Եղերդակը բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս է։ Ինչպես նշել է Ամասիացին, լինում է երկու տեսակի` վայրի եւ բանջարանոցային։
Հնագույն ժամանակներից մերձարմատային փետրաձեւ տերեւները օգտագործվել են սննդի մեջ։ Այս տեսակը հայտնի է Cichorium intybus foliosum անվան տակ։ Մի շարք երկրներում մշակվում են եղերդակի տեսակներ, որոնց տերեւավարդակը նման է կաղամբին կամ մարոլին։ Մշակումը կատարվում է ջերմոցային պայմաններում կամ բաց հողի վրա։ Տերեւավարդակը սպիտակ կամ կարմիր է, քաշը` 100-450 գ։ Այս տեսակը հայտնի է վիտլուֆ ընդհանրական անվանման տակ, ունի բազմաթիվ ենթատեսակներ։
Օգտագործվում է առաջին տարում ձեւավորված վարդակը։ Երկրորդ տարում բույսը առաջացնում է մինչեւ 30-120 սմ ցողուն, մանր տերեւներ եւ կորիզապտուղ։
Եվրոպայում 16-րդ դարից սկսած աճեցրել են մեծ զանգված ունեցող արմատով C.i. radicosum տեսակը։ Վաճառքում կա նախապես բոված մանր կամ խոշոր աղացած եղերդակի արմատ։
Բանջարանոցային եղերդակի տերեւներն ուտում են հում, եփած կամ տապակած վիճակում, արմատը դառնահամ է, պարունակում է նիացին, հաճախ օգտագործվում է` որպես սուրճին փոխարինող ըմպելիք։ Բույսի ծաղիկները բացվում են վաղ առավոտյան եւ «քնում» 15-ից հետո, տեղակայված են ցողունից առանձնացնող ճյուղերի նշտարաձեւ տերեւների ծոցում, ունեն բացված զամբյուղի ձեւ։
Ծաղիկները նկատելի են հեռվից, դրանք կարծես երկնքի արտացոլումը լինեն երկրի վրա, դրանց տեսքը հանգստացնում է նյարդերը։ Բաց կապույտ, հազվադեպ` սպիտակ ծաղիկները դեպի իրենց են ձգում մեղուներին, որոնք վերցնում են դրանց փոշին եւ հյութը։
Եղերդակի 1 հա ցանքից ստացվում է 50-100 կգ բարձր որակի բուրումնավետ, մի փոքր դառնահամ երանգով ուշ բյուրեղացող մեղր։
Բելգիայում եղերդակի տերեւը եփում են գինու մեջ խնձորի եւ պանրի հետ, արմատը խառնում են յոգուրտի մեջ։ Լատվիայում արմատն օգտագործում են խնձորի եւ կիտրոնի հյութերի եւ մեղրի հետ համատեղ, պատրաստում են սուրճը փոխարինող կաթնային ըմպելիք։ Էստոնիայում եղերդակի թուրմը խառնում են հատապտուղների հետ։ Եղերդակը օգտագործվում է սուրճի, ոչ ոգելից խմիչքների, պահածոների արտադրությունում։
Ցրտադիմացկուն է, չի ցրտահարվում 20-30 C բացասական ջերմաստիճանի դեպքում։ Խոնավասեր է, սակայն ավելի լավ է աճում արեւոտ տեղերում, լավ պարարտացված, չեզոք թթվայնությամբ կավահողերի վրա։
Բույսը տարածված է Եվրասիայի բարեխառն եւ արեւադարձային կլիմայական գոտիներում, Հյուսիսային եւ Հարավային Աֆրիկայում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Հարավային Ամերիկայում։ Բույսի բուն հայրենիքը հայտնի չէ։ Հանդիպում է ՀՀ Լոռու, Տավուշի, Վայքի, Կոտայքի, Շիրակի մարզերի միջին լեռնային գոտիներում` որպես մոլախոտ, բազմանում է ինքնացան եղանակով։
Պարունակում է կարեւորագույն նյութ ինուլին` բնության մեջ աճող բույսի արմատում` 40 տոկոս, մշակովի տեսակներում` 60, նաեւ ճարպ, զգալի քանակությամբ սպիտակուցներ, քոլին, շաքար, բուսախեժ, դառը գլիկոզիդ ինտիբին։
Տերեւները պարունակում են B1, B2, PP, C, A վիտամիններ։
Բույսը պարունակում է նաեւ կալցիում, ֆոսֆոր, կալիում, նատրիում, մարգանեց, երկաթ, ցինկ։
Ծաղիկներում հայտնաբերվել է գլյուկոզիդ էնցիկորին, սերմերում` ինուլին, եւ այլն։
Ժողովրդական բժշկությունում օգտագործվում են բնության մեջ աճող եղերդակ սովորականի (C.intybus) արմատները եւ վերգետնյա մասը։
Արմատը մթերեք աշնանը` անձրեւից հետո, չորացրեք 60-70 C ջերմաստիճանի տակ ջեռոցում, վերգետնյա մասը հավաքեք ծաղկման շրջանում, չորացրեք արեւի տակ։ Բույսի ծաղկման շրջանը երկար է` հունիս-հոկտեմբեր։
Չորացրած հումքի պահպանման ժամկետը 2 տարի է։ Բուժիչ նպատակներով օգտագործվում է նաեւ բույսի թարմ հյութը։
Եղերդակի վերգետնյա մասից պատրաստեք թուրմ եւ օգտագործեք հետեւյալ չափաբաժնով.
– 3 ճ/գ հումքին ավելացրեք 200 մլ տաք ջուր, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Խմեք 50-ական մլ` օրը 3 անգամ։
Օգտագործեք հիստերիայի, նյարդային անհանգստության, հիպերտոնիայի, քրոնիկ հեպատիտի, խոլեցիստիտի, լեղաքարային հիվանդության, պանկրեատիտի, երիկամների, վերին շնչառական ուղիների բորբոքումների, նեֆրիտի բուժման ընթացքում` որպես օժանդակ միջոց։
– 2թ/գ հումքին ավելացրեք 400 մլ տաք ջուր, 10 րոպե եփեք, քամեք, վերականգնեք նախնական ծավալը։ Խմեք 100-ական մլ, օրը 3 անգամ։
Նյարդերը հանգստացնող. 1ճ/գ թարմ հյութը խմեք օրը 3 անգամ` 100 մլ կաթի հետ։ Նախօրոք իջեցրեք հումքը եռջրի մեջ, հյութը 10 րոպե եփեք թույլ կրակի վրա։ Միջոցն օգտակար է նաեւ սակավարյունության դեպքում։
Ստամոքսաբորբ, կոլիտ, ախորժակի անկում. Խառնեք մեկական ճ/գ եղերդակի արմատը եւ խոտը, ավելացրեք 200 մլ տաք ջուր, եփեք 30 րոպե ջրային բաղնիքի վրա (փակ վիճակում)։ Թրմեք մինչեւ հովանալը, քամեք, հումքը մզեք։ Վերականգնեք նախնական ծավալը եռջրով, խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ։
Շաքարային դիաբետ. Խոտի եւ արմատի խառնուրդի (1։1) 1 ճ/գ-ն մեկ ժամ թրմեք 100 մլ եռջրով, տաք տեղում (փաթաթեք սրբիչով)։ Քամեք։ Խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։ Շարունակեք 10 օր, կրկնեք յոթ օրից։
Սննդային թունավորում. Չորացրած, փոշիացրած խոտը եւ ծաղիկը (4։1) 8 ժամ թրմեք ջերմապահում 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ, օրը 4 անգամ` սնվելուց 1-1,5 ժամ առաջ։
Ատամի ցավ. Մեկ ճ/գ մանրացրած արմատին ավելացրեք 200 մլ եռջուր եւ կես թ/գ խնձորի քացախ, 5 րոպե եփեք, 1 ժամ թրմեք։ Քամեք։ Կատարեք ողողումներ։
Երիկամները, միզուղիները մաքրող. 1 ճ/գ մանրացրած արմատին ավելացրեք 200 մլ եռջուր, 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 4 անգամ։
Կանխարգելում է քարերի առաջացումը լեղապարկում, ունի տարրալուծող հատկություն։
Պանկրեատիտ, փայծաղի հիվանդություններ. Մանրացրեք թարմ արմատը, 2 ճ/գ-ն երկու ժամ թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 70-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Հիպերտոնիա. Մեկ ճ/գ թարմ արմատը 10 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Քամեք։ Խմեք 60-ական մլ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
Խոլեցիստիտ. Խառնեք հավասար քանակով չորացրած, մանրացրած եղերդակի արմատ, ընկուզենու տերեւ, ծիծեռնախոտի վերգետնյա մասը։ Մեկ ճ/գ-ն 30 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա։ Քամեք։ Խմեք 150-ական մլ, օրը 2-3 անգամ` սնվելուց կես ժամ առաջ։
Ստամոքսաբորբ. Խառնեք մեկական ճ/գ հազարատերեւուկի խոտը, երիցուկի ծաղիկը, եղերդակի արմատը, 30 րոպե թրմեք 500 մլ եռջրում։ Քամեք։ Խմեք 100-ական մլ, օրը 4-5 անգամ։
Էկզեմա. Դրեք վերգետնյա մասի խյուսով թրջոց։ Խմեք խոտի թուրմը։
Ցան, կորյակներ, չիբան. Խառնեք արմատը եւ խոտը (1։1), 4 ճ/գ հումքին ավելացրեք 400 մլ ջուր, 30 րոպե պահեք ջրային բաղնիքի վրա, թրմեք մինչեւ հովանալը։ Քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար։
Մարսողությունը կարգավորող. Թեյի մեջ ավելացրեք մի փոքր եղերդակի արմատ կամ չորացրած խոտ։
Հոդացավ. Շոգեխաշեք տերեւները, տեղավորեք թանզիֆի մեջ, դրեք թրջոց։
Եղերդակի սերմի թուրմն ունի ջերմիջեցնող, քրտնամուղ, ցավազրկող հատկություն։ Փոշիացրած սերմի 1 գրամը խմեք 50 մլ կաթով։
Ծաղիկների թուրմը հանգստացնում է նյարդերը եւ մեղմացնում սրտի ցավը։ Խառնեք արմատը եւ ծաղիկը (1։1) 1 ճ/գ հումքը մեկ ժամ թրմեք 200 մլ եռջրով։ Քամեք։ Խմեք 50-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։
Մազաթափություն, թեփոտում. Շաբաթը 2 անգամ ցայեք մազերը եղերդակի արմատի եփուկով։
Ոգեթուրմ. 50 գ թարմ մանրացրած արմատը յոթ օր թրմեք 500 մլ օղու մեջ, սենյակային պայմաններում, կիպ փակված տարայում։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար` կորյակների, մաշկի բորբոքման, միջատների խայթոցի եւ այլ դեպքերում։
Բարեկազմության էլիքսիր. Մոտ 400 տարի առաջ, 1600 թ. իտալական Պադուա քաղաքում արվել է հետեւյալ գրառումը. «Պրուական սուրճ` եղերդակով»։ Ավելի քան մեկ եւ կես դար անց այդ ըմպելիքը մեծ գնահատանքի է արժանացել եւ տարածվել «նրբանկատ» Փարիզում։ Դա տեղի է ունեցել մոտավորապես 1770թ., երբ բույսը սկսել են մշակել Հոլանդիայում։
Ինչո՞ւ այդ սուրճն ընդունվեց Ֆրանսիայում, Իտալիայում եւ այլ երկրներում։ Դրա պատասխանը գտել են ժամանակակից դիետոլոգները։
Եղերդակի արմատը պարունակում է յուրահատուկ նյութեր, որոնցով սնվում են աղիներում բնակվող օգտակար միկրոօրգանիզմները։ Ստացվում է, որ եղերդակը կանխարգելում է դիսբակտերիոզը եւ նպաստում վիտամինների, այլ օգտակար նյութերի կլանմանը աղիների պատերի միջոցով եւ դրանց յուրացմանը օրգանիզմում։ Սա եզակի հատկություն է, որը բնորոշում է բույսի բազմակողմանի դրական ազդեցությունը առողջության վրա։
Կարեւոր է նաեւ, որ ինուլինը լավացնում է նյութափոխանակությունը, կանխարգելում քաշի ավելացումը եւ նույնիսկ նպաստում նիհարելուն։
Բնական ասպիրին
Ասպիրինը սինթեզվել է 1869թ.` որպես ջերմիջեցնող, հակաբորբոքային, ցավամոքիչ միջոց։ Մոտ երկու տասնամյակ առաջ գիտնականներն ապացուցեցին, թե դեղամիջոցը կանխարգելում է թրոմբի գոյացումը։ Եվրոպայի սրտաբան բժիշկների ընկերությունը խորհուրդ է տալիս ասպիրինը սրտի իշեմիկ հիվանդության դեպքում։
Ժամանակակից գիտությունն ապացուցել է, որ ասպիրինի կիրառումը որպես ջերմիջեցնող միջոց` հատկապես վտանգավոր է վարակային ինֆեկցիաներով հարուցված գրիպի, կարմրախտի, կարմրուկի դեպքում։ Տեղի է ունենում լյարդի եւ հյուսվածքների նեկրոզ (քայքայում)։ Ասպիրինը հանված է մանկաբուժությունում կիրառվող դեղորայքի ցանկից։
Մի շարք բույսերում պարունակվում է սալիցին, որն օգտակար է սրտանոթային համակարգին։ Սալիցինը առաջին անգամ հայտնաբերվել է ուռենու կեղեւի մեջ։
Սպիտակ ուռենու ճյուղի կեղեւը 2-3 օր թողեք արեւի տակ, վերջնական չորացումը կատարեք ջեռոցում (50-60 C), կարեւոր է, որ կեղեւը հեշտությամբ փշրվի։
Պարզված է, որ ուռենու կեղեւը եւ տերեւի հյութը լիովին փոխարինում են ասպիրինին։
– Խմեք կես թ/գ տերեւի կամ կեղեւի փոշին ջրի հետ։
– Ծամեք թարմ տերեւը եւ խմեք հյութը։
– Ուռենու եռջրի մեջ թրմված թարմ տերեւներն օգտակար են ռեւմատիզմի, չիբանի, կապտուկների, ոտքի եղունգների շրջանում սնկային հիվանդության դեպքում։ Դրեք ցավոտ մասի, վերքի վրա։
Ուռենու կեղեւի թուրմը մեղմացնում է ռեւմատիկ ցավերը։
– 1ճ/գ հումքը 6 ժամ թրմեք ջերմապահում 500 մլ եռջրում։ Բաժանեք 3 մասի, խմեք սնվելուց 30 րոպե առաջ։ Նույն թուրմով ողողումն օգտակար է անգինայի, ստոմատիտի դեպքում։
– Ուռենու կեղեւի թունդ եփուկն ամրացնում է մազարմատները` ներմերսեք գլխամաշկին:
– 2ճ/գ մանրացրած կեղեւին ավելացրեք 400 մլ տաք ջուր, 15-20 րոպե եփեք թույլ կրակի վրա։
Խմեք 1-2 ճ/գ, օրը 3 անգամ` վարիկոզի, գլխացավի, նեւրոզի, հոդատապի, մրսածության դեպքում։
Ուռենու բողբոջների թուրմն ունի քրտնամուղ հատկություն։
– 1ճ/գ հումքը 30 րոպե թրմեք 200 մլ եռջրում, խմեք մեկական ճ/գ, օրը 3 անգամ` սնվելուց առաջ։
– Բողբոջի եւ խոզի ներքին ճարպի խառնուրդը եփեք` մինչեւ հեղուկ մասը գոլորշիանա։ Մշակեք այրվածքը, թութքի հետեւանքով առաջացած վերքերը։
– Արյունահոսությունը դադարեցնելու, տրոֆիկ խոցերը բուժելու նպատակով վերքը մշակեք կեղեւի փոշով։
– Խառնեք երկուական ճ/գ ուռենու մանրացրած ճյուղը, մասուրի պտուղը (առանց սերմերի), 10 րոպե եփեք փակ կափարիչի տակ։
– Խմեք 100-ական մլ, օրը 3-4 անգամ` սնվելուց առաջ։ Հանգստացնում է ցավերը եւ մաքրում լյարդը։
Ուռենու պատրաստուկները հակացուցված են բրոնխների ասթմայի, ստամոքսահյութի բարձր թթվայնության դեպքում։