«Թող թերահավատները նայեն ՀՀԿ-ին»

24/04/2012 Մարինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի շրջանակում երեկ հանդիպում էր Նոր Նորքի եւ Նորքի բնակիչների հետ:

Նոր Նորքի հանդիպումը տեղի ունեցավ Գայի արձանի շրջակա այգում: Մինչեւ հանդիպումը եւ ՀՀԿ նախագահի ժամանելը` մոտ 1 ժամ ու հանդիպումից հետո նույնքան ժամանակ խաթարվել էր հարակից բոլոր փողոցների երթեւեկությունը:

Եվ ընդհանրապես, Նոր Նորքում կարծես թե կյանքը կանգ էր առել, որովհետեւ հնարավոր բոլոր մարդիկ եկել էին այդ հանդիպմանը: Ավելի շուտ նրանց հրահանգել էին գալ, որովհետեւ հավաքվածների գերակշիռ մասը դպրոցականներն էին: Եվ հարյուրավոր անչափահասներ երեկ ապահովել էին ՀՀԿ քարոզարշավի «մասովկան»: Բնականաբար, աշակերտների հետ եկել էին նաեւ նրանց ուսուցիչներն ու ծնողները: Հանդիպմանը եկածների մի մասն էլ այդ համայնքի պետական ու մասնավոր հիմնարկների աշխատողներն էին, որոնց նույնպես հրահանգվել էր ներկա գտնվել: Ավելին` նրանցից ոմանք նույնիսկ այդ համայնքի բնակիչներ չէին, պարզապես այդտեղ աշխատում են: Քիչ էին իրենց կամքով` զուտ հետաքրքրության համար եկածները: Եվ, որ ամենակարեւորն է` դեպի Գայի արձան տանող ճանապարհին ժամանակից շուտ եկել եւ նախագահի ժամանելուն էին սպասում բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատգամավորներ Ռուբեն Հայրապետյանը, Մկրտիչ Մինասյանը, Ռաֆիկ Պետրոսյանը, Արա Սիմոնյանը, Համլետ Զաքարյանը: Այնտեղ էին Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ Ներսիկ Նազարյանը, Ռոբերտ Մելքոնյանը, պաշտոնյաներ նախագահի աշխատակազմից եւ այլն: Բնականաբար, այնտեղ էր նաեւ համայնքի վարչական կառույցի ղեկավարն` իր ենթականերով: Եվ, իհարկե` Նոր Նորքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրված, նախկին ՕԵԿ-ական, ներկայումս` ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը:

Ս.Սարգսյանի ավտոշարասյունը եկավ, նախագահն իջավ մեքենայից, ձեռքով բարեւեց երկու հոգու եւ արագ բարձրացավ հարթակ: Նկատելի էր, որ Ս.Սարգսյանի հանդիպումներին ներկա գտնվող մարդիկ մեծամասամբ ապահով խավի ներկայացուցիչներ էին: Քիչ էին անապահով խավի ներկայացուցիչները, ովքեր ամեն կերպ փորձում էին մոտենալ նրան, որ իրենց խնդիրները ներկայացնեն, նամակ փոխանցեն, բայց նման հնարավորություն ընդամենը մի քանի հոգու տրվեց: Ընդհանրապես Ս.Սարգսյանին ուղեկցող անվտանգության ծառայողներն այնքան շատ էին ու նրա ճանապարհին երկու կողմից այնպիսի կուռ պատ էին կազմում, որ անհնար էր նրան մոտենալ: Բայց նախագահը ելույթը կարդալուց հետո բեմահարթակից ավտոմեքենան տանող կարճ ճանապարհին, այնուամենայնիվ, կանգնեց ու մի քանի հոգու հետ խոսեց:

Իսկ մինչ նախագահի գալը Գայի արձանի մոտ պատրաստված հարթակում իրենց հայրենասիրական ու այլ բնույթի երգերով հավաքվածներին ոգեւորել էին երգիչներ Արամոն ու նրա կինը` Էմմա Պետրոսյանը, Ֆորշը, Արսեն Գրիգորյանը (Ասոն, եւ այլք): Շուշան Պետրոսյանն ու Հասմիկ Կարապետյանը երգեցին հանդիպումից հետո: Նորքի բնակիչներն ընդհանուր առմամբ ուրախ էին այդ հանդիպման համար, որովհետեւ կարողացել էին անվճար համերգ լսել: Նրանք թափահարում էին ՀՀԿ-ի փոքրիկ դրոշները եւ թենիսի «ռակետ» հիշեցնող ստվարաթղթե պաստառը, որի վրա պատկերված էր Ս.Ֆարմանյանի լուսանկարը: Իսկ համերգից հետո ոգեւորված, նաեւ հուզված դպրոցականներն ու նրանց ուսուցիչները նույն տրամադրությամբ լսեցին նախագահի ելույթը, հատկապես, որ այն երկար չտեւեց` մոտ 10 րոպե: Ընդհանուր առմամբ, աշխատանքային ժամից հետո նախագահի հանդիպումը Նոր Նորքի բնակիչների հետ տեւեց մոտ կես ժամ: Նախագահն իր ելույթում հայտարարեց, թե իրենց հաջողվել է մեր երկրում էապես մեղմել քաղաքական պառակտվածության ու անհանդուրժողականության դրսեւորումները: Վստահեցրեց` ամեն ինչ անելու են, որ մեր երկրում հաստատվի դրական մթնոլորտ: Ասաց, թե ընտրություններին ձայների մեծ թիվ ստանալը մեծամտանալու, ուրիշներին մերժելու կամ անտեսելու իրավունք չի տալիս: Եվ, որ իրենք համագործակցելու եզրեր են գտնելու բոլորի հետ: «Թող թերահավատները նայեն ՀՀԿ-ին եւ տեսնեն, որ մենք ենք այն առաջատար քաղաքական ուժը, որը ներգրավել է մտավորականների, երիտասարդների, կանանց: Թող թերահավատները նայեն Հանրապետականին եւ տեսնեն, որ մենք բաց ենք եղել նաեւ անկուսակցական եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչների հետ համագործակցելիս»,- հայտարարեց նա:

Նախագահը նաեւ հայտարարեց, թե տնտեսական աճի նպատակադրումից այժմ անցնում են տնտեսական ձեռքբերումները յուրաքանչյուր քաղաքացու համար շոշափելի դարձնելու գործընթացին: Հիշեցնենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք, երբ ՀՀ տնտեսությունը սկսեց աճ գրանցել, իսկ մի քանի տարի անց` երկնիշ աճ, պաշտոնյաներն անընդհատ հայտարարում էին, թե սովորական քաղաքացին դրա ազդեցությունն իր գրպանի վրա կզգա 5 տարի հետո: Ռ.Քոչարյանը պաշտոնավարեց 10 տարի, բայց սովորական քաղաքացին այդ ազդեցությունն իր գրպանին չհասցրեց զգալ: Հիմա արդեն դժվար է ասել, թե գործող իշխանությունների հայտարարած ձեռքբերումների շոշափելի ազդեցությունը երբ կարելի է զգալ: Իսկ կարճ ժամանակ հետո կավարտվի Ս.Սարգսյանի պաշտոնավարման հնգամյակը: Նախագահը նաեւ 2 խնդրանք հղեց Նոր Նորքի բնակիչներին: «Խնդրում եմ նորից վստահել եւ ձեր քվեն տալ ՀՀԿ-ին, որովհետեւ մենք բավականաչափ ծրագրեր ունենք, որ չենք ավարտել: Կուտակել ենք բավականաչափ փորձ եւ մենք վստահ ենք, որ կարող ենք մեր երկիրն առաջ տանել: Երկրորդը` մայիսի 6-ին մենք կարողանանք անցկացնել լավ ընտրություններ: Ես, որպես ՀՀ քաղաքացի, ՀՀ նախագահ, նպատակ ունեմ անցկացնել լավ ընտրություններ: Իսկ լավ ընտրություններ անցկացնելը կախված է ձեզանից, մեր ակտիվ քաղաքացիներից»,- հայտարարեց Ս.Սարգսյանը:

Հատկանշական է, որ նախագահը չխնդրեց անցկացնել ազատ եւ արդար ընտրություններ, խնդրեց անցկացնել «լավ» ընտրություններ: Նա այդպես էր հայտարարել նաեւ ՀՀԿ 13-րդ համագումարի ժամանակ: Իսկ թե ո՞ւմ համար «լավ» ընտրություններ, արդեն կարելի է թողնել ընտրողների կամ կուսակցությունների երեւակայությանը: Իսկ ելույթից հետո Ս.Սարգսյանն իջավ դեպի մեքենան, ճանապարհին խոսեց մի քանի բնակչի հետ: Բայց անվտանգության աշխատակիցներն ամեն կերպ արգելում էին, որ նրան մարդ մոտենա: Նկատելի էր, որ նախագահն ինքն էլ մարդկանց հետ շփվելու առանձնապես ցանկություն չուներ, որովհետեւ շատ քիչ էր պատահում, որ նրան հաճելի բաներ ասեին: Հիմնականում սոցիալական այնպիսի խնդիրներից էին խոսում, որոնցից յուրաքանչյուրի հետեւում մարդկային մի ողբերգություն կամ թշվառության պատմություն կար: Իսկ նման խնդիրների տարափը, թերեւս, կոտրում է սոցիոլոգիական ցանկացած հարցման փայլուն արդյունքի ոգեւորությունը: Նման հանդիպումների դեպքում լրագրողներին եւս թույլ չեն տալիս մոտենալ երկրի ղեկավարին, եւ անպատասխան են մնում շատ հարցեր:

Երբ Ս.Սարգսյանն իջավ հարթակից, աստիճանների շրջակայքում կանգնած պաշտոնյաները ծափահարում էին: Աստիճանների վերջում բավականին արտիստիկ կեցվածքով կանգնած ծափահարում էր նաեւ Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը: Իսկ երբ նախագահը Նոր Նորքից հեռացավ արդեն Նորքի բնակիչների մոտ ելույթ ունենալու համար, խնդիր ունեցող բնակիչներն անմիջապես շրջապատեցին մյուս պաշտոնյաներին: Մի խումբ կանայք շրջապատել էին Սամվել Ֆարմանյանին: Մի կին խոսելուց հետո` տխուր հեռացավ: ՀՀԿ-ի կրծքանշանը կրող մի տղամարդ, հավանաբար` ՀՀԿ շտաբից, կնոջը հարցրեց. «Փո՞ղ, օգնություն էիր ուզում: Խոստացա՞ն»: Կինը ձայն չհանեց: Տղամարդն անմիջապես բացեց դրամապանակը, որտեղ դասավորված էին 20 հազարանոց թղթադրամները` մեկը մտցրեց կնոջ բռի մեջ: Կինը նայեց, որ մեկ թղթադրամ է, վերադարձրեց` ասելով, թե ինքը ոչ թե 20.000, այլ հարազատի գերեզմանի համար գումար է խնդրում: «Բա ինչքա՞ն տամ, կարող է՞ գիտես, թե պիտի 1000 դոլար տամ»,- դժգոհեց փող տվողը: Անմիջապես առիթից օգտվեց մի երիտասարդ աղջիկ ու խնդրեց այդ թղթադրամը: Տղամարդը փորձում էր նրան տալ, բայց կողքից մեկը քաշեց նրա թեւից` զգուշացնելով, որ լրագրողները նայում են: «Խայտառակ եղանք»,- ասաց փող բաժանողն, ու անմիջապես երկուսով հեռացան:

Մինչդեռ դրանից ընդամենը րոպեներ առաջ նրանց առաջնորդը հայտարարել էր. «Ժամանակն է անհրաժեշտ փոփոխությունները կյանքի կոչելու եւ մեր խոսքը հիմնավոր դարձնելու: Այն ամրապնդելու համար մենք սկսել ենք մեզանից»:

Ս.Սարգսյանի հետ հանդիպման եկած բազմության մեջ էր նաեւ երգիծաբան Սամվել Բաղդասարյանը: Նա ասաց, որ փորձում է նախընտրական այդ հավաքներին երբեմն մասնակցել: Մասնակցում է նաեւ Ազատության հրապարակում տեղի ունեցող բոլոր հանրահավաքներին: «Ինձ հետաքրքրում է, ես ուզում եմ իմանալ, թե ինչ են ասում, ուզում եմ իմանալ հասարակության արձագանքը: 5 տարին մեկ են գալիս այս կարգի հանդիպումներին: Նրանք իմ գործիչներն են, իմ պերսոնաժներն են, իմ աշխատանքի սպեկտորն է,- ասաց Ս.Բաղդասարյանը եւ ավելացրեց,- Տա Աստված, այս ներվը, լարվածությունն անցնի: Ինձ համար այս քարոզարշավը շատ գավառական է թվում, դրա համար կուզենայի, որ շուտ անցներ, եւ բնականոն ռեժիմը վերականգնվեր: Ես ավելի բարձր եմ ուզում տեսնել քարոզարշավը, ավելի հոգեւոր տարբերակով»: