Կազմակերպված միջամտություն

24/04/2012

Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը «կազմակերպված տարաբնույթ միջամտություն» է որակել Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովի բաց նամակն` ուղղված Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին, որտեղ Զախարովն «ամոթալի» է համարում ԵՊԼՀ ռեկտոր Սուրեն Զոլյանին աշխատանքից ազատելու Աշոտյանի որոշումը: «Ինքներս իրավական ճանապարհն ենք բռնել եւ ակնկալում ենք իրավական լուծումներ: Կազմակերպված տարաբնույթ միջամտություններն օրենքի դաշտում կարգավորվող խնդրի նկատմամբ` չեմ համարում, որ արդյունավետ են ու ճիշտ»,- ասել է Աշոտյանը: Հիշեցնենք, որ Ս. Զոլյանին ռեկտորի պաշտոնից ազատելու` Ա. Աշոտյանի հրամանից մի քանի օր անց Սեւծովյան-Կասպյան տարածաշրջանի սոցիալական եւ քաղաքական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Զախարովը բաց նամակ էր հղել վարչապետ Տիգրան Սարգսյանին, որում ԿԳ նախարարի հասցեին բավական կոպիտ որակումներով ափսոսանք էր հայտնել Զոլյանին հեռացնելու մասին. «Նման ամոթալի գործելակերպը վկայում է Կրթության եւ գիտության նախարարի կողմից ոչ միայն այս ուսումնական հաստատությունում, այլեւ կրթությունում իրավիճակը չընկալելու մասին: Ինչպե՞ս կարելի է այդպես հեշտությամբ աշխատանքից հեռացնել գիտնականի, ես չեմ քաշվում ասել` միջազգային համարում ունեցող մարդու: Ի՞նչ է կատարվում Հայաստանում… Ինչպես եվրոպական, այնպես էլ հետխորհրդային տարածքի գիտական աշխարհի մի շարք ներկայացուցիչներ Ձեզնից արդար եւ միակ ճշգրիտ լուծումն են ակնկալում` վերականգնել միջազգային համբավ ունեցող գիտնական Զոլյանին ռեկտորի պաշտոնում»,- նշված էր նամակում: