Ինչո՞ւ չենք սիրում զբաղվել սպորտով

03/12/2005 Անուշ ՄԿՐՏՉՅԱՆ

Հայ երիտասարդները հիմնականում չեն սիրում զբաղվել սպորտով: Դրա պատճառներից մեկն այն է, որ դպրոցներում ֆիզկուլտուրա առարկան աշակերտների համար դարձել է ազատ ժամ: Ու սրանում աշակերտներն այնքան էլ մեղավոր չեն: Բանն այն է, որ ֆիզկուլտուրա առարկան հետաքրքիր չէ՝ չկան կարգին մարզիչներ, որոնք երեխաների մեջ սպորտի նկատմամբ սեր արթնացնեն, չկան կարգին սպորտային դահլիճներ եւ ֆիզկուլտուրայի դասաժամերին «կքանիստ, վազք ու թռիչք» անելուց բացի, ոչ մի նոր բան չեն անում: Կրթության եւ գիտության նախարարության (ԿԳՆ) աշխատակիցները մեզ հավաստիացնում են, որ 2004-2005թթ. ֆիզկուլտուրա առարկայի մասին ընդունված նոր չափորոշիչներն այս հարցերը կարգավորել են: 8-րդ եւ 10-րդ դասարանցիներն այսուհետ քննություն են հանձնում նաեւ ֆիզկուլտուրա առարկայից: «Սա ձեւական բնույթ չի կրում, այլ լուրջ առարկա է: Ներկայումս նոր չափորոշիչներ ենք մշակում հետագայի համար»,- ասում է ԿԳՆ «Աշխատանքային ռեզերվներ» մարզական կազմակերպության նախագահ Արա Մեհրաբյանը: Քննության չափորոշիչներն են՝ հեռացատկ, դաստակի ուժի չափում, 20 մետր վազք, փոքր տարածությունով կրոսավազք: Նոր չափորոշիչները ենթադրում են վազքը դարձնել 60 մետր, իսկ կրոսավազքը տղաների համար` 1000, իսկ աղջիկների համար՝ 500 մետր: Դեռեւս ոչ մի աշակերտ քննությունից չի կտրվել: Սկզբնական շրջանում ծնողները բողոքում էին, որ «ավարտական դասարանի աշակերտը հազիվ է հասցնում ընդունելության քննություններին պատրաստվել, հիմա էլ քննություն պետք է հանձնի ֆիզկուլտուրայից»: «Մենք այս ամենի մեջ ընդգրկում ենք նաեւ ծնողներին, որպեսզի ծնողը տեսնի իր երեխայի ֆիզիկական զարգացումը եւ հասկանա, որ դա նպաստում է երեխաների առողջությանը: Հետո ծնողները, չգիտես թե ինչու, ամեն մի նոր բանի մեջ միտում են տեսնում»: Ինչեւէ, չափորոշիչները թարմացնելով ու առարկան քննություն դարձնելով՝ դեռեւս ֆիզկուլտուրայի նկատմամբ հետաքրքրություն չի առաջանում: Ամերիկյան ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչ ոգեւորվածությամբ են այնտեղ աշակերտները հաճախում ֆիզկուլտուրայի դասաժամերին: Բանն այն է, որ Արեւմուտքում ֆիզկուլտուրան միայն մարմնամարզություն չէ, նրանք իրենց դասաժամերին լուրջ սպորտաձեւերով են զբաղվում, ասենք՝ ֆուտբոլ, բեյսբոլ, վոլեյբոլ, բասկետբոլ եւ այլն: Ու դպրոցներն իրենց հեղինակությունը բարձր են պահում նաեւ այդ սպորտային թիմերի միջոցով: «Հետագայի նպատակը հենց դա է: Ինչ-որ քայլեր ձեռնարկում ենք: Յուրաքանչյուր տարի ԿԳՆ-ն անցկացնում է մարզական խաղեր: Դա նպաստում է, որ յուրաքանչյուր դպրոց ունենա իր մարզական թիմը՝ բասկետբոլի, վոլեյբոլի, եւն: Բասկետբոլի մրցույթներ դպրոցների շրջանում արդեն անցկացվում են, իհարկե, ոչ մեծ մասշտաբի: Լուրջ ծրագրային փոփոխություն պետք է լինի դրա համար,- ասում է Ա. Մեհրաբյանն ու ավելացնում,- բացի այդ, յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր հագեցած մրցաբազան: Պետք է ունենալ մարզահրապարակներ ու, ամենակարեւորը, համապատասխան մարզիչներ, ինչն այսօր բավական լուրջ խնդիր է: Ընդունեք, որ թեթեւատլետը չի կարող դասավանդել բասկետբոլ: Մարզաձեւերն իրենց բնույթով հիմնովին փոխվել են, իսկ մարզիչները դեռ հին մեթոդով են շարժվում»:

Դպրոցների սպորտային հանդերձարաններից այսօր միայն անունն է մնացել, իսկ ֆիզկուլտուրայից հետո անհրաժեշտ հիգիենիկ պայմանների մասին խոսելն ավելի, քան ծիծաղելի է հնչում: Ո՞ր դպրոցում այսօր ցնցուղներ կան. եթե գտնեք էլ, ապա կասկածում ենք, որ տաք ջուր կլինի: «Հագուստ կրելու կուլտուրա անգամ չկա: Այն օրերին, երբ երեխան ֆիզկուլտուրայի դաս ունի, դպրոց գալիս է սպորտային հանդերձանքով, հետո այդ քրտնած հագուստով մնում է մինչեւ տուն գնալը: Տարրական հիգիենայի հարց է»,- ասում է Ա. Մեհրաբյանը: Այսօր արդեն Երեւանի հանրակրթական 23 դպրոցների մարզադահլիճներ վերանորոգվել են, բայց ցնցուղներին հերթը դեռ չի հասել: