ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ չի բացառել, որ խորհրդարանական ընտրություններից հետո կարող է կոալիցիա կազմել Հանրապետական կուսակցության հետ: Արարատ քաղաքում, ի պատասխան «Ազատություն» ռ/կ-ի` ՀՀԿ-ի հետ կրկին կոալիցիա կազմելու մասին հարցին, ասել է. «Ուրեմն ես ընտրությունից հետո ոչ մի բան չեմ բացառում: Կախված է ժողովրդի ընտրությունից, ժողովրդի վստահությունից: Թե ժողովուրդը ինչ ընտրություն կկատարի, ում հետ հույս կկապի, նրանից էլ ժողովուրդը կպահանջի: Ես մեծ-մեծ չեմ խոսում, նորից եմ ասում, անկախ ամեն ինչից, ժողովրդի վստահությունը, հավատքը ԲՀԿ-ն Ծառուկյանի գլխավորությամբ պահելու է, պահպանի: Անկախ նրանից, թե ինչքան ձայն կհավաքենք, ես ժողովրդին սիրում եմ, հավատում եմ, ինչ էլ արել եմ, ուշադրություն եմ դարձրել, քիչ եմ արել»: Նշենք, որ մինչ Գ. Ծառուկյանի երեկվա այդ հայտարարությունը, ԲՀԿ-ական, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին տարածել է հետեւյալ հայտարարությունը. «Մենք արդեն ընտրարշավի կես ճանապարհին ենք, եւ արդեն բավական հստակ է, թե որ քաղաքական ուժը ինչ է առաջարկում եւ ինչպիսի այլընտրանքներ կան ձեր առաջ: Հենվելով այդ առաջարկների վրա` այդ քաղաքական ուժերին ես կբաժանեի հիմնականում երկու խմբի: Մի խումբը, մեծ հաշվով, ասում է, որ երկրում ամեն ինչ նորմալ է, անցած հինգ տարիներին առաջընթաց է արձանագրվել, եւ, որ երկիրը զարգացման ճիշտ ճանապարհի վրա է: Այս խումբը, նույնիսկ, եթե խոսում է ինչ-որ թերություններից, բարեփոխումներից, նոր ծրագրերից, տողատակում մեզ հասկացնում է, որ ստատուս-քվոն լավն է, եւ դա պետք է պահել: Մյուս խումբը կազմված է այն քաղաքական ուժերից, որոնք համարում են, որ մեր այս կյանքն ու հեռանկարն անընդունելի են, երկրի վիճակը ծանր է, նախկին հինգ տարիների քաղաքականությունը արդյունավետ չէր, եւ երկրին անհրաժեշտ են լուրջ քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատկանում է այս խմբին եւ իրոք գտնում է, որ երկրի այսօրվա սոցիալ-տնտեսական վիճակը հեռու է բավարար լինելուց եւ շատ հեռու` նրանից, ինչին մեր ժողովուրդն արժանի է: Մեզ անհապաղ անհրաժեշտ են քաղաքական եւ տնտեսական փոփոխություններ, որպեսզի դուք սկսեք տեսնել բարեկեցիկ եւ ապահով կյանքի հնարավորությունը»: Իսկ քարոզարշավի շրջանակներում երեկ Գ. Ծառուկյանը այցելել է Արարատի մարզ` եղել է Արարատ, Վեդի, Արտաշատ ու Մասիս քաղաքներում: «Այսօր արտագաղթը, անգործությունը, աղքատությունը պետք է վերջ ունենա, որովհետեւ վիճակը վատ կլինի, եւ դա հիմնական խնդիրն է մեր երկրի առջեւ ծառացած,- Արարատում հայտարարել է նա` ավելացնելով,- Անկախ ամեն ինչից` դուք գնացեք ընտրության, ընտրեք` ում հավատում եք, ձեր սիրտը ում կթելադրի, ոչ մեկի պարտադրանքին մի հավատացեք, նրանք ձեր տները չեն պահելու, նրանք ձեզ եսիմինչեր չեն անելու, նրանք իրենց մասին են մտածում: Մենք տեր ենք կանգնելու ձայների համար, մեր թիմի համար: Իմ թիմակցի մազը ծռվեց, իմ մազն է ծռվելու: Ով խնդիր ունի, կարող է իմ հետ այդ հարցերը կարգավորել, որովհետեւ մենք վատ բան չենք անում: Իրոք ծանր է, դժվար է: Ծառուկյանը այն քաղաքական գործիչներից չէ, որ քաղաքականությունից դուրս գա` կկորի: Ծառուկյանը դուրս գա, ավելի հանգիստ կապրի, բայց մնում է, որ ձեր վստահությունը, հավատքը, հույսը իրականություն դարձնի, որ ձեր դեմքերի ժպիտն ու փայլը, հավատքը երբեք չկորի»: Ծառուկյանը չի մասնավորեցրել, թե ում նկատի ունի` «նրանք» ասելով, «պարտադրանքի» համատեքստում նրանք դառնում են ՀՀԿ-ականները:
Ի դեպ, երեկ Ծառուկյանն անդրադարձել է նաեւ իր կողմից զենք կրելու մասին խոսակցություններին: ««Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին փորձում են գցել ժողովրդի աչքից իր զենքի պատմությունով»,- հայտարարել է նա` չմանրամասնելով, թե հատկապես ով կամ ովքեր են փորձում իրեն գցել ժողովրդի աչքից: Նա միայն ասել է, որ փոքր «բաներից փորձում են պատմություններ սարքել»` ստվերում թողնելով հիմնական խնդիրները: «Ման են գալիս, բայց ոչ մի բան էլ չեն գտնում: Ասում են, թե Ծառուկյանի կոստյումի տակ պիստալետ ա եղել: Պիստալետից ես չեմ հրաժարվում, բայց իմ խնդիրը ժողովրդի հետ չի: Ես ձեր ցավը տանեմ, ես ձեզ սիրում եմ, դուք գիտեք իմ վերաբերմունքը, ու, որ տեսնում եմ էս վստահությունը…»,- ասել է Ծառուկյանը: