Ռուսները` մարմնավաճառների հետեւո՞ւմ

26/04/2012

Ամերիկացի զինվորականների անվան հետ կապված հերթական միջադեպն է տեղի ունեցել, այս անգամ` Բրազիլիայում: Միջադեպի ժամանակ ամերիկացի զինվորականները մարմնական վնասվածքներ են հասցրել բրազիլուհի մարմնավաճառին: ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետան հայտարարել է, որ այդ միջադեպից հետո ծովային հետեւակայինները պատժվել են: Հայտնի է դարձել, որ հերթական սեքս-սկանդալի մասնակիցներն ամերիկյան դեսպանատան պահակային ծառայության ներկայացուցիչներ են: Նրանք մեքենայից դուրս են հրել մարմնավաճառ կնոջը, ով դրա արդյունքում կոտրվածքներ է ստացել: Հիշեցնենք, որ մարմնավաճառների հետ կոնֆլիկտը սկանդալի պատճառ էր դարձել նաեւ Կոլումբիայում, որին ներգրավված են եղել այդ երկիր ժամանած ԱՄՆ նախագահի անվտանգության ծառայության անդամները: Ի դեպ, Կոլումբիայում տեղի ունեցած սկանդալային պատմությունն անսպասելի ընթացք է ստացել: Մասնավորապես` հանրապետական սենատոր Չաք Գրասլին հայտարարել է, որ թիկնապահների հետ զվարճացած կոլումբիացի մարմնավաճառները, «հնարավոր է, աշխատել են Ռուսաստանի համար»: «Մենք գործ ունենք ավելի լուրջ բանի հետ, երբ ազգային անվտանգությունն ապահովված չէ պատշաճ ձեւով: Ո՞վ գիտի, թե ովքեր կարող են կանգնած լինել նրանց ետեւում: Սա ռուսների` մեր մասին տեղեկություն ստանալու սիրելի մեթոդն է»,- հայտարարել է սենատորը: