«Եկել է ժամանակը միասին հաղթահարելու մեր սեփական թերությունները: Սեփական թերությունը շատ ավելի բարդ հակառակորդ է, քան արտաքին թշնամին: Սեփական թերություններին հայտարարված պատերազմում պետք է պայքարենք ու հաղթանակենք ինքներս մեզ: Մենք գիտակցում ենք մեր թերությունները եւ պատրաստ ենք դրանք հաղթահարելու, որպեսզի իրականություն դարձնենք մեր երազանքների Հայաստանը»,- երեկ երեկոյան Նոր Նորքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահի հեռանալուց րոպեներ անց մեր թղթակիցն ականատես է եղել, թե ինչպես է ՀՀԿ կրծքանշանը կրող մեկն օգնություն խնդրող մի կնոջ 20.000 դրամ տվել: Կինը վերադարձրել է գումարը` ասելով, թե ինքը խնդրել է ոչ թե 20 հազար դրամ, այլ գումար` հարազատի գերեզմանը կառուցապատելու համար: «Բա ինչքա՞ն տամ, կարող է՞ գիտես, թե պիտի 1000 դոլար տամ»,- ասել է տղամարդն ու փորձել է այդ գումարը տալ մեկ ուրիշին: Բայց կողքից մեկը քաշել է, նրա թեւը` զգուշացնելով, որ լրագրողները նայում են: «Խայտառակ եղանք»,- ասել է փող բաժանողն ու անմիջապես հեռացել: