Նախօրեին ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրներին «սփոփեց» ՁԻԱՀ-ի հանրապետական կենտրոնի նոր շենքի բացմամբ: Նոր շենքը գտնվում է Ավանում: Կենտրոնում կգործեն ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատոր նոր ենթակառուցվածք, բժշկական սպասարկման, օգնության եւ մի շարք այլ բաժիններ, ուսումնական կենտրոն: Այս ամենը հնարավոր է դարձել ՀՀ կառավարության, ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի եւ մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ:
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը հիմնադրվել է 1989 թվականին, երբ Հայաստանում հայտնաբերվեց առաջին վարակակիրը: 1997-ից կենտրոնի գործունեությունն ամրագրված է «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքով:
2003թ. հաստատված ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային հնգամյա ծրագիրը Գլոբալ հիմնադրամից ստացել է 7,2 մլն դոլար դրամաշնորհ, որից 3,2 մլն դոլարը ծախսել է երկու տարում՝ ծրագրի առաջին փուլի՝ կադրերի վերապատրաստման վրա: Վերապատրաստվել են 1700 մասնագետներ: Դրամաշնորհի մյուս մասը կծախսեն հաջորդ երեք տարիներին՝ դեղամիջոցներ ձեռք բերելով եւ տեխնիկապես հագեցնելով կենտրոնը: Կենտրոնի վերանորոգման ծրագրերն իրականացրել է ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը: Կառավարության լուման բուժաշխատողներին վարձատրելն է: Կենտրոնում այսօր անվճար հակառետրովիրուսային ամբուլատոր բուժօգնություն է ստանում 27 հիվանդ:
ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` 2005թ. հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածում Հայաստանում արձանագրվել է 34 ՁԻԱՀ եւ 61 ՄԻԱՎ վարակակիր։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ՁԻԱՀ-ի 6 եւ ՄԻԱՎ-ի 41 վարակակիր։ Առայսօր Հայաստանում պաշտոնապես գրանցված ՄԻԱՎ/ՁԻԱՀ վարակակիրների թիվը 360 է։
Ն.Ա.