Խորհրդարանական ընտրություններից դեռ շատ առաջ էր «Սարդարապատ» շարժումը որոշել բոյկոտել ընտրությունները, քանի որ փոփոխություններ իրականացնելու այդ ճանապարհը Հայաստանում դեռեւս փակ է: Անգամ կարծիք հնչեց, որ ընտրությունների արդյունքներն արդեն գրված են եւ պահվում են իշխանությունների գզրոցում: Այլ կերպ ասած` ամեն ինչ ի սկզբանե կանխորոշված է: Այս դիրքորոշումը սկզբում թվաց խիստ վիճելի. չմասնակցելն արդեն պարտության արձանագրում է, ինչո՞ւ գոնե փորձ չանել` յուրաքանչյուր ընտրատեղամասում կռիվ չտալ ամեն ձայնի համար:
Ժամանակի ընթացքում պարզ դարձավ` ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները պայքարում են ոչ թե ամեն ձայնի համար, այլ խիստ կոնկրետ նպատակի` խորհրդարանում հնարավորինս շատ մանդատ ունենալու համար: Իսկ, քանի որ, ըստ վերոնշյալ եւ խիստ հավանական վարկածի, ընտրությունների արդյունքներն արդեն որոշված են, այն զանգվածային հրճվանքի դրսեւորումներն իշխանական կոալիցիայի կուսակցությունների ղեկավարների հանդիպումներին, ընդդիմությանը տեսնելու եկած մարդկանց նոսր շարքերը վաղուց պատրաստ այդ ցուցակի լեգալացումն է: Այս ընտրությունների ընթացքում, խոշոր հաշվով, իշխանություն-ընդդիմություն պայքար չկա: Պայքարի իմիտացիա ավելի հաջող դրսեւորում են իշխանական երեք կուսակցությունները: Քվեարկելով ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի օգտին, ընտրողները, խոշոր հաշվով, քվեարկում են ՀՀԿ-ի օգտին: Այսինքն` ընտրությունների ինտրիգը լինելու է, թե իր ներսում ինչ համամասնությամբ իշխանությունը կբաժանի մանդատները: Այս գործելաոճը հիշեցնում է երրորդ դասարանցի փոքրիկիս, ով ինքն իր հետ շախմատ է խաղում: Խաղում է, խաղում, բայց գալիս է մի պահ` զայրացած հրում է խաղատախտակը: Բացատրում է այսպես. «Հետաքրքիր չէ. ստիպված եմ եւ՛ իմ փոխարեն խաղալ, եւ՛ մրցակցիս: Մրցակցիս փոխարեն թույլ եմ խաղում եւ արագ հաղթում»: Այսպես, Հանրապետականը ստիպված է խաղալ թե՛ իր, թե՛ ԲՀԿ-ի, թե՛ ՕԵԿ-ի փոխարեն: Պրոցեսը ձանձրալի է, ոչ ոք չի ժխտում, սակայն արդյունքը միշտ նույնն է` վերջում հաղթում է ՀՀԿ-ն: Այնպիսի տպավորություն է, որ «Երեւանը` գրքի համաշխարհային մայրաքաղաք» հանդիսության շրջանակներում իշխանություններն ընթերցել են Ռաբլեի «Գարգանտյուա ու Պանտագրյուելը» ու որոշել, որ իրենց համար այս երկրում գործում են տելեմիտների աբբայության օրենքները` իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ ունի իրավունք ամուսնանալ, լինել հարուստ եւ ունենալ լիարժեք ազատություն:
Տեսակետը, թե այս ընտրությունները նախորդից քաղաքակիրթ են, թե այս խորհրդարանն ավելի ներկայացուցչական է լինելու, կարծես փոքր-ինչ չափազանցված է: Այս մասին վկայում է հենց ընդդիմադիր կուսակցությունների վերաբերմունքը միմյանց հանդեպ: Մասնավորապես` «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի մեղադրանքները միմյանց հասցեին արդեն քրոնիկ են: Ընդ որում, յուրաքանչյուրը մյուսին համարում է ական` ընդդիմության դաշտում: Իշխանության ներսում միմյանց հասցեին երկիմաստ ակնարկներ են հնչեցնում ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: ՀՀԿ-ին թույլ ձայնակցում է ՕԵԿ-ը: ՀԱԿ-ը հեռվից առինքնող ժպիտներ է ուղղում ԲՀԿ-ին… Տակավին երեկ ՀՀԿ համակիր, սակայն «Ազգային Միաբանություն» կուսակցության նախագահը ԲՀԿ համակիր իր քաղաքական ընդդիմախոսին անվանեց «սեռական փոքրամասնություն»: Վերջինս էլ նրան հիշեցրել էր, որ իրեն նույնացրել էին ժողովրդական «դհոլ» գործիքի հետ: Միմյանց նման որակումներ տալու անհարմարությունը չզգացող այս մարդիկ իշխանական կուսակցության երկու թեւի ցիցերոններն են: Եվ արդեն այսօր է ակնհայտ, որ ապագա խորհրդարանը վեր է ածվելու քաղաքական միմոսության հարթակի:
Այս ընտրություններն աննախադեպ անհաջող են եւ երկրի զարգացումը մի քանի տարով ետ են գցելու: Անհաջող են, որովհետեւ ընտրակաշառքը հասել է գրոտեսկային չափերի, եւ բոլոր կողմերը կրկնում են իրենց իսկ հին սխալները: Ընդ որում, գիտակցաբար:
Այնպես որ, խիստ արդիական է մի կողմ դնել այլեւայլություններն ու հարցնել ինքներս մեզ` պե՞տք են մեզ ընտրություններ: Բացի այն, որ ֆինանսական ոչ նպատակային ծախսեր են իրականացվում, նույն պարբերականությամբ նորոգվում են մարդկանց ցածր հակումները:
Այս գործի առաջամարտիկներն օլիգարխներն են: Նրանց համար չկա անհասանելի ոչինչ` կարող են ուղղաթիռով գնալ որսի եւ այծյամ սպանել, կարող են հայտնի հերոսի պես հավանել Փարիզի Աստվածամոր տաճարի զանգերն ու դրանք կախել իրենց ձիու պարանոցից: Օլիգարխներն իշխանության աջ ձեռքն են. նրանց է վստահված իրենց մարմիններով փակել մեծամասնականի ընտրակարգով դեպի խորհրդարան տանող նեղլիկ դուռը: Մեծահարուստ եւ հավակնոտ այս մարդիկ իրենց ֆինանսները առատաձեռնորեն ծախսում են ընտրություններից առաջ: Եվ ընտրություններից հետո Գոբսեկի հաշվենկատությամբ կոպեկ առ կոպեկ ետ ստանում: Իսկ նրանց ֆինանսական կորուստները վերականգնվում են հայտնի եղանակով` ստանում են հարկ չվճարելու արտոնություն: Թե սա ի՞նչ հարված է փոքր ու միջին բիզնեսին, թե ի՞նչ հարված է երկրի սոցիալական վիճակին, մասնագետներն ավելի ճիշտ կհաշվեն:
Գյուղերում, քաղաքներում անգործ մարդկանց համար իսկական տոնը ոչ թե Գրքի տոնն է կամ Հաղթանակի օրը: Իսկական տոնը համապետական ընտրություններն են: Հազարավոր մարդիկ կամավոր վարձվում են մարդկային ամենացածր որակներ պահանջող գործին` ընտրողներին խմբավորելու, կաշառք առաջարկելու, նախընտրական հանդիպումներին գյուղամիջում ծափ տալու, կուսակցապետերին դիմավորել-ճանապարհելու գործին: Այս մարդիկ ընտրություններից հետո դարձյալ անգործ են մնալու: Անգործությանն ավելանալու է ստորակարգ մարդու կարգավիճակով ապրելու անհարմարությունը:
Lragir.am կայքն անգամ լուր էր տպագրել, թե ՀՀԿ-ի օգտին ձայներ հավաքելու գործում ներգրավված է նաեւ բանակը: Ընդ որում, հետաքրքիր տեխնոլոգիա է առաջարկվել` զինվորները հեռախոսով պետք է նկարեն արդեն քվեարկած քվեաթերթիկը` համոզելու համար, որ քվեարկել են հենց ՀՀԿ-ի օգտին:
Ազնիվ լինենք. արժանին պետք է մատուցել նրան, ով գլխի է ընկել այսքան ներդաշնակ համադրել նորագույն տեխնոլոգիան եւ ֆեոդալական հարաբերությունները: