Չինաստանի եւ Ճապոնիայի մրցակցությունը ռուսական հեռավորարեւելյան նավթամուղի նախագծի համար

03/12/2005 Ռիչարդ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Նախաբան

Ռուսաստանի Հեռավորարեւելյան նավթամուղի նախագիծը սուր մրցակցություն է ծնել Չինաստանի եւ Ճապոնիայի միջեւ։ Երկուսի համար էլ ռուսական նավթը էներգետիկ դիվերսիֆիկացիայի եւ լրացուցիչ էներգիայի աղբյուր ձեռք բերելու հնարավորություն է։ Այս միտումներն ուղեկցվում են հավասար դինամիկ եւ լարված աշխարհաքաղաքական մրցակցությամբ եւ շոշափում են այս երկրների ազգային շահերը։

Չինաստանը վերջին ժամանակներս լրջորեն հավակնում է զբաղեցնել Ճապոնիայի տեղը՝ դառնալով նավթի ներմուծման առումով աշխարհի երկրորդ երկիրը։ Դա մեծապես պայմանավորված է սպառման ծավալների աճով եւ այդ վառելիքի լուրջ դեֆիցիտով։

Ճապոնիայի դիրքորոշումը նույնպես պայմանավորված է ներքին էներգետիկ ապահովվածության ցածր մակարդակով։ Սրա հետ մեկտեղ, Չինաստանի հետ հարաբերությունները գնալով վատանում են, իսկ Ռուսաստանի հետ՝ դեռ չեն բարելավվում։

Ռուսաստանը աշխարհի երկրորդ նավթարտադրողն է, թեեւ, մյուս կողմից, այս երկրի կախվածությունը նավթային եկամուտներից չափազանց բարձր է։

Ռուսաստանի հիմնական գործընկերը դառնալու համար ծավալված ճապոնա-չինական մրցակցությունը կրում է ոչ թե զուտ կոմերցիոն (առեւտրային) բնույթ, այլ գործ ունենք շատ ավելի բարդ իրավիճակի հետ։ Սովորական տնտեսական հիմնավորումները՝ առեւտրային մրցակցության կանոններով, այս դեպքին չեն վերաբերում։ Աշխարհաքաղաքական գործոններն այստեղ ավելի կարեւոր են, եւ նավթամուղի ծախսերի, երկարության եւ տարողունակության որոշմանը երկրորդական նշանակություն է տրվում։

Ճապոնական ուղու ընտրությունը (Անգարսկից` Նախոդկա) մոտ երկու անգամ կմեծացնի նավթամուղի կառուցման ծախսերը եւ կունենա 3700կմ երկարություն։

Տոկիոյի համար Անգարսկ-Նախոդկա նավթամուղը կարեւոր է ռազմավարական երկու կարեւոր պատճառներով։ Առաջինը` այն հնարավորություն կտա 10-15 տոկոսով նվազեցնել կախվածությունը պայթյունավտանգ Միջին Արեւելյան աղբյուրներից։

Երկրորդ` նավթամուղը հնարավորություն կտա սերտացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ եւ ուժեղացնել այդ երկրում իր տնտեսական եւ քաղաքական ներկայությունը, մի բան, ինչը ներկայումս շատ հաջող անում է Չինաստանը, ի վնաս Ճապոնիայի։

Սակայն նավթամուղի հարցում հիմնական խոչընդոտը կրում է ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական բնույթ։ Իսկ հիմնական պատճառը Կուրիլյան կղզիների խնդիրն է։ Այն ոչ թե անցյալի ու ներկայի, այլ նաեւ` ապագայի խնդիր է, քանի որ մինչ այժմ վերջնական լուծում չի ստացել եւ լուրջ արգելք է Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու համար։

Չինական ուղին՝ Անգարսկից մինչեւ Չինաստանի Դաչինգ շրջան, շատ ավելի կարճ է (2400կմ), եւ ծախսերն էլ զգալիորեն փոքր են։ Սակայն, այս առումով, ռուս-չինական ինտեգրացիան նշանակում է չինական տնտեսական տարածության ընդլայնում։

Այս միտումը մեծացնում է Ռուսաստանի վախն այն տեսանկյունից, որ Չինաստանը սրանով կարող է ներթափանցել Հեռավոր Արեւելք։ Այդ անհանգստությունը հիմնավոր է, մանավանդ եթե հաշվի առնենք Ռուսաստանի ազգագրական խոցելիությունը եւ տարածաշրջանի ենթակառուցվածքների թույլ զարգացածությունը։

Չինաստանի հնարավորությունները

Չինաստանի համար գլխավոր խոչընդոտը Ռուսաստանի տրամադրության ոչ հաստատուն բնույթն է եւ վերջնական որոշման ընդունումը հետաձգելու միտումը։ Էներգետիկ գլոբալ շուկայի պայմաններում սա ունի ավելի շատ քաղաքական, քան գործնական հիմնավորում։ Ակնհայտ է, որ Մոսկվան ցանկանում է շարունակել նախագծի հետաձգման ռազմավարությունը՝ մինչեւ վերջնական գործընկերոջը որոշելը։ Սակայն Ռուսաստանի համար այսպիսի դիրքորոշումը կարող է վտանգավոր լինել, քանի որ իր վիճակը գերագնահատելու դեպքում այս երկիրը կարող է վնասներ կրել։ Չինական ուղու ընտրության հարցում ամենահետաքրքիր գործոնը աշխարհաքաղաքական իրադարձությունների ներկա դինամիկան է։ Եվրասիայի աշխարհաքաղաքական վիճակը, եւ մասնավորապես այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը կարելի է արդեն դիտարկել որպես Կենտրոնական Ասիայում առկա ուժ, կարող է որոշիչ դեր խաղալ ռուս-չինական համագործակցության կայացման հարցում։

Սակայն, մյուս կողմից էլ, ռազմավարական շահերի համընկնումը կարող է գործել Չինաստանի դեմ, քանի որ ռուսները կարող են ձգտել հասնել առավելագույնին, մեծացնել իրենց էներգետիկ ազդեցությունը եւ միաժամանակ ստիպել Չինաստանին՝ ԱՄՆ ներկայությանը հակազդելու դիմաց զոհաբերել էներգետիկ համաձայնությունը։

Ավելի լիարժեք գնահատական տալու համար հարկավոր է խորությամբ ուսումնասիրել Չինաստանի, Ճապոնիայի եւ Ռուսաստանի շահերի բնույթը։

Չինաստանի էներգետիկ հրամայականը

Չինաստանի էներգետիկ ռազմավարության ուսումնասիրությունները մեծ մասամբ բաց են թողնում մի հիմնարար կետ։ Այս երկրի էներգետիկ համակարգն իրականում շատ թույլ է եւ լուրջ անհանգստություն է ծնում։ Այս թուլությունը հիմնականում արտահայտվում է էներգիայի աղբյուրների կենտրոնների եւ էներգիայի սպառման կենտրոնների մեծ անհավասարակշռվածությամբ, ինչպես նաեւ` էներգիայի արտաքին աղբյուրների մուտք ունենալու առումով՝ Չինաստանի խոցելիությամբ։ Սրանով էլ պայմանավորված են Չինաստանի էներգետիկ ռազմավարության գլխավոր երկու պահանջները՝ էներգիայի ներմուծման ավելի մեծ աղբյուրներ եւ հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակակից ենթակառուցվածքներ։

Էներգետիկ պահանջարկը բավարարելու հարցում կա եւս մի կարեւոր ասպեկտ՝ քաղաքական գործոնը։ Տնտեսական աճը Չինաստանի քաղաքական կայունությունը եւ իշխող ռեժիմի դիրքերն ամուր պահելու համար շատ կարեւոր խնդիր է։ Էներգիայի մատակարարման եւ տնտեսական աճին ուղղված ցանկացած վտանգ վտանգ է ներկայացնում նաեւ չինական պետության համար։ Այսինքն, էներգետիկ ռազմավարության հարցում քաղաքական գործոնը տնտեսական աճից պակաս կարեւոր չէ։ Չինաստանի էներգետիկ քաղաքականությունն ընթանում է մի հետագծով, որի վրա ազդում են երկու կարեւոր գործոններ։ Առաջինն այն է, որ էներգետիկ ռազմավարությունն այլեւս դուրս է եկել զուտ տարածաշրջանային մոտեցումների շրջանակից։ Էներգետիկ աղբյուրների ընտրության հարցում աշխարհագրական սահմանները եւ գաղափարական արգելքներն այլեւս չեն կարող մեծ դերակատարում ունենալ։ Էներգետիկ պահանջարկի մեծացման առումով Չինաստանը կարող է գործել երեք մակարդակներում։ Առաջինը` դա ԱՄՆ-ի թույլ ազդեցությամբ աչքի ընկնող երկրներն են (օրինակ, Հարավային Ամերիկայի երկրները)։ Երկրորդ մակարդակը` դա էներգիայի աղբյուրներով հարուստ այն երկրներն են, որոնք կազմում են, այսպես կոչված, «չարիքի առանցքը»։ Դրանց թվում են Իրանը, Սուդանը եւ Անգոլան, որոնք փակ են Արեւմուտքի էներգետիկ ընկերությունների համար։ Ըստ էության, Չինաստանի համար նրանք կարող են դառնալ էներգետիկ գործընկերներ։ Երրորդ մակարդակը` դա նախորդ երկուսի համակցումն է՝ ավելացրած Վենեսուելան, որտեղ Չինաստանին շատ ջերմ են ընդունում։

Երկրորդ վճռորոշ գործոնը` դա ԱՄՆ-ի հետ հնարավոր առճակատումն է։ Ընդ որում, պոտենցիալ հակամարտությունը կկրի ոչ թե ուղղակի կոնֆլիկտի բնույթ, այլ կարտահայտվի երկրորդային շուկաներում եւ մատակարարների հարցում ծավալվող մրցակցությամբ։ Հակամարտության թատերաբեմ կարող են դառնալ այն տարածքները, որտեղ ներկայումս ԱՄՆ ազդեցությունը թույլ է կամ բացակայում է։ Սակայն Չինաստանի համար ԱՄՆ-ի հետ բացահայտ հակամարտություն հաստատելը ձեռնտու չի։ Որոշ հարցերում, մանավանդ` տարածաշրջանային անվտանգության տեսակետից, այս երկու երկրների շահերը համընկնում են (օրինակ, Հյուսիսային Կորեայի գործոնը)։ Անվտանգության ընդհանուր շահերը կարող են մեղմել ոչ ուղղակի մրցակցությունը։

Ճապոնիայի տրանսֆորմացիան

Մի շարք երկարատեւ տնտեսական դժվարություններից եւ քաղաքական ճգնաժամերից հետո այս երկիրը փոփոխություններ է ապրում։ Առաջին փոփոխությունը Ճապոնիայի միջազգային դիրքի եւ ազդեցության վերանայումն էր։ Սա արտահայտվեց դեպի Իրաք խաղաղապահ զորքեր ուղարկելով եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդում տեղ ունենալու հայտով։ Ճապոնական տրանսֆորմացիայի երկրորդ բաղադրիչը տարածաշրջանում այս երկրի դերի մեծացումն է՝ որպես ԱՄՆ-ի գլխավոր գործընկեր։ Դա կարելի է ապացուցել ԱՄՆ-ի կողմից իրականացվող հակահրթիռային պաշտպանության ծրագրի մասնակցությամբ եւ սեփական ինքնապաշտպանական ուժերի հաստատուն կատարելագործմամբ։ Եվ վերջապես, հզորացող Չինաստանի եւ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնացող վտանգն ավելի լրջորեն է սկսում ընդունվել։ Այդ վտանգին դիմակայումն ընթանում է բոլոր ասպարեզներում, եւ այս առումով ռուսական նավթամուղի հարցում հաջողության հասնելը նույնպես տեղավորվում է այս շրջանակների մեջ։

Ռուսաստանի Էներգետիկ ռազմավարությունը

Նախագահ Պուտինի իշխանության գալուց հետո վառելիքը սկսեց ավելի էական դեր խաղալ երկրի ազդեցության ուժեղացման համար։ Այսինքն, «կոպիտ ուժին» (ռազմական ուժ) փոխարինելու եկավ «փափուկ ուժը» (վառելիք)։

Ռուսաստանն այս եղանակով ձգտում է իր ազդեցությունը վերահաստատել նախկին ԽՍՀՄ երկրների տարածքում։ Դրա վառ օրինակն է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների էներգետիկ սեկտորներում Ռուսաստանի գերիշխանությունը։ Էներգետիկ ռազմավարության շնորհիվ ՌԴ-ն ձգտում է վերականգնել իր դիրքերը Ասիայում եւ վերստին ձեռք բերել աշխարհաքաղաքական իր նախկին հզորությունը։ Սակայն եթե Ասիական տարածաշրջանում ռուսները ցանկանում են էներգետիկ ռազմավարության միջոցով հաստատել իրենց ազդեցությունը, ապա Ռուսաստանը Ճապոնիայի կողմից լուրջ մարտահրավեր կամ վտանգ չի տեսնում (եթե չհաշվենք չլուծված տարածքային վեճերը)։ Որպես ավելի լուրջ մրցակցային ուժ` հանդես է գալիս Չինաստանը, եւ, չնայած Պեկինի հետ ունեցած ոչ վատ հարաբերություններին, ռուսները զգոն են Հեռավոր Արեւելքի վրա Չինաստանի ազդեցության մեծացման հարցում։

Եզրակացություն

Հեռավորարեւելյան նավթամուղի հարցը ձգձգվում է եւ դեռեւս մնում է չլուծված, այդ իսկ պատճառով, ներկա պահին իրական եզրակացություններ անել հնարավոր չէ։ Սակայն կան բաղադրիչներ, որոնց հիման վրա կարելի է դատողություններ անել։

Նախ` էներգետիկ մրցակցությունն ավելի լայն աշխարհաքաղաքական պայքարի միայն մի կոմպոնենտն է, եւ մրցակցային սուր շահերը պարունակում են լուրջ հակամարտության վերածվելու իրական վտանգ։

Երկրորդ` ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ աճող էներգետիկ մրցակցության շրջանակը կարող է էլ ավելի ընդլայնվել՝ ներառելով այն շրջանները, որտեղ ԱՄՆ-ի ազդեցությունը թույլ է կամ բացակայում է (Հարավային Ամերիկա, «չարիքի առանցը» կազմող երկրներ եւ Վենեսուելա)։ Թեեւ մյուս կողմից` Չինաստանի համար ցանկալի չէ ուղղակի հակամարտության մեջ մտնել ԱՄՆ-ի հետ։

Երրորդ` ռուս-չինական կապերը (այդ թվում` էներգետիկ) կարելի է բացատրել շահերի համընկնումով, մասնավորապես` ԱՄՆ ներկայությանը հակազդելու հարցում։ Մոսկվայի եւ Պեկինի մոտեցումները Վրաստանի, Ուկրաինայի եւ Ղրղըզստանի հեղափոխությունների նկատմամբ էականորեն տարբերվում են Վաշինգտոնի մոտեցումներից։ Մոսկվան այդ հեղափոխությունները համարում է ոչ թե որպես ժողովրդավարության հաղթանակ, այլ` օտարերկրյա ֆինանսական միջամտության արդյունք։ Իսկ Պեկինի համար սա նշանակում է Չինաստանի տնտեսական եւ քաղաքական ազդեցության ընդլայնման դեմ ուղղված ամերիկյան ռազմավարություն։

Չորրորդ գնահատականը լավատեսական երանգներ է պարունակում։ Էներգետիկ ոլորտը կարեւոր է կայունության եւ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից, եւ այս առումով կարող է շահել ոչ միայն ռուս-ամերիկյան զարգացող ռազմավարական համագործակցությունը, այլ կարող են համընկնել նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ-ի շահերը։

Եվ վերջապես, էներգետիկ հարցերը կարող են նպաստել տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։ Որպես թարմ օրինակ` կարելի է նշել վեցակողմ բանակցությունները Հյուսիսային Կորեայի խնդրի շուրջ։ Շահերի այսպիսի զուգորդման պարագայում Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության հնարավորությունը շատ ավելի խոստումնալից տեսք է ստանում։ Սակայն հարց է, արդյո՞ք տարածաշրջանային անվտանգության վրա հիմնված համագործակցությունը կգոյատեւի, թե՞ այս ուժերի միջեւ կծավալվի դաժան մրցակցություն եւ կմասնատի տարածաշրջանը։