Երեկ տեղի է ունեցել ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ ուղերձ է ընդունվել` ուղղված ՀՀԿ անդամներին: ՀՀԿ-ից ստացված հաղորդագրության համաձայն, ուղերձում մասնավորապես ասված է. «Մենք ձեզ հետ միասին բավականին արդյունավետ անցանք քարոզարշավի կեսը: «Հավատանք, որ փոխենք» կարգախոսով մենք ակտիվորեն ներկայացնում ենք Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն ուղղված դրական փոփոխությունների մեր ծրագրերը: Միասին մենք շատ բան ենք փոխելու մեր երկրում: Ու փոխելու ենք նաեւ այն բացասական ավանդույթները, որոնք մեր հասարակությանը հարիր չեն: ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության 13-րդ համագումարում նշում էր. «Հավատը նաեւ մշտական սնուցում է պահանջում: Ամեն մի նոր փոփոխությունը ինքնին հավատի ամրապնդման լուրջ ներուժ ունի: Ուրեմն նաեւ փոխենք, որ հավատանք: Մեր պետության ու հասարակության մեջ կան բազմաթիվ բացասական երեւույթներ, որոնք մենք ժառանգել ենք անցյալից, եւ որոնք շարունակվում են իներցիայով: Փոխել` նշանակում է առաջին հերթին հաղթահարել այդ իներցիան եւ արմատավորել նոր ավանդույթներ: Սա վերաբերում է մեր կենսագործունեության բոլոր ասպարեզներին` սկսած փողոցային երթեւեկությունից, վերջացրած ընտրություններով: Մենք պետք է լավ ընտրություններ անցկացնենք…»: Մենք փոփոխությունները սկսում ենք ոչ թե ընտրություններից հետո, այլ հենց հիմա: Այսօր` ապրիլի 19-ին, ՀՀԿ գործադիր մարմինը հաստատեց ընտրությունների ժամանակ քաղաքակիրթ մրցակցությունն ապահովող կանոններ: Խորապես համոզված ենք, որ մեր կուսակցությունն է, որ պետք է առաջինը կատարեր այդ քայլը: Լավ գիտակցելով, որ ոչ բոլոր կուսակցությունները կմիանան դրան, մենք, միեւնույն է, գնացինք այդ քայլին եւ հավատարիմ ենք մնալու մեր որոշմանը: Հայաստանում ապրող բոլոր սերունդները` ահել թե ջահել, պատմական պարտավորություն ունեն արմատավորելու քաղաքակիրթ հանրությանը վայել ընտրական ավանդույթներ: Մենք կոչ ենք անում բոլոր հանրապետականներին մանրամասն ուսումնասիրել կանոնները եւ գործադրել դրանք ընտրական գործընթացներում: Քննարկե՛ք դրանք ձեր կուսակից ընկերների հետ, դարձրե՛ք այդ կանոնները ձեր աշխատաոճի հիմնական բաղադրիչը: Մեզանից յուրաքանչյուրը այս կանոնները պետք է դիտարկի որպես իր առաջնահերթ պարտքը թե՛ երկրի եւ թե՛ կուսակցության առջեւ: Մեր կուսակցության կողմից ներկայացված տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար այս կանոնների կարեւորության գիտակցումը առաջնահերթ է: Մենք հաստատակամ ենք ազատել մեր շարքերը նրանցից, ովքեր այս հանձնարարականը պատշաճ չեն իրականացնի: Մոտենում է ԱԺ ընտրությունների օրը: Մենք բոլորս պարտավոր ենք անել ամեն ինչ, որպեսզի մայիսի 7-ին բաց ճակատով նայենք միմյանց եւ շնորհավորենք իրար ոչ միայն ընտրությունների արդյունքների, այլեւ նոր որակի ընտրությունների կապակցությամբ»: