Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 97-րդ տարելիցի օրն է. այս անգամ այն համընկել է խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի հետ: Թեեւ մի շարք քաղաքական ուժեր երեկ հայտարարել են, որ այսօր նախընտրական քարոզչությամբ չեն զբաղվելու, պարզ է, որ այսօրվա ասելիքն էլ անուղղակիորեն կապված է լինելու ընտրությունների հետ: Դա միանգամայն բնական ու նորմալ է, քանի որ գոնե Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում բոլոր քաղաքական ուժերն էլ միակարծիք են: Չնայած մարտավարական տարբերություններին, բոլորն էլ ձգտում են, կամ, իշխանության գալու դեպքում` ձգտելու են հասնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Այդ մասին այսօր խոսելու են բոլոր քաղաքական գործիչներն ու պետական այրերը, եւ սա, թերեւս, այն եզակի հարցերից է, որի վերաբերյալ բոլորն անկեղծ են: Սակայն խնդիրը զգայական, ցանկությունների դաշտից այլ հարթություն տեղափոխելու դեպքում պատկերը փոքր-ինչ այլ է: Ակնհայտ է, որ, ինչպես Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը, այնպես էլ Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունեցող մյուս խնդիրները (ասենք` ԼՂ-ի հակամարտության հայանպաստ կարգավորումը), կարող են տեղի ունենալ միայն այն դեպքում եւ այն ժամանակ, երբ Հայաստանը դառնա իրապես ժողովրդավարական, իրապես մրցունակ եւ ժամանակակից պետություն: Երբ խնդիրը դիտարկում ենք այս տեսանկյունից` դժբախտաբար, ստիպված ենք արձանագրել, որ բոլոր կուսակցություններն էլ անկեղծ լինելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրենց ցանկություններում ու ծրագրերում, գործնականում հեռու են պետությունն այնպիսին դարձնելուց, որը թույլ կտա հասնել այդ նպատակին: Խոսքը վերաբերում է եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր կուսակցություններին, որոնք այս օրերին լուծում են առաջին հերթին` խորհրդարանում հայտնվելու, եւ ոչ երբեք կամ ոչ այնքան` Հայաստանը ժողովրդավարական եւ ժողովրդավարությամբ հզոր պետություն դարձնելու խնդիր: