Երբ նախկին ու ներկա իշխանությունները տարիներ շարունակ խոսում էին ու շարունակում են խոսել տնտեսական աճի կամ այլ ցուցանիշների մասին, շատերը (այդ թվում` նաեւ մեր թերթը) հիշեցնում էին, որ ՀՆԱ-ի աճ դեռ չի նշանակում` զարգացում։
Գրում էինք, որ տնտեսությունը (համախառն ներքին արդյունքը) կարող է աճել` թեկուզ երկնիշ թվով, սակայն երկիրը այդ նույն ընթացքում կարող է ետընթաց ապրել։ Գրում էինք, որ երբ տնտեսական աճը չի հանգեցնում ողջ բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, ապա դա ինքնանպատակ աճ է, այն զարգացում չէ, եւ դրանով չի կարելի ոգեւորվել։ Գրում էինք, սակայն… իշխանական գործիչները շարունակում էին ոգեւորվել եւ պաշտոնական վիճակագրության հերթական լավատեսական զեկույցից հետո, մեկը մյուսին հերթ չտալով, ասուլիսներ էին հրավիրում ու գլուխ գովում։
Հիմա գործող իշխանությունը՝ ի դեմս ՀՀԿ-ի, կարծես փոխել է մոտեցումը եւ համաձայնել, որ տնտեսական ինքնանպատակ աճը ոչինչ չի նշանակում։ Այդ մասին վկայում է ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը, որի «Տնտեսական քաղաքականության փոփոխությունը» բաժնում կարող եք կարդալ. «Մենք ծրագրում ենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների արտադրության եւ նոր ծառայությունների մատուցման վրա: Այդ գործընթացում պետք է ազատորեն ընդգրկվեն բոլոր կարող մարդիկ»։
Նույն միտքը դեռ ՀՀԿ համագումարի ժամանակ հայտնել էր Սերժ Սարգսյանը՝ նշելով. «Մենք կարիք ունենք տնտեսական աճի նպատակադրումներից անցնել տնտեսական զարգացման հայեցակարգին: Մեզ տնտեսական աճից բացի եւ գուցե ավելի շատ տնտեսական զարգացում է հարկավոր: Տնտեսական աճը մեր խնդիրները չի լուծի, եթե այն չի հիմնվում տնտեսության նոր ոլորտների, գործունեության նոր տեսակների, նոր ձեռնարկությունների, նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության վրա` մանավանդ, որ էքստենսիվ զարգացման հնարավորությունները գնալով սպառվում են»։
Դժվար է ասել՝ եթե չլիներ ճգնաժամը, եւ ՀՆԱ-ն շարունակեր աճել երկնիշ թվերով, ՀՀԿ-ն կհավատա՞ր տնտեսական աճի եւ զարգացման տարբերակման անհրաժեշտությանը եւ կփոխե՞ր արդյոք իր մոտեցումը։ Ինչեւէ, անկախ դրդապատճառներից, սա շեշտադրումների դրական փոփոխություն է, եթե, իհարկե, չմնա ելույթների մակարդակում։
Այդուհանդերձ, ՀՀԿ-ից երկար ժամանակ պահանջվեց ընդունելու մի բան, որը վաղուց առկա է տնտեսագիտության դասագրքերում։ Եթե համառոտ ձեւակերպենք, ապա իմաստը հետեւյալն է. տնտեսական աճը ենթադրում է տնտեսական բարիքների արտադրության ծավալների աճ։ Մինչդեռ տնտեսական զարգացումն ավելի լայն հասկացություն է. այն ենթադրում է որակական փոփոխություններ, տնտեսության կառուցվածքային վերափոխում՝ տեխնոլոգիական եւ սոցիալական առաջընթացին համահունչ, տնտեսական հարաբերությունների իրական փոփոխություն, եւ այլն։ Ընդ որում, այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, տնտեսական զարգացումը ոչ միայն ենթադրում է բարիքների ավելացում, այլ կրճատում։ Օրինակ, եթե թերթերի տպաքանակը նվազում է, ինչը, թեկուզ քիչ չափով, բայց նվազեցնում է ՀՆԱ-ն, ապա դա կարող է վկայել զարգացման մասին, քանի որ մարդիկ սկսում են ինտերնետով տեղեկատվություն ստանալ։
Կարճ ասած, տնտեսական զարգացումը, ինչպես նշել է նախագահը, մեզ ավելի շատ է հարկավոր։ Սակայն զարգացումը չափելը դժվարին, գրեթե անհնարին գործ է։ Եթե աճի դեպքում գոյություն ունի համախառն ներքին արդյունքի ցուցանիշը, ապա զարգացման դեպքում խոսքը վերաբերում է որակական փոփոխություններին, որոնց նկատմամբ գնահատականները կարող են խիստ սուբյեկտիվ լինել։ Ի դեպ, այստեղ կա մի հակասություն. որոշ տնտեսագետներ տնտեսական զարգացումը չափելու համար առաջարկում են հիմք ընդունել մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշը, քանի որ դա խոսում է ռեսուրսների արդյունավետ օգտագործման եւ բնակչության բարեկեցության միջին մակարդակի բարձրացման մասին։ Փաստորեն, այս տեսանկյունից դիտարկելու դեպքում, արտագաղթը նպաստում է տնտեսական զարգացմանը։ Եվ արտագաղթի դեմ քայլեր չձեռնարկելով՝ պետությունն ակամայից նպաստել եւ նպաստում է տնտեսական զարգացմանը։
Եթե ավելի լուրջ, ապա ՀՀԿ ծրագրի այս հատվածը, տնտեսականից բացի՝ նաեւ լուրջ քաղաքական «մեսիջ» է պարունակում։ Մեսիջ, որն ուղղված է առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանին եւ նրա թիմին։ Եթե փորձենք ժողովրդական լեզվով ներկայացնել այդ մեսիջը, ապա այն կհնչի հետեւյալ կերպ. «Հետո՞ ինչ, որ ձեր ժամանակ տնտեսությունն աճում էր երկնիշ թվերով։ Դրանից երկիրը եւ դրա քաղաքացիները չեն շահել»։ Հանրապետականները կարող են ավելացնել, որ իրենց (Սերժ Սարգսյանի) օրոք թեպետ երկնիշ աճ չի եղել, բայց վարորդները սկսել են ամրագոտիներ գցել, ավելի զգույշ վարել (տեսախցիկների շնորհիվ), ապահովագրել իրենց մեքենաները, եւ քիչ էր մնում մոռանայինք՝ բիզնեսը կարելի է գրանցել օն-լայն, 15 րոպեում։ Սա տնտեսական աճ չէ, բայց հո՞ զարգացում է։
Ընդհանուր առմամբ, նախորդ տարիների տնտեսական աճի եւ դրա իրական էֆեկտի մասին ասվածը ճիշտ է եւ համապատասխանում է իրականությանը։ Ճիշտ է նաեւ այն, որ դրանից շահել են մի խումբ մարդիկ։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այդ մի խումբ մարդկանց մի զգալի մասն այսօր Հանրապետականի թիմում է, իսկ Քոչարյանի իշխանության տարիներին նույն ոգեւորությամբ քարոզում էր տնտեսական աճի քաղաքականությունը։ Թերեւս, հենց դա է պատճառը, որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում «Հավատանք, որ փոխենք» կարգախոսին, հատկապես՝ «փոխենք»-ին։
Ամփոփելով` նշենք, որ այս մեսիջը կամ տեղ չի հասել, կամ էլ պատշաճ ուշադրության չի արժանացել, քանի որ հասարակության ուշադրությունը կենտրոնացած է նախընտրական պրոցեսի միանգամայն այլ, սկանդալային ու ինտրիգային իրադարձությունների վրա։ Սակայն դա չի նշանակում, որ այդ մեսիջի դերը պետք է թերագնահատել։ Ի դեպ, վերջերս լրատվամիջոցներից մեկը ՀՀԿ պատգամավոր Արտակ Զաքարյանին խնդրել էր մեկնաբանել այն քննադատությունները, որ ՀՀԿ նախընտրական ծրագիրը հստակ չէ, կոնկրետ թվեր ներկայացված չեն։ Ա. Զաքարյանն էլ պատասխանել էր. «ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը հո թվաբանության դասագիրք չէ՞, որ թվեր լինեն այնտեղ»: Նա, թերեւս, ճիշտ է. ՀՀԿ ծրագիրն իրոք թվաբանության գիրք չէ։ Այն ավելի շատ «շիֆրոգրամմա» է հիշեցնում, որն ուղղված է բոլորին, սակայն` ոչ ընտրողներին։