Բացի այդ, հարցատոմսերն են բավականին բարդանում եւ բալային մոտեցումներ են փոխվում: Կա եւս մեկ ծրագիր, որն ուսումնառության շրջանում ասպիրանտին հնարավորություն կտա հետազոտություններ կատարել: «Այսօր բոլոր ասպիրանտները միանման առարկաներ են անցնում՝ փիլիսոփայություն, ինֆորմատիկա եւ օտար լեզու: Այսինքն՝ նեղ մասնագիտական կրթություն չկա,- ասում է Ա. Քոսյանը: -Ես համոզված չեմ, որ մեր բուհական համակարգն ավարտած մագիստրոսն ի վիճակի է առանց մասնագիտական պատրաստվածության դիսերտացիա գրել: Այդ նեղ մասնագիտական առարկաները շատ կօգնեն ասպիրանտին իր գիտական աշխատության համար: Եվ ասպիրանտուրան կդառնա կազմակերպված, կենտրոնացված կրթություն, այլ ոչ թե այսպես՝ ցաքուցրիվ մի բան»:

Կաշառք ու գիտություն

Աննա Անանյանն, ավարտելով ԵՊՀ-ի տնտեսագիտության ֆակուլտետն, այս տարի որոշել էր ընդունվել ասպիրանտուրա: Բայց համակուրսեցի տղաներին չվնասելու համար որոշել էր հեռակա սովորել: Մեկ անվճար տեղի համար պայքարում էին երկու հոգի: Շատերը կասկածում էին, որ Աննան կանցնի, քանզի լսել էին, որ նրա մրցակիցը «որոշակի առավելություններ ունի»: «Երկուսս հավասար միավորներ էինք հավաքել երկու քննությունից հետո,- պատմում է Աննան: -Երրորդ քննության ժամանակ քննող հանձնաժողովը չգիտեր՝ ինչ անել, ասում էին՝ «Այդպիսի բան հնարավոր չէ, տեղը մեկն է, իսկ դուք հավասար միավորներ ունեք»: Սակայն իմ ամբիոնի վարիչը պնդեց դնել իմ գնահատականը, իսկ թե հետո ինչ կլինի, մեր գործն է»: Չկարողանալով այլեւս ոչինչ անել, բացվեց լրացուցիչ տեղ՝ հատուկ Աննայի համար: Ու Աննան հիմա համոզված է՝ «Եթե համառ չլինեի, ոչնչի էլ չէի հասնի»:

Պետական պաշտոնյաներից շատերի հետ, երբ խոսում ես կրթական համակարգի կաշառվածության մասին, նախընտրում են ջայլամի քաղաքականություն վարել: Սակայն Ա. Քոսյանը, խոստովանելով, որ ինքը թաքցնելու ու վախենալու ոչինչ չունի, համարձակորեն պատասխանեց. «Հռոմի հակառակորդ արքաներից մեկին մեղադրում էին իր ժողովրդի շահերը չհարգելու մեջ: Նա հրավիրվեց Հռոմ, որտեղ կաշառեց սենատորներին եւ վերադառնալով իր երկիր` ասաց՝ «կաշառված քաղաք, եթե հարմար գնորդ լինի, դու կվաճառվես»: Հիմա հետեւյալն է, ոչ մի բան չի կարելի բացառել: Բայց երեւի այդ մասին ինձ հետ չպետք է խոսեիք, այլ իրավապահների, որոնք տեսնում են այդ ամենն ու ոչինչ չեն անում»: